Օգոստոսի 14-ին ուժեղ քամիները նյութական վնասներ են պատճառել Երևան քաղաքի Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, ինչպես նաև Գեղարքունիքի ու Կոտայքի մարզերում։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ քամու հետևանքով վնասվել են շինությունների տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր և ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր, թեքվել լուսավորության սյուներ և փակվել ճանապարհներ։
Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման ու հեռացման, պոկված թիթեղների և թեքված սյուների ապամոնտաժման ու ամրացման, տարածքների սահմանազատման և այլ անհրաժեշտ աշխատանքներ։ Դեպքերի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը փոխանցվել է համապատասխան իրավասու մարմիններին։












