Գլխավոր Լրահոս

Չեչնիայի Հատուկ նշանակության ուժերի համալսարանը պարբերաբար «չինացի մասնագետների» է ընդունում

Հատուկ նշանակության ուժերի համալսարանում անցկացվող պարապմունքները

Հատուկ նշանակության ուժերի համալսարանում անցկացվող պարապմունքները

Լուսանկարը՝ Grozny-Inform-ի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Չեչնիայի Գուդերմես քաղաքում գործող Ռուսաստանի Հատուկ նշանակության ուժերի համալսարանի ավագ հրահանգիչներից մեկը լրատվամիջոցներին հայտնել է, որ համալսարան պարբերաբար այցելում են չինացի «մասնագետներ»։ Նա չի հստակեցրել այցերի բնույթը, սակայն նշել է, որ մասնագետներին հետաքրքրում է հաստատության «բացարձակ եզակի, իրական մարտական փորձը»։

Հրահանգիչ Էլբեկ Ալբաստովը օգոստոսի 14-ին պետական Grozny-Inform լրատվական գործակալությանը հայտնել է, որ չինական կողմի հետ համագործակցությունն արդեն մշտական բնույթ է ստացել։ Նա չի նշել, թե երբ են սկսվել այցերը, Չինաստանի որ ստորաբաժանումները կամ գերատեսչություններն են ներկայացուցիչներ ուղարկել Չեչնիա և քանի մարդ է վերապատրաստում անցել։

«Այո՛, մեր չինացի գործընկերները հաճախակի հյուրեր են։ Սա արդեն դարձել է կայուն և շատ լավ ավանդույթ։ Ինչ վերաբերում է նրանց տպավորություններին, առանց չափազանցության՝ նրանք պարզապես հիացած են»,- ասել է Ալբաստովը։

Նրա խոսքով՝ չինացի մասնագետները հատկապես կարևորում են ուսուցման գործնական կողմը։

«Հիմնականը, որ նրանք նշում են, և պատճառը, թե ինչու են անընդհատ վերադառնում, մեր բացարձակ եզակի, իրական մարտական փորձն է։ Նրանք ուղիղ ասում են, որ տեսությունից կամ դասագրքերից կարելի է սովորել հիմունքները, սակայն մարտավարության, գրոհային գործողությունների, անօդաչու թռչող սարքերի հետ աշխատանքի և մարտավարական բժշկության այն նրբությունները, որոնք մենք ենք փոխանցում, այսօր աշխարհի ոչ մի այլ վայրում հնարավոր չէ ստանալ»,- ասել է Ալբաստովը։

Նա նշել է, որ նման ծրագրերը կարող են նախաձեռնվել ինչպես անվտանգության համար պատասխանատու օտարերկրյա պետական կառույցների, այնպես էլ Չեչնիայի ղեկավարության կողմից։

Ալբաստովի խոսքով՝ վերջին տարիներին համալսարանի ծրագրերի նկատմամբ օտարերկրյա մասնագետների հետաքրքրությունները փոխվել են։ Եթե նախկինում հիմնական ուշադրությունը հրաձգության վրա էր, ապա այժմ ամենապահանջված ուղղությունների թվում են անօդաչու համակարգերը, մարտավարական բժշկությունը, դիպուկ հրաձգությունը, ինչպես նաև մարտավարական և հատուկ պատրաստությունը։

Նա հավելել է, որ հատկապես մեծ պահանջարկ ունեն անօդաչու համակարգերի դասընթացները, որոնք ներառում են ամեն ինչ՝ հետախուզությունից մինչև FPV դրոնների կառավարում և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերին հակազդում։

Ալբաստովը չի հստակեցրել՝ արդյոք չինացի մասնագետներն անցել են հենց այս դասընթացները։ Անհայտ է նաև՝ Գուդերմես այցելած անձինք Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի զինծառայողնե՞ր են եղել, թե՞ անվտանգության այլ կառույցների աշխատակիցներ։

Ալբաստովի խոսքով՝ օտարերկրյա քաղաքացիները Ռուսաստանի Հատուկ նշանակության ուժերի համալսարան են այցելում տարբեր ուղիներով։ Անվտանգության կառույցների աշխատակիցների վերապատրաստումից բացի՝ օտարերկրացիները կարող են անհատապես կամ թիմերով մասնակցել մարտավարական հրաձգության մրցումների, ինչպես նաև սերտիֆիկացված դասընթացներ անցնել դիպուկ հրաձգության, մարտավարական բժշկության և պարաշյուտային պատրաստության ոլորտներում։

Առաջիկայում Գուդերմեսում նախատեսվում է անվտանգության ստորաբաժանումների մարտավարական հրաձգության 13-րդ միջազգային բաց առաջնությունը։ Ալբաստովի խոսքով՝ ակնկալվում է Օմանի և Քուվեյթի թիմերի մասնակցությունը։

Ռուսաստանի Հատուկ նշանակության ուժերի համալսարանը Գուդերմեսում հիմնադրվել է 2013-ին։ Այն պատրաստում է ուժային կառույցների աշխատակիցների, մարզիկների և քաղաքացիական անձանց։ 2024-ի օգոստոսին համալսարան էր այցելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչից հետո հաստատությունը կոչվել է նրա անունով։

Վերջին տարիներին համալսարանը դարձել է նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմին մասնակցելուց առաջ ռուս զինծառայողների պատրաստման կենտրոններից մեկը։ Grozny-Inform-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանից և այլ երկրներից խմբերը Գուդերմես են ժամանում գրեթե անընդհատ։

Իր հերթին Reuters-ը մայիսին հաղորդել էր, որ 2025-ի վերջին շուրջ 200 ռուս զինծառայող վերապատրաստում է անցել Չինաստանում։ Երեք եվրոպական հետախուզական ծառայությունների տվյալների և գործակալության ուսումնասիրած փաստաթղթերի համաձայն՝ ուսուցումը ներառել է դրոնների կիրառումը, ռադիոէլեկտրոնային պայքարը, բանակային ավիացիան և մոտոհրաձգային ստորաբաժանումների մարտավարությունը։

Համաձայնագրով նախատեսվում էր նաև, որ հարյուրավոր չինացի զինծառայողներ վերապատրաստում կանցնեն Ռուսաստանի ռազմական օբյեկտներում։

Reuters-ի հաղորդմամբ՝ Չինաստանում ռուս զինծառայողների վերապատրաստման մասին համաձայնագիրը 2025-ի հուլիսին Պեկինում ստորագրել են Ռուսաստանի և Չինաստանի ռազմական պաշտոնյաները։ Գործակալության տվյալներով՝ Չինաստանում ուսուցում անցած ռուս զինծառայողներից մի քանիսը հետագայում կարող էին վերադառնալ և մասնակցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմին։

Reuters-ի փոխանցմամբ՝ Չինաստանում ռուս զինծառայողներին սովորեցրել են կառավարել FPV դրոններ և այլ անօդաչու համակարգեր, անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախներ հայտնաբերելով կիրառել ականանետեր, հակազդել դրոններին, իրականացնել ռադիոէլեկտրոնային պայքար և ականազերծման աշխատանքներ։ Գործակալության ուսումնասիրած զեկույցներից մեկում նշվում էր նաև դրոնների օպերատորների պատրաստման համար չինական սիմուլյատորների կիրառման մասին։

Չինաստանի իշխանություններն իրենց հերթին Reuters-ին հայտնել են, որ Ուկրաինայի պատերազմի հարցում պահպանում են «օբյեկտիվ և անկողմնակալ դիրքորոշում» և աջակցում խաղաղ բանակցություններին։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում