Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ռուսթավիի թիվ 6 բանտի աշխատակից Գիորգի Վարաբիովին, որը մասնակցել էր բանտարկյալ Գիորգի Դավիթաձեի խուզարկությանը դեէսկալացիայի սենյակում, մարտին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է Հատուկ քրեակատարողական ծառայությունը։ Գերատեսչությունը նշել է, որ նրա հեռանալը որևէ կերպ կապված չէ Դավիթաձեի գործի հետ։
Դավիթաձեն պնդում է, որ 2025-ի դեկտեմբերին բանտի աշխատակիցներն իրեն բռնաբարել և նվաստացրել են քրեակատարողական հիմնարկի դեէսկալացիայի սենյակում։
«Նա աշխատանքից հեռացել է սեփական որոշմամբ։ Մենք նրա հեռանալը որևէ բանի հետ չենք կարող կապել»,- հայտնել է ծառայությունը։
Իշխանությունների հրապարակած տեսագրությունից երևում է, որ միջադեպի ժամանակ Վարաբիովին միակ բանտապահն էր, որը բժշկական ձեռնոցներ էր կրում, ինչը ուշադրություն է գրավել համացանցում։
OC Media-ն մեկնաբանության համար կապվել է նաև Գիորգի Վարաբիովիի հետ։ Պատասխան ստանալու դեպքում հոդվածը կթարմացվի։
Դավիթաձեի պնդումները հրապարակային դարձան հոկտեմբերի 2-ին, երբ նա դրանց մասին խոսեց Թբիլիսիի վերաքննիչ դատարանում։
Մինչ հետաքննության պաշտոնական ավարտը Հատուկ քրեակատարողական ծառայությունը հերքել էր պնդումները և հրապարակել միջադեպի տեսագրությունը՝ հայտարարելով, որ դրանում բռնություն չի երևում։ Հանրային պաշտպան Լևան Իոսելիանին նույնպես ասել էր, որ իր գրասենյակը տեսագրությունում ֆիզիկական բռնության ապացույց չի գտել։
Հոկտեմբերի 12-ին Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ դադարեցրել է ենթադրյալ սեռական բռնության գործով հետաքննությունը՝ եզրակացնելով, որ Դավիթաձեի նկատմամբ բռնություն կամ այլ հանցավոր գործողություն չի կատարվել։ Գերատեսչության տվյալներով՝ քննության ընթացքում հարցաքննվել են տասնյակ վկաներ, ուսումնասիրվել են ժամերով տեսագրություններ և իրականացվել մի քանի փորձաքննություններ։
Դավիթաձեի ընտանիքը չի ընդունել հետաքննության եզրակացությունները։ Նրա ծնողները վարչապետ Իրակլի Կոբախիձեին մեղադրել են քննության արդյունքի վրա ազդելու մեջ, իսկ փաստաբան Սալոմե Ջանուաշվիլին հայտարարել է, որ ներպետական բոլոր իրավական ընթացակարգերը սպառելուց հետո որոշումը կբողոքարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ)։
Դավիթաձեի պնդումները հասարակական մեծ արձագանք էին առաջացրել, իսկ այլ բանտարկյալներ նրան աջակցություն էին հայտնել։ Բողոքին մասնակցած մի քանի կալանավորներ պնդել են, որ դրա համար ֆիզիկական և բանավոր բռնության են ենթարկվել։
Դավիթաձեն՝ Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախկին անդամ Ավթանդիլ Դավիթաձեի որդին, 17 տարվա ազատազրկման պատիժ է կրում Ներքին գործերի նախարարության աշխատակից Շալվա Փերաձեին դանակահարելու համար դատապարտվելուց հետո։ Նրա ընտանիքը բանտում ենթադրյալ բռնությունը կապում է Փերաձեի գործի հետ։
Տե՛ս նաև՝ Վրաստանում երեք բանտարկյալի դեմ բանտապահների վրա հարձակվելու համար մեղադրանք է առաջադրվել












