Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի Գլխավոր դատախազությունը երեք բանտարկյալի մեղադրանք է առաջադրել Ռուսթավիի թիվ 6 բանտում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու համար։
Գլխավոր դատախազությունը մեղադրանքների մասին հայտնել է հոկտեմբերի 12-ին՝ նշելով, որ միջադեպերը տեղի են ունեցել հոկտեմբերի 2-ին և 4-ին՝ Ռուսթավիի թիվ 6 բանտում։
«Արդարադատության նախարարության Գլխավոր տեսչությունը, որը հետաքննել է միջադեպերը, պարզել է, որ հոկտեմբերի 2-ին առանձնապես ծանր հանցագործության համար պատիժ կրող անձը սկզբնատառերով բանտարկյալը խցի ստուգման ժամանակ ֆիզիկական բռնություն է գործադրել բանտի տնօրենի տեղակալի նկատմամբ։
Հոկտեմբերի 4-ին ևս երկու բանտարկյալներ, ըստ քննության, զբոսանքի տարածքից վերադառնալու ժամանակ հարձակվել և ֆիզիկական բռնություն են գործադրել բանտի իրավական ռեժիմի բաժնի գլխավոր տեսուչի նկատմամբ»,- ասվում է հայտարարությունում։
Դատախազության տվյալներով՝ առաջին նշված անձը նախկինում ևս բռնություն է գործադրել քրեակատարողական հիմնարկի աշխատակցի նկատմամբ։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես ծանր հանցագործության համար պատիժ կրելու ընթացքում բանտի աշխատակցի նկատմամբ կրկնակի բռնություն գործադրելու համար։ Մյուս երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար պատիժ կրելու ընթացքում բանտի աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Մեղադրանքները նախատեսում են մինչև 12 տարվա ազատազրկում։ Դատախազությունը հայտնել է, որ դատարանին կդիմի նախնական դատական նիստ նշանակելու համար։
Միջադեպերը տեղի են ունենում այն ժամանակ, երբ բանտարկյալները բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ ի աջակցություն Դավիթաձեի, որը պնդել էր, որ Ռուսթավիի թիվ 6 բանտի դեէսկալացիայի սենյակում բանտապահներն իրեն բռնաբարել են։
Թեև հետաքննությունը սկսվել էր դեռ 2025-ի դեկտեմբերին, Դավիթաձեի պնդումները հրապարակային դարձան հոկտեմբերի 2-ին, երբ նա դրանց մասին խոսեց Թբիլիսիի վերաքննիչ դատարանում։ Մինչ հետաքննության պաշտոնական ավարտը Հատուկ քրեակատարողական ծառայությունը հերքել էր պնդումները և հրապարակել միջադեպի տեսագրությունը՝ հայտարարելով, որ դրանում բռնություն չի երևում։ Հանրային պաշտպան Լևան Իոսելիանին նույնպես ասել էր, որ իր գրասենյակը տեսագրությունում ֆիզիկական բռնության ապացույց չի գտել։
Տե՛ս նաև՝ Վրաստանը դադարեցրել է բանտարկյալի՝ բռնաբարության մասին պնդումների հետաքննությունը
Հոկտեմբերի 12-ին Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ դադարեցրել է Դավիթաձեի նկատմամբ ենթադրյալ սեռական բռնության գործով հետաքննությունը՝ եզրակացնելով, որ նրա նկատմամբ բռնություն կամ այլ հանցավոր գործողություն չի կատարվել։ Գերատեսչության տվյալներով՝ քննության ընթացքում հարցաքննվել են տասնյակ վկաներ, ուսումնասիրվել են ժամերով տեսագրություններ և իրականացվել մի քանի փորձաքննություններ։
Դավիթաձեի ընտանիքը չի ընդունում հետաքննության եզրակացությունները։ Նրա ծնողները վարչապետ Իրակլի Կոբախիձեին մեղադրել են քննության արդյունքի վրա ազդելու մեջ, իսկ փաստաբան Սալոմե Ջանուաշվիլին հայտարարել է, որ ներպետական բոլոր իրավական ընթացակարգերը սպառելուց հետո որոշումը կբողոքարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ)։
Դավիթաձեի պնդումները հասարակական մեծ արձագանք էին առաջացրել, իսկ այլ բանտարկյալներ նրան աջակցություն էին հայտնել։ Բողոքին մասնակցած մի քանի կալանավորներ պնդել են, որ դրա համար ֆիզիկական և բանավոր բռնության են ենթարկվել։












