Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է կամավոր փոխհատուցման ծրագրի մասին, որով ներքին տեղահանված ընտանիքներին պետության տրամադրած բնակարանի փոխարեն յուրաքանչյուր անդամի համար կառաջարկվի 10 հազար լարի՝ մոտ 3800 դոլար։
2025-ի դրությամբ Վրաստանում գրանցված էր ներքին տեղահանված 96 313 ընտանիք՝ ընդհանուր 300 549 մարդ։ Նրանց բնակարանային խնդրի պատճառը պատերազմներն են, որոնց հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ ստիպված եղան հեռանալ Աբխազիայի և Հարավային Օսիայի իրենց տներից։ 1992-1993-ի Աբխազիայի պատերազմից հետո տեղահանվածները բնակություն հաստատեցին Վրաստանի տարբեր շրջաններում, և նրանցից շատերը տեղավորվեցին շենքերում, որոնք մշտական բնակության համար նախատեսված չէին։
Հոկտեմբերի 12-ին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում Կոբախիձեն հայտարարեց, որ ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք նախկինում պետությունից բնակարան կամ դրան համարժեք դրամական փոխհատուցում չեն ստացել։
Կառավարությունն այս տարի ծրագրին կհատկացնի 58 միլիոն լարի՝ մոտ 22 միլիոն դոլար, իսկ հաջորդ տարիներին ֆինանսավորումը նախատեսվում է ավելացնել։ Դիմումները կքննարկվեն դրանց ներկայացման հերթականությամբ։
Այն ընտանիքները, որոնք չեն ընտրի դրամական փոխհատուցումը, կշարունակեն օգտվել կառավարության գործող բնակարանային ծրագրերից, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերի կառուցման և «Տուն գյուղում» ծրագրերից։
Կոբախիձեի խոսքով՝ 2012-ից ի վեր ավելի քան 45 հազար ներքին տեղահանված ընտանիք նոր բնակարան է ստացել։ Նա հավելել է, որ այս տարի մոտ 2000 ընտանիք պետական աջակցությամբ գյուղական բնակավայրերում տուն է գնել, իսկ ընթացող շինարարական ծրագրերի ավարտից հետո ևս 2600 ընտանիք բնակարան կստանա։
Միաժամանակ վարչապետն ընդունել է, որ բազմաթիվ տեղահանված ընտանիքներ դեռ սպասում են մշտական բնակարանի։ Կոբախիձեի գնահատմամբ՝ գործող մեխանիզմներով բնակարանային խնդրի ամբողջական լուծումը կպահանջի առնվազն ևս մեկ տասնամյակ, իսկ դրամական փոխհատուցման ծրագիրը, ըստ նրա, կարող է արագացնել վերաբնակեցման գործընթացը։
Հայտարարությունը սոցիալական ցանցերում քննադատություն է առաջացրել որոշ ներքին տեղահանվածների շրջանում, որոնք պնդում են, որ մեկ անձի համար 10 հազար լարին բավարար չէ տուն գնելու համար։
«10 հազար լարին խորհրդարանականի մոտ մեկուկես ամսվա աշխատավարձն է։ Իմ ընտանիքում երեք հոգի ենք. 30 հազար լարիով ի՞նչ պետք է անեմ»,- OC Media-ին պատմում է Աբխազիայից տեղահանված Նատո Ձինձինաձեն, որը բնակարանի է սպասում ավելի քան 30 տարի։
Ներքին տեղահանվածների հարցերով գործակալության տվյալներով՝ 2013-ից ի վեր պետական տարբեր ծրագրերով բնակարան է ստացել ավելի քան 42 հազար տեղահանված ընտանիք՝ սահմանված համապատասխանության չափանիշների հիման վրա։
Կոբախիձեն հայտարարել է նաև տարիքային կենսաթոշակների բարձրացման մասին՝ նշելով, որ կառավարությունը որոշել է մինչև 70 տարեկան կենսաթոշակառուների ամսական վճարներն ավելացնել 45 լարիով՝ մոտ 17 դոլարով, այլ ոչ թե կենսաթոշակների ինդեքսավորման մեխանիզմով նախատեսված 20 լարիով։
«Հունվարի 1-ից մինչև 70 տարեկանների ամսական կենսաթոշակը կհասնի 415 լարիի՝ մոտ 160 դոլարի՝ չհաշված բարձր լեռնային բնակավայրերում ապրողներին։ Այս բարձրացումը պետական բյուջեի ծախսերը կավելացնի 128 միլիոն լարիով՝ մոտ 48 միլիոն դոլարով»,- ասել է Կոբախիձեն։
Նա նաև նշել է, որ սոցիալական ծախսերը կազմում են պետական բյուջեի ավելի քան 33 տոկոսը։
«2026-ին տարիքային կենսաթոշակների համար հատկացվել է ավելի քան 5 միլիարդ լարի՝ մոտ 1,9 միլիարդ դոլար, իսկ կուտակային կենսաթոշակային համակարգի համաֆինանսավորման համար՝ 540 միլիոն լարի՝ մոտ 200 միլիոն դոլար։ Համեմատության համար՝ 2012-ին պետությունը կենսաթոշակների համար հատկացրել էր 1065 միլիարդ լարի՝ մոտ 410 միլիոն դոլար»,- ասել է Կոբախիձեն։
Նրա պնդմամբ՝ սոցիալական ծախսերն արդեն հասել են միջազգային ֆինանսական կառույցների առաջարկած վերին սահմանին, և դրանց հետագա ավելացումը կարող է դանդաղեցնել տնտեսական աճը, խթանել գնաճը, թուլացնել հարկաբյուջետային կայունացումը և ազդել Վրաստանի՝ միջազգային ֆինանսավորում ստանալու հնարավորությունների վրա։
Կոբախիձեն հավելել է, որ կառավարությունը կշարունակի հնարավորություններ փնտրել մինչև 70 տարեկանների կենսաթոշակները ինդեքսավորման մեխանիզմով նախատեսված չափից ավելի բարձրացնելու համար՝ միաժամանակ, իր խոսքով, պահպանելով հարկաբյուջետային կայունության սահմանները։
Տասնամյակներ շարունակվող բնակարանի սպասումը
Ներքին տեղահանվածների բնակարանային ճգնաժամը սկսվել է 1992-1993-ի Աբխազիայի պատերազմից, որի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց տները։ Շատերին տեղավորեցին նախկին դպրոցներում, գործարաններում, հյուրանոցներում, առողջարաններում և պետական այլ շենքերում, մյուսները բնակվեցին հարազատների մոտ, իսկ ոմանք ապրում էին և մինչ օրս ապրում են վարձով։ Մեծ մասը հույս ուներ, որ տեղահանությունը ժամանակավոր կլինի և շուտով կկարողանա տուն վերադառնալ։
Փոխարենը որոշ ընտանիքներ տասնամյակներ են անցկացրել կոլեկտիվ բնակության վայրերում՝ հաճախ ծանր պայմաններում և առանց հստակ պատկերացման, թե երբ են մշտական բնակարան ստանալու։
2003-ի Վարդերի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը լայնածավալ սեփականաշնորհման քաղաքականություն սկսեց, որը ներառեց նաև ներքին տեղահանվածներով բնակեցված մի շարք շենքեր։ Թբիլիսիում դրանց թվում էին «Իվերիա» հյուրանոցը՝ ներկայիս Radisson Blu Iveria-ն, «Աջարա» հյուրանոցը՝ ներկայիս Holiday Inn-ը, և «Սամշոբլո» հրատարակչության շենքը՝ ներկայիս Stamba Hotel-ը։ Այդ գործընթացն անդրադարձել է նաև Թբիլիսիի «Աբխազիա» և Բաթումիի «Մեդեա» հյուրանոցների վրա։
Շենքերը սեփականաշնորհման նախապատրաստելիս բնակիչները ճնշումների են բախվել՝ դրանք լքելու համար։ Ներքին տեղահանվածները բողոքում էին, որ առաջարկվող՝ մոտ 7000 դոլար փոխհատուցումը բավարար չէր նոր բնակարան գնելու համար։ Ոմանք դիմադրում էին՝ նշելով, որ այլ տեղ գնալու հնարավորություն չունեն։
Որոշ դեպքերում իշխանությունները բնակիչներին հեռացնելու համար ուժ էին կիրառում։ Ըստ հաղորդումների՝ այն շենքերում, որտեղ ներքին տեղահանվածները հրաժարվում էին հեռանալ, անջատել են ջուրն ու էլեկտրականությունը, իսկ որոշ վտարումների ժամանակ ներգրավվել են ոստիկաններ և հատուկջոկատայիններ։
Պետական շենքերից զանգվածային վտարումները շարունակվել են մինչև 2010-ը։ Տեղահանված ընտանիքների նկատմամբ վերաբերմունքը քննադատել են միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ Amnesty International-ը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR)։ Amnesty International-ը մտահոգություն էր հայտնել ինչպես վտարումների մեթոդների, այնպես էլ համապատասխան այլընտրանքային կացարան չապահովելու վերաբերյալ։
Ինչպես է Վրաստանը բնակարան տրամադրում ներքին տեղահանվածներին
2013-ից ներքին տեղահանվածներին բնակարանների տրամադրումը հիմնված է միավորային համակարգի վրա, որը պետք է գնահատի դիմողների կարիքներն ու որոշի նրանց առաջնահերթությունը։ Տարիների ընթացքում կառավարությունը մշտական բնակարան տրամադրելու մի քանի տարբերակ է ներդրել՝ բազմաբնակարան շենքերի կառուցում, նորակառույցներում բնակարանների գնում, գյուղական բնակավայրերում տուն գնելու աջակցություն և պետական գույքի փոխանցում տեղահանված ընտանիքներին։
Թեև այս ծրագրերով բազմաթիվ ընտանիքներ բնակարան են ստացել, հետազոտողներն ու շահերի պաշտպանության խմբերը շարունակում են մտահոգություններ հայտնել վերաբնակեցման դանդաղ տեմպերի, բնակարանների բաշխման գործընթացի թերությունների և թափանցիկության պակասի վերաբերյալ։
Որոշ հետազոտողների գնահատմամբ՝ ներկայիս տեմպերի պահպանման դեպքում վերաբնակեցման գործընթացն ավարտելու համար կարող է պահանջվել ևս 20-30 տարի։
Տարիների ընթացքում փոխվել են նաև բնակարան ստանալու իրավունքի չափանիշները։ Ներքին տեղահանվածի կարգավիճակն ավանդաբար ծնողներից փոխանցվել է երեխաներին։ Սակայն 2022-ին խորհրդարանը որոշում ընդունեց, որով փոխվեցին տեղահանված ընտանիքներում ծնված երեխաների նկատմամբ պետության պարտավորությունները։ Նոր կարգով 2023-ից հետո ծնված երեխաներն այլևս չեն ներառվում բնակարանների բաշխման գործընթացում։
Որոշ տեղահանվածների համար մշտական բնակարանի տարիներով սպասումը հանգեցրել է հանրային բողոքների և ծայրահեղ քայլերի։
2025-ի հունվարի 27-ին Աբխազիայից տեղահանված 44-ամյա Զամիր Կվեկվեսկիրին ինքնահրկիզվեց Ներքին տեղահանվածների հարցերով գործակալության ընդունարանի մոտ՝ ի նշան բողոքի։ Մարմնի 65 տոկոսն այրվածքներ ստանալուց հետո նա փետրվարի 1-ին մահացավ հիվանդանոցում։
2022-ի հունվարին Աբխազիայից տեղահանված մեկ այլ անձ՝ Զուրաբ Կիրիան, մահացավ Թբիլիսիի ծովի մոտ գտնվող ներքին տեղահանվածների բնակելի շենքի տանիքից ցած նետվելու հետևանքով։
2023-ի նոյեմբերին Զուգդիդիում ներքին տեղահանվածները հացադուլ էին սկսել՝ բողոքելով բնակարանային պայմանների և բնակարանների, իրենց պնդմամբ, անարդար բաշխման դեմ։ Հետագայում որոշ մասնակիցներ, ի նշան բողոքի, կարել էին իրենց բերանները։












