Ալիևի ընտանիքի հետ կապվող հանգստավայրում 4-ամյա երեխա է մահացել

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Բաքվի մերձակայքում գտնվող Sea Breeze ջրաշխարհում չորսամյա տղա է մահացել․ նրա ոտքը մնացել է ջրի պոմպային մեխանիզմում։ Ըստ ամենայնի, իշխանությունները դեպքի առնչությամբ հետաքննություն չեն սկսել։ Ջրաշխարհը պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովին։
Տղան՝ Ակիֆ Աբդուլաևը, մահացել է օգոստոսի 14-ին։
Դեպքի մասին առաջինը հայտնել է լրագրող Զուլֆիա Գուլիևան՝ հրապարակելով տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ ձեռքերով և դույլերով փորձում ջուրը հանել մանկական լողավազանից։ Մի քանի ժամ անց Գուլիևան ջնջել է տեսանյութը՝ «հասկանալի պատճառներով, քանի որ պաշտոնական հայտարարություն չի եղել»։
«Ներկայիս պայմաններում նույնիսկ դեպքի վայրի անունը տալը լրագրողից համարձակություն է պահանջում»,- ասել է նա։
Նա նաև հավելել է․ «Եթե մի քիչ խելք ունեք, գնացեք նրանց հետևից, ովքեր ճնշում են խոսքի ազատությունը»՝ նշելով, որ ինքն «այս դեպքը հանրայնացրել է և տեղեկացրել հասարակությանը»։
Թեև տեսանյութը հեռացվել է սոցիալական ցանցերից, դեպքը լայն հանրային արձագանք է առաջացրել։ Իշխանամետ լրատվամիջոցները ևս անդրադարձել են դրան՝ հաղորդելով միայն, որ դեպքը տեղի է ունեցել Նարդարանում, որտեղ գտնվում է Sea Breeze-ը, սակայն չեն նշել ջրաշխարհի անունը։
Ավելի ուշ Աղալարովը Instagram-ում ռուսերեն գրառում է հրապարակել՝ իր և իր թիմի անունից ցավակցություն հայտնելով երեխայի մահվան կապակցությամբ։
«Sea Breeze ջրաշխարհում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով երեխա է մահացել։ Նման պահին բառեր չկան, որոնք կարող են մեղմել ծնողների և հարազատների ցավը»,- ասել է Աղալարովը։
Նա հավելել է, որ ներկայում հետաքննություն է ընթանում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար, և նշել, որ քննությունը փորձում է պարզել, թե «ինչպես է երեխան մուտք գործել լողավազանի տեխնիկական հատված, որտեղ անվտանգության պատնեշների հետևում գործում են ջրի պոմպերը»։
Սակայն համացանցում տարածված կադրերում աշխատակիցները փորձում են երեխային փրկել հենց լողավազանում, ոչ թե պոմպերի տեղակայման հատվածում։
Աղալարովը հայտարարել է, որ իրենք «լիովին համագործակցում են հետաքննողների հետ», և որ «երեխաների և մեծահասակների անվտանգությունը միշտ եղել է և շարունակում է մնալ Sea Breeze-ի բացարձակ առաջնահերթությունն ու պարտավորությունը»։
«Հանգստավայրի բոլոր տարածքներն ու ենթակառուցվածքները պարբերաբար ստուգվում են Արտակարգ իրավիճակների նախարարության և համապատասխան այլ մարմինների կողմից։ Ջրաշխարհն այժմ գործում է արդեն երրորդ սեզոնը և մինչ օրս ընդունել է ավելի քան 350 հազար այցելու»,- շարունակել է նա։
Աղալարովը նաև ասել է, որ «անձամբ ընտանիքին կտրամադրի անհրաժեշտ ամբողջ աջակցությունն ու օգնությունը»։
Ըստ ամենայնի, Գլխավոր դատախազությունը դեպքի առնչությամբ հետաքննություն չի սկսել և այն չի ներառել օգոստոսի կեսերին քննվող քրեական գործերի ցանկում։
OC Media-ն մեկնաբանության համար դիմել է Գլխավոր դատախազությանը, սակայն հրապարակման պահին պատասխան չէր ստացել։











