Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ադրբեջանի բարձրագույն իսլամական հոգևորականը հերքել է պնդումները, թե երկրում դպրոցներում արգելվել է հիջաբը, թեև դպրոցական հագուստի սահմանափակումների դեմ բողոքները հասել են նաև Թուրքիայում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչություններ։
Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հոկտեմբերի 13-ին հայտարարել է, որ դպրոցական համազգեստի կանոններում հիջաբն ուղղակիորեն չի հիշատակվում, և մեղադրել է անանուն ուժերի՝ կրոնն օգտագործելով մարդկանց պետության դեմ տրամադրելու մեջ։ Վեճը բողոքի ակցիաների է հանգեցրել նաև Անկարայում և Ստամբուլում, որտեղ ցուցարարները քննադատել են Ադրբեջանի դպրոցական հագուստի կանոններն ու Իսրայելի հետ հարաբերությունները։
Փաշազադեն նաև պնդել է, որ դպրոցական հագուստի սահմանափակումների դեմ բողոքները միտումնավոր են կազմակերպվում։
Տեղական լրատվամիջոցների հետ զրույցում Փաշազադեն ասել է, որ որոշ մարդիկ կրոնն ու հոգևորը օգտագործում են քաղաքացիներին պետության դեմ տրամադրելու համար։
«Ո՞վ է նրանց դրդում նման բաներ ասել։ Մենք գիտենք։ Ադրբեջանցի ժողովուրդն էլ գիտի։ Կան մարդիկ, որոնք օգտագործում են նրանց կրոնն ու հոգևորը պետության դեմ տրամադրելու համար։ Ես վստահում եմ իմ պետությանը։ Եթե խնդիր կա […] Սա խնդիր չէ։ Ես նույնիսկ դա խնդիր չեմ համարում։ Այն կլուծվի»,- ասել է Փաշազադեն։
Փաշազադեի խոսքով՝ միասնական դպրոցական հագուստ սահմանող որոշման մեջ հիջաբի մասին հիշատակում չկա, իսկ հարցը որպես հիջաբի արգելք ներկայացնելը, նրա պնդմամբ, միտումնավոր փորձ է՝ այն ավելի սուր դարձնելու նպատակ։
«Դա անվանում են հիջաբի խնդիր։ Բայց ընդունված որոշման մեջ հիջաբ չի հիշատակվում, խոսքը միասնական դպրոցական հագուստի մասին է։ Նրանք դա հիջաբի խնդիր են անվանում, որպեսզի հարցն ավելի ազդեցիկ դարձնեն և ազդեն մուսուլմանների վրա»,- ասել է նա։
Փաշազադեն նաև պնդել է, որ բողոքներն արդեն դուրս են եկել զուտ կրոնական հարցերի շրջանակից և վերածվել պետության դեմ ուղղված քաղաքական արշավի։
«Մենք՝ որպես հավատացյալ մարդիկ, այսօր մեր պետության կողքին ենք։ Բոլոր հավատացյալները պետք է աջակցեն մեր պետությանն ու պետականությանը։ Այս պետությունը մեզ վստահել են նահատակներն ու նահատակների մայրերը»,- հավելել է նա։
Հոգևորականը նաև պնդել է, որ բողոքներում ներգրավվել են ծառայության ընթացքում զոհված զինծառայողների որոշ ընտանիքներ։ Նրա խոսքով՝ ինքը կարծում է, որ հարցը կլուծվի Գիտության և կրթության նախարարության միջոցով։
Բողոքի ակցիաներ Թուրքիայում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Վեճը բողոքի ակցիաների է հանգեցրել նաև Թուրքիայում։ Անկարայում Köklü Değişim շարժման անդամները հավաքվել են Ադրբեջանի դեսպանատան դիմաց՝ բողոքելով դպրոցներում հիջաբ կրելու հետ կապված սահմանափակումների դեմ։ Տարածքում մեծ թվով ոստիկաններ են տեղակայվել։
Ցուցարարները քննադատել են դպրոցական հագուստի կանոնները, իսկ ակցիաների ընթացքում հնչել են նաև Ադրբեջանի և Իսրայելի հարաբերություններին վերաբերող մեղադրանքներ։
Նմանատիպ բողոքի ակցիա էր անցկացվել նաև հոկտեմբերի 3-ին Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության դիմաց։ Այդ ժամանակ ցուցարարները ևս քննադատել էին Ադրբեջանի հարաբերություններն Իսրայելի հետ և փորձել երկու հարցերը կապել միմյանց։
Թուրքիայի հարաբերություններն Իսրայելի հետ լարված են, իսկ թուրքական հասարակության և քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչները վաղուց քննադատաբար են վերաբերվում Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ կապերին։












