Գլխավոր Լրահոս

Չեչեն կինը երեխայի խնամակալության խնդրանքով դիմել է Կադիրովի դստերը

Այշատ Կադիրովան

Այշատ Կադիրովան

Լուսանկարը՝ սոցիալական ցանցերից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Չեչեն Մադինա Մախոմաշովան դիմել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ավագ դստերը՝ Այշատ Կադիրովային՝ խնդրելով օգնել վերականգնել կապը իր դստեր՝ Խադիժայի հետ։ Այս մասին հայտնում է «Կովկասն առանց մոր» իրավապաշտպան կազմակերպությունը։

Մախոմաշովայի խոսքով՝ գրեթե երկու տարի է՝ չի կարողանում տեսնել դստերը կամ նույնիսկ հեռախոսով խոսել նրա հետ։ Նա պնդում է, որ նախկին ամուսինը՝ Կազբեկ Մեժիդովը, չի կատարում նաև դատարանի որոշումը, որով սահմանվել էր երեխայի հետ նրա հանդիպումների կարգը։

Մախոմաշովան Կադիրովային ուղղված իր դիմումը հրապարակել է Instagram-ում՝ պատմելով, որ մի քանի տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվել է։ Նրանց դուստրը ծնվելուց ի վեր ապրել է իր հետ, իսկ հայրը, Մախոմաշովայի խոսքով, երեխային հազվադեպ է տեսել և գրեթե չի մասնակցել նրա դաստիարակությանը։

Չորս տարի անց Մախոմաշովան կրկին ամուսնացել է և դստերը թողել իր մոր մոտ։ Երբ աղջիկը դարձել է վեց տարեկան, նրա նախկին ամուսինը նույնպես կրկին ամուսնացել է և սկսել պահանջել երեխայի խնամակալությունը։ Մախոմաշովան պնդում է, որ նախկին ամուսինը խաբեությամբ տարել է աղջկան՝ իբր ասելով, թե գնում են որևէ տոնակատարության, ապա նրան տուն չի վերադարձրել։

Մախոմաշովայի խոսքով՝ դատարանը սահմանել է դստեր հետ իր շփման ժամանակացույցը և Մեժիդովին պարտավորեցրել չխոչընդոտել դրան։ Սակայն իրավիճակը չի փոխվել, և Մախոմաշովան համաձայնել է, որ վեճը քննվի շարիաթական դատարանում։

Չեչնիայի մուֆթիության որոշումից հետո, ըստ որի՝ աղջիկը պետք է մնա հոր հետ, Մախոմաշովայի խոսքով՝ ինքը փաստացի զրկվել է դստեր հետ շփվելու հնարավորությունից։

Մախոմաշովան պնդում է, որ նախկին ամուսինն ու նրա ներկայիս կինը աղջկան տրամադրել են իր դեմ և թույլ չեն տալիս նույնիսկ հեռախոսով խոսել նրա հետ։

Նա խնդրել է Չեչնիայի ղեկավարի դստերը միջամտել՝ նշելով, որ բազմիցս տեսել է, թե ինչպես է Կադիրովան օգնում դժվար իրավիճակում հայտնված կանանց։

Այշատ Կադիրովային մարդիկ պարբերաբար դիմում են օգնության խնդրանքով։ 2026-ի հունիսին նրան դիմել էր Ալիա Յանգուլբաևան՝ Զարեմա Մուսաևայի դուստրը, որին իրավապաշտպանները քաղբանտարկյալ են համարում։ Յանգուլբաևան Կադիրովային խնդրել էր ազդել իր հոր՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի վրա և օգնել ազատ արձակել մորը։ Բաց նամակում Յանգուլբաևան Կադիրովային հիշեցրել էր, որ ինքն էլ և՛ դուստր է, և՛ մայր։

Մարտին Կադիրովան, ըստ ամենայնի, միջամտել էր երեխայի խնամակալության մեկ այլ գործի՝ կապված Աննա Ալադիշևայի հետ։ Հաղորդվում էր, որ նախկին ամուսնուց բաժանվելուց հետո նրան թույլատրվում էր երկու երեխաներին տեսնել ամսական ընդամենը երկու ժամ՝ նախկին ամուսնու ներկայությամբ։

Այշատ Կադիրովան 2023-ի հոկտեմբերից մինչև 2025-ի փետրվարը զբաղեցրել է Չեչնիայի կառավարության՝ սոցիալական հարցերի գծով նախագահի տեղակալի պաշտոնը՝ Ավելի ուշ նա հայտարարել է, որ կենտրոնանալու է ընտանիքի և բիզնեսի վրա։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում