Գլխավոր Լրահոս

Երեխաների թունավորման դեպքերի աճ․ ինչո՞ւ են Ավանեսյանի և Վիճակագրական կոմիտեի տվյալները տարբերվում

Երեխաների թունավորման դեպքերի աճ․ ինչո՞ւ են Ավանեսյանի և Վիճակագրական կոմիտեի տվյալները տարբերվում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օգոստոսի 12-ին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է, որ աճել են երեխաների՝ դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից թունավորման դեպքերը։ 

«Եթե 2025 թվականի առաջին վեց ամիսներին գրանցել ենք թունավորումների 256 դեպք, 2026 թվականի նույն ժամանակահատվածում արդեն գրանցվել է 464 դեպք»,– նշել է նախարարը՝ կոչ անելով երեխաներին հեռու պահել թունավոր նյութերից և դեղորայքից։ 

#CivilNetCheck-ը, համադրելով Առողջապահության նախարարության և Վիճակագրական կոմիտեի տվյալները, պարզել է, որ երկու աղբյուրները երեխաների ոչ բժշկական նշանակության նյութերից և դեղամիջոցներից, դեղորայքից և կենսաբանական նյութերից թունավորումների վերաբերյալ տարբեր թվեր են ներկայացնում (վիճակագրության մեջ մանրէային սննդային թունավորումները ներկայացված չեն)։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ երեխաների թունավորումները ևս աճել են, բայց ոչ 81,3%-ով

Ըստ Ավանեսյանի ներկայացրած վիճակագրության՝ 2026-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երեխաների թունավորման դեպքերն աճել են շուրջ 81,3%-ով կամ 208 դեպքով։

Հատկանշական է, սակայն, որ Վիճակագրական կոմիտեի տվյալները էապես տարբերվում են։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025-ի առաջին կիսամյակում մինչև 18 տարեկան երեխաների շրջանում արձանագրվել է թունավորման 475 դեպք՝ շուրջ երկու անգամ ավելի Ավանեսյանի հայտնած թվից։ 

Դրանցից 136-ը եղել են դեղամիջոցներից, դեղորայքից և կենսաբանական նյութերից թունավորման դեպքեր։ 

Էկրանապատկերը՝ Վիճակագրական կոմիտեի կայքից
Էկրանապատկերը՝ Վիճակագրական կոմիտեի կայքից

2026-ի առաջին կիսամյակում մինչև 18 տարեկանների շրջանում թունավորման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 564-ի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 89 դեպքով կամ 18,7%-ով։ 

Միաժամանակ, դեղամիջոցներից, դեղորայքից և կենսաբանական նյութերից թունավորման դեպքերը 136-ից հասել են 185-ի՝ ավելանալով 49 դեպքով կամ շուրջ 36%-ով։ 

Էկրանապատկերը՝ Վիճակագրական կոմիտեի կայքից
Էկրանապատկերը՝ Վիճակագրական կոմիտեի կայքից

Այսպիսով, Վիճակագրական կոմիտեի տվյալներով նույնպես երեխաների թունավորման դեպքերի աճ կա, սակայն աճի չափը զգալիորեն տարբերվում է նախարարի ներկայացրած ցուցանիշից։ 

Ինչո՞ւ են թվերը տարբեր  

Առողջապահության նախարարությունից #CivilNetCheck-ին պարզաբանել են, որ նախարարի կողմից ներկայացված 256 և 464 դեպքերի ցուցանիշները վերաբերում են ոչ թե հանրապետությունում մինչև 18 տարեկանների շրջանում արձանագրված բոլոր թունավորումներին, այլ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական թունաբանական բաժանմունքից օպերատիվ ընթացակարգով ստացված տեղեկատվությանը։ 

Այսինքն՝ այդ թվերում ներառված են «Մուրացան» համալիրում հոսպիտալացված անձանց թունավորման դեպքերը։ 

«Տեղեկատվությունում չի պարունակում ԱԱՊ (Առաջնային առողջապահության պահպանում ) կազմակերպություններում, շտապ օգնության կանչերի ընթացքում արձանագրված, սակայն հոսպիտալացման ոչ ենթակա դեպքերը, ինչպես նաև մարզային բժշկական կազմակերպություններում ստացիոնար բուժման ենթարկված թեթև դեպքերը»,-նշում է նախարարության պատասխանում։ 

Ինչո՞ւ են միայն «Մուրացան»-ի տվյալը օգտագործվել

Առողջապահության նախարարությունից պարզաբանել են նաև, որ հանրապետությունում երեխաների համար նախատեսված մասնագիտացված մանկական թունաբանական միակ բաժանմունքը գտնվում է Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։

Հետևաբար մարզերում արձանագրվող թեթև և միջին ծանրության թունավորումների մի մասը կարող է բուժվել տեղի բժշկական կազմակերպություններում կամ առաջնային առողջության պահպանման օղակում և չհոսպիտալացվել «Մուրացան» համալիրում։ 

Միաժամանակ, միջին և ծանր աստիճանի թունավորում ունեցող երեխաներին հանրապետության տարբեր մարզերից կարող են տեղափոխել «Մուրացան» համալիր։ Այդ պատճառով մասնագիտացված կենտրոնի տվյալները կարող են պատկերել հիմնականում այն դեպքերը, որոնք պահանջել են հոսպիտալացում և մասնագիտացված թունաբանական բուժում, այլ ոչ թե հանրապետությունում արձանագրված բոլոր դեպքերը։ 

Այսպիսով, երեխաների թունավորման դեպքերն իրոք աճել են, սակայն առողջապահության նախարարի հայտնած տվյալները վերաբերում են միայն «Մուրացան» համալիրում հաշվառված հոսպիտալացված դեպքերին։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում