Արհեստական բանականության ոլորտը համակարգող նախարարության ներքո ստեղծվելու է մասնագիտացված Արհեստական բանականության գրասենյակ, որը համակարգելու է ԱԲ ազգային քաղաքականության իրականացումը, պետական ԱԲ ծրագրերը, ստեղծվելու է առնվազն մեկ ազգային լաբորատորիա. նշված է կառավարության 2026-2031 թվականների ծրագրում, որում արհեստական բանականությանը հատկացված է առանձին բաժին։
«Կառավարությունն արհեստական բանականությունը դիտարկում է որպես տնտեսական արտադրողականության, պետական կառավարման արդյունավետության, գիտության և ազգային մրցունակության բարձրացման ընդհանուր նշանակության տեխնոլոգիա։ ԱԲ քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու Հայաստանի դիրքի ամրապնդմանը՝ որպես ԱԲ ենթակառուցվածք զարգացնող, հետազոտություն և տեխնոլոգիական լուծումներ ստեղծող, ինչպես նաև դրանք տնտեսության և հանրային կառավարման մեջ լայնորեն կիրառող պետություն՝ ձևավորելով «հաշվարկային հզորություն → տաղանդ → հետազոտություն → կիրառություն → առևտրայնացում» ամբողջական շղթա», - նշվում է ծրագրում։
Վերոնշյալ նպատակներին հասնելու համար նախատեսվում են հետևյալ գործողությունները.
1) Ոլորտը համակարգող նախարարության ներքո ստեղծվելու է մասնագիտացված Արհեստական բանականության գրասենյակ, որը համակարգելու է ԱԲ ազգային քաղաքականության իրականացումը, պետական ԱԲ ծրագրերը, հաշվարկային ռեսուրսների հասանելիության մեխանիզմները, ԱԲ էկոհամակարգի զարգացման ծրագրերը և միջազգային համագործակցությունը:
2) Ստեղծվելու է առնվազն մեկ ազգային լաբորատորիա՝ ուղղված ԱԲ ճարտարագիտության և խելացի թվային համակարգերի (AI engineering and Intelligent Digital Systems) և խոր տեխնոլոգիական համակարգերի, նախատիպավորման և ներկառուցված համակարգերի (Deep-Tech Engineering, Prototyping, and Embedded Systems) ուղղություններով R&D աշխատանքների իրականացմանը:
3) Շարունակվելու է «Արհեստական բանականության գործարանների պարտեզ» («Garden of AI Factories») հայեցակարգի իրականացումը՝ Հայաստանում ձևավորելով տարբեր նշանակության և մասշտաբի ԱԲ գործարանների, գերժամանակակից տվյալների կենտրոնների և հաշվողական ենթակառուցվածքների փոխկապակցված էկոհամակարգ: Զարգացվելու են դրանց գործունեության համար անհրաժեշտ էներգետիկ, թվային, կապի և ինժեներական ենթակառուցվածքները՝ ԱԲ հաշվարկային հզորությունների աճը համադրելով երկրի էներգետիկ համակարգի զարգացման հետ, խրախուսվելու է միջազգային և տեղական ներդրողների ներգրավումը, ինչպես նաև ապահովվելու են Հայաստանի գիտության, ստարտափների, արդյունաբերության և հանրային հատվածի համար հաշվարկային հզորությունների հասանելիության մեխանիզմներ:
4) Ձևավորվելու է հայերենի համար ժամանակակից և բաց ԱԲ ենթակառուցվածք՝ որակյալ և իրավաչափ տվյալաշարերի, խոսքի և տեքստի ճանաչման և սինթեզի, լեզվական և բազմալեզու մոդելների, թարգմանական ու այլ լեզվային գործիքների, ինչպես նաև դրանց որակը գնահատող անկախ չափորոշիչների և չափանիշների զարգացմամբ։ Պետական աջակցությամբ ստեղծված տվյալների, մոդելների և գործիքների հասանելիությունը հնարավորության սահմաններում ապահովվելու է գիտական, կրթական և ձեռնարկատիրական օգտագործման համար:
5) Խթանվելու է ԱԲ գործիքների լայն կիրառումը տնտեսությունում՝ առաջնահերթ աջակցելով այն ոլորտներին և ընկերություններին, որտեղ դրանց ներդրումը կարող է ապահովել արտադրողականության, որակի, արտահանման կամ մրցունակության էական աճ:
6) Պարբերաբար գնահատվելու է ԱԲ ազդեցությունը աշխատաշուկայի, մասնագիտությունների և պահանջվող հմտությունների վրա՝ կանխատեսելով առավել արագ փոփոխվող մասնագիտություններն ու հմտությունների պահանջարկը: Գնահատումների հիման վրա ներդրվելու են աշխատողների վերապատրաստման և վերամասնագիտացման, գործատուների համաֆինանսավորմամբ հմտությունների զարգացման, վճարովի պրակտիկայի և աշխատանքի վրա հիմնված ուսուցման ծրագրեր՝ ռեսուրսներն առաջնահերթ ուղղելով այն ոլորտներին, որտեղ ԱԲ-ն առավել էական ազդեցություն է ունենալու աշխատանքի բովանդակության և արտադրողականության վրա:
Ծրագրում նշվում է, որ ԱԲ քաղաքականության արդյունքները գնահատվելու են ինչպես Հայաստանում ստեղծված հաշվարկային ենթակառուցվածքի ծավալով և հասանելիությամբ, այնպես էլ դրա միջոցով ստեղծված տնտեսական, գիտական և հանրային արժեքով:












