Մախաչկալայի բնակչուհին Նավալնիի հիմնադրամին 6 դոլար նվիրաբերելու համար տուգանվել է 6000 դոլարով

Մախաչկալայի Լենինյան շրջանային դատարանը
Լուսանկարը՝ md-gazeta.ru-ի
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամՄախաչկալայի դատարանը տեղի բնակչուհուն, որի անունը չի հրապարակվում, 500 հազար ռուբլու (6000 դոլար) տուգանքի է նշանակել հանգուցյալ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին 500 ռուբլի (6 դոլար) փոխանցելու համար։ Նա մեղավոր է ճանաչվել ծայրահեղական գործունեության ֆինանսավորման մեղադրանքով։
Ռուսաստանի իշխանությունները կազմակերպությունը ճանաչել են ծայրահեղական և ահաբեկչական, արգելել դրա գործունեությունը և լուծարել այն։
Բացի տուգանքից՝ դատարանը որոշել է նաև բռնագանձել կնոջ փոխանցած 500 ռուբլին և այն փոխանցել պետական բյուջե։
Գործի նյութերի համաձայն՝ 2021-ի օգոստոսին կինը 500 ռուբլի է փոխանցել հիմնադրամին՝ հետևելով կազմակերպության կայքում տեղադրված հղումներին։ Քննիչներն ու դատարանը եզրակացրել են, որ նա տեղյակ է եղել, որ հիմնադրամը ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն։ Դատարանում կինը «ամբողջությամբ ընդունել է մեղքը և զղջում հայտնել»։
Դատարանի մամուլի ծառայությունը չի հրապարակել մեղադրյալի անունը։ Սակայն դատարանի տվյալների բազայի համաձայն՝ Մախաչկալայի Լենինյան շրջանային դատարանում այս հոդվածով քննված ամենավերջին գործը հարուցվել է Նազակեթ Հաջիբեկովայի դեմ։ Գործը դատարանում գրանցվել է ապրիլի 20-ին, իսկ դատավճիռը կայացվել է օգոստոսի 18-ին։
Հաջիբեկովան ներառված է Ռուսաստանի ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում։ Ցանկի համաձայն՝ նա 47 տարեկան է և ծնվել է Դաղստանի հարավարևմտյան Ռութուլի շրջանի Կալա գյուղում։
Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը 2021-ին Ռուսաստանում ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն և արգելվել։ Նույն տարվա հունիսին Մոսկվայի քաղաքային դատարանը բավարարել էր դատախազության պահանջը՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը և դրա հետ կապված կազմակերպությունները ծայրահեղական ճանաչելու վերաբերյալ։ Դրանից հետո հիմնադրամին նվիրատվությունները հիմք են դարձել ծայրահեղական գործունեության ֆինանսավորման մասին հոդվածով քրեական գործեր հարուցելու համար։
2025-ի նոյեմբերին Նալչիկի դատարանը Սիրիայից 26-ամյա կնոջ 400 հազար ռուբլու (5000 դոլար) տուգանքի էր դատապարտել FBK-ին 900 ռուբլի (11 դոլար) փոխանցելու համար։ Կինը պնդել էր, որ փոխանցումը պատահաբար է կատարել։ Նրա խոսքով՝ Թուրքիա ավիատոմսեր գնելիս հնարավոր է սեղմել է որևէ հղման վրա՝ չհասկանալով, որ գումար է փոխանցում Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին։
2025-ի ապրիլին Կրասնոդարում 36-ամյա Սերգեյ Անոսովը տուգանվել էր 600 հազար ռուբլով (7200 դոլար)։ Քննության տվյալներով՝ 2021-ի օգոստոսին ՖԲԿ-ն ծայրահեղական կազմակերպություն ճանաչվելուց հետո նա ամսական 300 ռուբլու (4 դոլար) նվիրատվություն էր սահմանել և մինչև 2022-ի հունվարը հիմնադրամին ընդհանուր առմամբ փոխանցել 2100 ռուբլի (21 դոլար)։ Անոսովը ընդունել էր մեղքը և զղջում հայտնել։
Կրասնոդարի մեկ այլ բնակիչ՝ Դմիտրի Դիբան, ավելի խիստ պատիժ էր ստացել։ 2025-ի մայիսին նա դատապարտվել էր 18 ամսվա հարկադիր աշխատանքի՝ ՖԲԿ-ին ընդհանուր 1050 ռուբլու (12 դոլար) յոթ փոխանցում կատարելու համար։ Ավելի ուշ Կրասնոդարի երկրամասային դատարանը բեկանել էր դատավճիռը և գործն ուղարկել նոր քննության։ 2026-ի մարտին, գործի վերաքննությունից հետո, Դիբան տուգանվել էր 300 հազար ռուբլով (3600 դոլար)։
2026-ի հունվարին Ստավրոպոլի երկրամասում Մախաչկալայից 48-ամյա Կոնստանտին Բերնատովը ՖԲԿ-ին նվիրատվություն կատարելու համար դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման։ Փոխանցման չափը չի հրապարակվել։ Մեղադրանքի համաձայն՝ Բերնատովը համացանցում տեղեկություն էր գտել դրամահավաքի մասին և գումար փոխանցել՝ չնայած գիտեր, որ կազմակերպությունն արգելված է։
«Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի տվյալներով՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին նվիրատվությունների համար ծայրահեղականության ֆինանսավորման մեջ մեղադրվել է առնվազն 142 մարդ, իսկ նման գործերով նոր մեղադրյալների մասին տեղեկությունները շարունակում են ի հայտ գալ։
Կազմակերպություն











