Գլխավոր Լրահոս

Ուկրաինական դրոնները հարվածել են Ադիգեայում և Դաղստանում Ozon-ի պահեստներին

Դաղստանում այրվող Ozon-ի պահեստը

Դաղստանում այրվող Ozon-ի պահեստը

Կադրը՝ տեսանյութից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ուկրաինական դրոնները օգոստոսի 24-ին հարվածել են ռուսական Ozon առցանց առևտրի հարթակին պատկանող լոգիստիկ օբյեկտներին Դաղստանում և Ադիգեայում։ Ընկերությունը հայտնել է, որ Դաղստանի իր պահեստներից մեկում մի քանի մարդ է վիրավորվել, սակայն Դաղստանի ղեկավար Ֆյոդոր Շչուկինը հերքել է տուժածների մասին տեղեկությունները։

Ozon-ի հաղորդմամբ՝ Տյուբե բնակավայրում լոգիստիկ կենտրոնը հարձակման է ենթարկվել մոտավորապես ժամը 05։00-ին։ Աշխատակիցները տարհանվել են, իսկ օբյեկտում հրդեհ է բռնկվել։ Ընկերության տվյալներով՝ մի քանի մարդ վիրավորվել և բժշկական օգնություն է ստացել, սակայն հոսպիտալացման կարիք չի եղել։ Ozon-ը չի հստակեցրել վիրավորների թիվը։

Շչուկինը հայտնել է, որ Դաղստանի հյուսիսում գտնվող Կումտորկալինսկի շրջանում պահեստային տարածքներ են այրվել, երբ դրոնների բեկորներ են ընկել օբյեկտի վրա։ Նրա պնդմամբ՝ միջադեպի հետևանքով տուժածներ չեն եղել։

Դաղստանում Ozon-ի պահեստը բացվել է 2025-ին և դարձել ընկերության կովկասյան լոգիստիկ կենտրոնների ցանցի մաս։ Պահեստային տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 130 հազար քառակուսի մետր։ Այն ներկայացվել էր որպես Հյուսիսային Կովկասում այս տեսակի ամենամեծ օբյեկտը։

Ադիգեայի ղեկավար Մուրատ Կումպիլովը հայտնել է, որ Ենեմ բնակավայրում Ozon-ի օբյեկտի վրա դրոնների հարվածից հետո հրդեհ է բռնկվել։ Աշխատակիցները տարհանվել են։ Կումպիլովի խոսքով՝ տուժածներ չեն եղել։

Ozon-ը հայտնել է, որ ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը վնասված օբյեկտներում և վերակազմավորում է լոգիստիկ երթուղիները։ Ընկերությունը նաև զգուշացրել է, որ որոշ պատվերներ կարող են չեղարկվել, եթե դրանք հնարավոր չլինի մատակարարել այլ պահեստներից։

Ozon-ի բաժնետոմսերը պահեստների վրա հարձակումների ֆոնին նվազել են 30 տոկոսով։

Նույն գիշեր հարձակման է ենթարկվել նաև Կրասնոդարում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնը։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ դրոնի բեկորներ են ընկել մասնավոր մանկական կենտրոնի վրա։ Զոհվել է երեք երեխա, առնվազն 12 մարդ վիրավորվել է, որոնցից վեցը՝ երեխաներ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի ուկրաինական 351 դրոն։ Նախարարության տվյալներով՝ դրոններ են ոչնչացվել Կրասնոդարի երկրամասի, Ռոստովի, Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի, Կալուգայի և Օրյոլի մարզերի, ինչպես նաև օկուպացված Ղրիմի և Ազովի ու Սև ծովերի ջրային տարածքների վրա։

Ozon-ի վրա հարձակումները հաջորդել են ռուսական մեկ այլ խոշոր առցանց առևտրի հարթակի՝ Wildberries-ի պահեստների վրա մի քանի շաբաթ շարունակվող հարձակումներին։ Դրանք հուլիսի 18-ից ի վեր բազմիցս դրոնների թիրախ են դարձել։

Ուկրաինան առևտրային հարթակների պահեստների վրա հարձակումները հիմնավորել է նրանով, որ դրանք օգտագործվում են ռազմական նպատակներով։ Միաժամանակ միջազգային մարդասիրական իրավունքը պահանջում է տարբերակել քաղաքացիական և ռազմական օբյեկտները։ Օբյեկտը կարող է համարվել ռազմական թիրախ, եթե իր բնույթով, տեղակայմամբ, նշանակությամբ կամ օգտագործմամբ արդյունավետ ներդրում է ունենում ռազմական գործողություններում, իսկ դրա ոչնչացումը կամ վնասազերծումը հստակ ռազմական առավելություն է տալիս։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում