Նելլի Լազարյան, #CivilNetCheck
Կառավարությունը օգոստոսի 20-ին ներկայացրեց 2026-2031 թվականների ծրագրի նախագիծը:
Նախագիծը մի շարք ոլորտներում կրկնում կամ նոր թիրախներով շարունակում է 2021-2026 թվականների ծրագրում ամրագրված ընդհանրական հանձնառությունները։
#CivilNetCheck-ը համեմատել է երկու ծրագրերը՝ առանձնացնելով այն խոստումները, որոնք նախորդ ծրագրի ժամկետում ամբողջությամբ չեն կատարվել կամ մնացել են ընթացքի մեջ և որոնց նոր տարբերակը ներառվել է նոր հնգամյա ծրագրում։
Արտաքին քաղաքականություն և անվտանգություն
Ադրբեջանի հետ սահմանազատում և տարածաշրջանային ապաշրջափակում․ Վրաստանի և Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման անհրաժեշտությունը սահմանված էր 2021-2026 թվականների կառավարության ծրագրով։ Նոր ծրագրով նույնպես հստակ խոստացվում է շարունակել Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։
Եթե նախորդ հնգամյա ծրագրում նշվում էր, թե ապաշրջափակման գործընթացը չի կարող տեղի ունենալ «Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին», նոր ծրագրով ապաշրջափակման նպատակը հստակեցվել է. «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և TRIPP նախագծի հիման վրա։
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում․ 2021-2026-ի ծրագրում նշվում էր, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը։ 2026-2031-ի ծրագրով այս հանձնառությունը կոնկրետացվում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանի բացման և առնվազն երկու արդիական անցակետի գործարկման խոստմամբ։
Տե՛ս նաև՝ Նոր կառավարության արտաքին քաղաքականության ծրագրում Ռուսաստանն այլևս «ռազմավարական դաշնակից» չէ
Սահմանների պահպանության հանձնումը սահմանապահներին․ 2021-2026 թվականների կառավարության ծրագրով նախատեսվում էր, որ պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն իրականացնում է բանակը, փուլային տարբերակով պետք է հանձնվի սահմանապահ զորքերին։ Նոր ծրագրով այս խոստումը կրկնվում է որպես «սահմանապահների կողմից պետական սահմանի պահպանության գոտիների փուլային ընդլայնում»՝ սահմանի ամբողջական պահպանությունը ստանձնելու հեռանկարով։
Նախորդ ծրագրով նախատեսվում էր ընդլայնել ռուսական սահմանապահների ներգրավվածությունը հանրապետության սահմանների պահպանությանը։ Նոր ծրագրում նշվում է. «Ներդրվելու է ԵՄ ու միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխան՝ սահմանների համալիր կառավարման համակարգ»։
Անցում արհեստավարժ բանակի․ Ռազմավարական հեռանկարում արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի աստիճանական անցման հանձնառությունը ուղղակիորեն շարունակվում է 2026-2031-ի ծրագրով։ Երկու ծրագրերում էլ շեշտվում է կանանց ներգրավվածության աճը ԶՈՒ-ում և տեղական ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը։ Առաջիկա հինգ տարում ևս արձանագրվում է Զինված ուժերի թվայնացում, ավտոմատացում և կառավարման համակարգի արդիականացում։

Կրթություն, առողջապահություն, աշխատանք
300 դպրոցների կառուցում/նորոգում, մանկապարտեզների ցանցի ընդլայնում. նախորդ ծրագրի հիմնական թիրախներից էր մինչև 2026-ը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց։ Նոր ծրագրով արդեն խոստում են «հաջորդ 300 դպրոցի» կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման մասին։
Բացի այդ, 2021-2026 թվականների ծրագիրը խոստանում էր կառուցել կամ նորոգել առնվազն 500 մանկապարտեզ և նախակրթարան։ 2026-2031-ի ծրագրով այս գործընթացը շարունակվում է ևս 100 մանկապարտեզի ու նախակրթարանի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման հանձնառությամբ։
Ըստ նախորդ ծրագրի կատարողականի՝ մինչև 2026-ի սեպտեմբեր շինարարական աշխատանքներն ավարտված կլինեն 260 դպրոցում և 429 մանկապարտեզում և նախակրթարանում, իսկ մինչև դեկտեմբեր՝ 301 դպրոցում և 500 մանկապարտեզում և նախակրթարանում:
Կամավոր ատեստավորում և վարձատրություն․ նախորդ ծրագրով ներդրվել էր ուսուցիչների մասնագիտական զարգացման և վարձատրության մեխանիզմ, որը կամավոր ատեստավորման միջոցով հնարավորություն էր տալիս ունենալ աշխատավարձի 30-50% բարձրացում։ Նոր ծրագիրն անցնում է այս բարեփոխման երկրորդ փուլին՝ կամավոր ատեստավորման առաջին փուլը հաղթահարածների համար դրույքաչափը սահմանելով 300,000 դրամ (պահպանելով 30, 40, 50% հավելավճարները)։
Նախադպրոցական հաստատությունների աշխատողների համար նույնպես երկու ծրագրերում էլ խոստացվում է զարգացնել կամավոր ատեստավորման մեխանիզմը։
Արդյունքում՝ 2025-ի դրությամբ, եթե հանրապետության շուրջ 29,600 ուսուցիչներից 9,602-ը ատեստավորված է, ապա 8,200 նախադպրոցական մանկավարժական աշխատողից նախադպրոցական տարակարգ ստացել է ընդամենը 79-ը, որոնցից 53-ը՝ 2025-ին։ Նրանք բյուջեի միջոցներից ստանում են 30-40% հավելավճար:
Առողջապահություն. առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման խոստումը երկու ծրագրերի հիմնաքարային նպատակն է։ Եթե նախորդ ծրագրով շեշտվում էր քաղաքացիների անձնական ծախսերի նվազեցումը 40%-ով, ապա նոր ծրագիրը շարունակում և հստակեցնում է այս հանձնառությունը՝ թիրախավորելով համակարգում ամբողջ բնակչության պարտադիր ներառումը։
Բժշկական հաստատությունների արդիականացում․ նախորդ ծրագրով նախատեսվում էր արդիականացնել 50 առողջապահական հաստատություն։ Նոր ծրագրով այս թիրախը շարունակվում է «ևս 50 առողջապահական կազմակերպությունների» կառուցման, վերակառուցման և վերազինման խոստմամբ։
Ըստ կատարողականի՝ 2025-ին ավարտվել են 14 առողջապահական հաստատության կառուցման/վերակառուցման և վերազինման աշխատանքները: 2025-ին մեկնարկել և ընթացքում է 40 առողջապահական հաստատության կառուցման/վերակառուցման գործընթաց:
Երկու ծրագրերում էլ առանցքային է համարվում առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի դերը, ինչպես նաև հիվանդությունների վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագրերի ընդլայնումը։
Տնտեսական զարգացում
Գյուղատնտեսական ապահովագրություն․ նախորդ ծրագրով խոստացվում էր 5 տարում ներդնել մշակաբույսերի ամբողջական ապահովագրությունը՝ սուբսիդավորելով ապահովագրավճարի 50-60%-ը։ Նոր ծրագրով նախատեսվում է պետական աջակցությամբ ընդլայնել գյուղատնտեսական ապահովագրության համակարգը՝ ներառելով նոր պրոդուկտներ և շահառուների ավելի լայն շրջանակ։
Ինտենսիվ գյուղատնտեսություն․ 2021-2026-ի ծրագիրը նպատակադրում էր յուրաքանչյուր տարի ինտենսիվ այգիներն ավելացնել 1000 հեկտարով և տեխնիկայի հավաքակազմը թարմացնել տարեկան առնվազն 500 միավորով։ Նոր ծրագրով այս թիրախները շարունակվում են ավելի մեծ ծավալներով՝ խոստանալով տարեկան 1,500 հա ինտենսիվ այգիների հիմնում և հնգամյակի կտրվածքով շուրջ 3,000 միավոր գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերում։
Ըստ 2025-ի կատարողականի՝ գործող իշխանությունն իր կառավարման 8 տարիներին հիմնել է 4,635 հա ինտենսիվ այգի։
Հողային բարեփոխումներ․ հողերի խոշորացման և չօգտագործվող հողերի կրճատման նպատակն ամբողջությամբ տեղափոխվել է նոր ծրագիր՝ ստանալով «խոշորացման բարեփոխումների» ձևակերպում։
Արտահանման խթանում և ապահովագրություն․ արտահանման ապահովագրության գործիքների ընդլայնումն ու արտահանողների համար ռիսկերի նվազեցումը նախորդ ծրագրի հիմնական կետերից էր։ Այս քաղաքականությունը շարունակվում է նոր ծրագրով՝ ուղղված հայկական ծագման ապրանքների արտահանման ծավալների կրկնապատկմանն ու ապահովագրության գործիքների կիրառմանը։

Շրջակա միջավայր
ԵՄ ստանդարտների ներդրում․ երկու ծրագրերում էլ բնապահպանական օրենսդրությունը ԵՄ չափանիշներին (CEPA շրջանակներում) համապատասխանեցնելու խոստումն անփոփոխ է և նոր ծրագրով ստացել է «ամբողջական ներդաշնակեցման» պարտավորություն անունը։
Սևանա լճի պահպանություն․ Սևանի էկոհամակարգի փրկության հանձնառությունը կրկնվում է երկու ծրագրերում էլ։ Սակայն նոր փուլում, բացի ջրի մակարդակի բարձրացումից, խոստացվում են որակական ցուցանիշներ (ջրի «լավ» որակ), 100 հեկտար ջրածածկ անտառների մաքրում և ափամերձ ապօրինի տարածքների ապամոնտաժում ու վերադարձ։
Անտառների պահպանություն և վերականգնում․ անտառածածկույթի ավելացման խոստումը նոր ծրագրում ստացել է չափելիություն (10,000 հեկտար անտառվերականգնում)։ Պահպանության խոստումը նույնպես որակապես փոխվել է՝ ներդնելով Էկոպարեկների 24/7 հսկողության նոր համակարգը։
Արարատյան դաշտի ջրերի պաշտպանություն․ ստորգետնյա ջրերի պահպանության և գերշահագործման կանխարգելման հանձնառությունը նոր ծրագրով կոնկրետացվել է տարեկան առավելագույն 926 մլն խմ ջրառի խիստ սահմանաչափով։
Ջրամբարաշինություն. նախորդ ծրագիրը նպատակադրում էր 15 ջրամբարների նախագծումն ու կառուցման սկիզբը։ Նոր ծրագիրը շարունակում է այս ուղղությունը՝ խոստանալով 10 ջրամբարների կառուցման մեկնարկ՝ 2033թ. ավարտով։
Նշենք, որ նախորդ ծրագրի կատարողականով միայն Վեդիի ջրամբարն է կառուցվել, Շարունակվել են Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների կառուցման աշխատանքները։ 5 ջրամբարի (Աստղաձորի, Ելփինի, Քասախի, Լիճքի և Արթիկի) կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, հաստատվել են։
Խմելու ջրի հասանելիություն․ Երևանում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման նպատակով ներդրումային ծրագիրը ավարտին հասցնելու նախկին խոստումը, վերափոխվել է «հանրապետության ողջ տարածքում բարելավվելու են ջրի որակը և ջրամատակարարման միջին տևողության» խոստման։
Կեղտաջրերի մաքրում և Սևանա լիճ․ Սևանա լճի ավազանում կեղտաջրերի մաքրման կայանների արդիականացման (Գավառ, Մարտունի, Վարդենիս) և լճի էկոհամակարգի պահպանության հանձնառությունն անփոփոխ կերպով կրկնվում է երկու ծրագրերում էլ։
Քաղաքաշինություն և ենթակառուցվածքներ
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք․ նախագծերը, որոնք նախորդ ծրագրով գտնվում էին «նախագծման և մեկնարկի» փուլում (Քաջարան-Ագարակ, Սիսիան-Քաջարան, Բարգուշատի և Քաջարանի թունելներ), նոր ծրագրում արդեն ձևակերպված են որպես «ավարտական փուլ» և «կառուցում»։ Արտաշատ-Սիսիան հատվածի նախագծման խոստումը կրկնվում է՝ արդեն 2 ենթահատվածներում շինարարության մեկնարկի հավելումով։

Միասնական երթուղային ցանց․ Հանրապետության բոլոր համայնքները տրանսպորտային սպասարկմամբ ապահովելու խոստումն ուղղակիորեն տեղափոխվել է նոր ծրագիր։
Իրանի և Վրաստանի հետ բարձրավոլտ գծերը․ 400 կՎ լարման օդային գծերի կառուցման խոստումը նախորդից տեղափոխվել է նոր ծրագիր։

Ժողովրդավարություն, արդարադատություն և հանրային կառավարում
Դատական համակարգի թվայնացում․ նախորդ ծրագրի «էլեկտրոնային արդարադատության ամբողջական համակարգի ներդրման» խոստումը նոր ծրագրով շարունակվում է որպես «դատական ընթացակարգերի ամբողջական թվայնացում մեկ միասնական համակարգով»։
Պայքար քրեական ենթամշակույթի դեմ․ նախորդ ծրագրի «անզիջում պայքարի» հանձնառությունը նույնությամբ տեղափոխվել է նոր ծրագիր՝ ձևակերպվելով որպես «քրեական ենթամշակույթի դեմ համակարգային և հետևողական պայքարի ուժեղացում»։
Ապօրինի գույքի բռնագանձում և հակակոռուպցիոն քաղաքականություն․ նախորդ ծրագրի հիմնական դրույթներից էր ապօրինի ծագում ունեցող գույքի պետությանը վերադարձման կառուցակարգերի զարգացումը։ Նոր ծրագիրն ապահովում է այս գործընթացի շարունակականությունը՝ թիրախավորելով ապօրինի ստացված ակտիվների վերադարձը հանրությանը՝ շուրջ 2 միլիարդ դոլար համախառն ծավալով։
Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական գործիք շարունակվում է դիտարկվել պաշտոնատար անձանց և քաղաքացիների անմիջական շփման սահմանափակումը թվային գործիքների ներդրմամբ։
Նելլի Լազարյան
CivilNetCheck











