Ardshinbank-ի սեփականատեր Arins Group-ը ձեռք է բերում վրացական TeraBank-ը և Biltmore Tbilisi հյուրանոցը

Biltmore Tbilisi հյուրանոցը
Պաշտոնական լուսանկար
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Հայաստանի խոշորագույն բանկի՝ Ardshinbank-ի սեփականատեր Arins Group-ը վրացական TeraBank-ի և Էմիրությունների թագավորական ընտանիքին պատկանող հինգաստղանի Biltmore Tbilisi հյուրանոցի ձեռքբերման համաձայնագիր է ստորագրել:
Arins Group-ի միակ սեփականատերը հայ գործարար Կարեն Սաֆարյանն է։ Biltmore Tbilisi-ն ձեռք բերելու համաձայնությունը խումբը կնքել է իր դուստր ընկերություններից մեկի՝ AGE SA-ի միջոցով։
TeraBank-ի ձեռքբերման գործարքը դեռ չի ավարտվել։ Դրա վերջնականացման համար անհրաժեշտ է Վրաստանի Ազգային բանկի հավանությունը։ Բանկը OC Media-ին հայտնում է, որ գործարքի ավարտը կարող է առնվազն երկու ամիս տևել։
Ազգային բանկի ցուցանիշների համաձայն՝ TeraBank-ը Վրաստանի վեցերորդ խոշոր բանկն է։
Ardshinbank-ը Հայաստանի խոշորագույն բանկն է՝ երկրի բանկային շուկայում ունենալով 21 տոկոս մասնաբաժին։ Այն առաջին տեղում է ակտիվների, ավանդների, կապիտալի, ֆիզիկական անձանց ավանդների, զուտ շահույթի և մասնաճյուղերի ցանցի ծավալով։
Biltmore Tbilisi-ի անմիջական սեփականատերը Dhabi Group-ն է, որի բաժնետերերի թվում են Էմիրությունների թագավորական ընտանիքի մի քանի անդամներ։ Վրաստանի բիզնես ռեգիստրի տվյալներով՝ շեյխ Նահայան Մաբարաք Ալ Նահյանին է պատկանում հոլդինգի 66 տոկոսը։
Ardshinbank-ի կայքում հրապարակված կենսագրության համաձայն՝ 2000-ականների սկզբին Սաֆարյանն ունեցել է «տասնյակ բիզնեսներ Ռուսաստանում և Հայաստանում»։ Միևնույն ժամանակ, այնտեղ նշվում է, որ 2019-ին նա վաճառել է Ռուսաստանում ունեցած ակտիվները, և դրանից հետո նրա բիզնես գործունեությունը «կենտրոնացած է բացառապես Հայաստանում՝ ֆինանսական ոլորտում»։ Նրա «նշանակալի կառուցապատման նախագծերի» թվում նշվում են նաև Երևանի Կառավարական տան և Երևանի քաղաքապետարանի շենքերի կառուցումը։
Վրացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ռոման Գոցիրիձեն քննադատում է նախատեսվող գործարքները, նա Էմիրություններին պատկանող Dubai Group-ի հեռանալը Վրաստանից «ցավալի» է անվանել։
OC Media-ի հետ զրույցում Գոցիրիձեն պնդում է, որ վաճառքը նշանակում է խոշոր օտարերկրյա ներդրողի կորուստ այն ժամանակ, երբ Վրաստանի ներդրումային գրավչության վերաբերյալ արդեն մտահոգություններ կան։
Գոցիրիձեն խոշոր օտարերկրյա ներդրողի հեռանալը մասամբ կապում է, իր բնորոշմամբ, Վրաստանի աճող միջազգային մեկուսացման և ներդրումային գրավչության նվազման հետ։
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության վերանայված տվյալների համաձայն՝ 2025-ին երկիրը ներգրավել է 1,9 միլիարդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրում, ինչը 19,3 տոկոսով ավելի է 2024-ի համեմատ։ Վերանայված ցուցանիշը նաև 12,5 տոկոսով գերազանցում է 2025-ի նախնական գնահատականը։
Ծառայությունը վերանայել է նաև 2021-ից սկսած օտարերկրյա ուղղակի ներդրումների պատմական տվյալները։ Թարմացված տվյալներում արտացոլված են նախկինում հրապարակված ցուցանիշների փոփոխությունները և դրանց պատճառները։
Թբիլիսիի կենտրոնում գտնվող հյուրանոցը բացվել է 2016-ին։ Բացման արարողությանը մասնակցել են այն ժամանակվա վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և շեյխ Նահյանը։
Biltmore Tbilisi-ի բարձրահարկ շենքը հակասական արձագանքների է արժանացել․ ոմանք պնդում էին, որ այն չի համապատասխանում Թբիլիսիի քաղաքային տեսքին։
Բնապահպան և քաղաքային ակտիվիստ Նատա Փերաձեն OC Media-ին ասում է, որ թեև շենքն ինքնին հակասական է, «արդեն երկար ժամանակ մենք չունենք քաղաքային պլանավորման համար պատասխանատու քաղաքապետ, որը կհարցներ հանրության կարծիքը»։
«Ամեն ինչ կախված էր անձնական ճաշակից և ամբարտավան մոտեցումից»,- ասում է նա։
Կազմակերպություն











