The Economist-ի՝ Նոբելյան մրցանակակիր տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հասցեին վերջերս հրապարակած քննադատությունը պարզապես ակադեմիական բանավեճ չէ և մեծապես պայմանավորված է արհեստական բանականության զարգացման քաղաքականության շուրջ տարաձայնություններով, Project Syndicate կայքում գրում է Թել Ավիվի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի Մակրոտնտեսագիտության կենտրոնի անդամ Էրան Յաշիվը։
Տես նաև՝ Ձեր քննադատությունը «տարօրինակ կերպով անհամոզիչ է»». Աճեմօղլուն՝ The Economist-ին
Յաշիվի կարծիքով՝ The Economist-ը ոչ այնքան բարեխղճորեն քննարկել է Աճեմօղլուի գիտական աշխատանքները, որքան փորձել է կասկածի տակ դնել նրա ակադեմիական հեղինակությունը։ Հանդեսը, այդ թվում՝ անանուն տնտեսագետների քննադատական գնահատականների միջոցով, անդրադարձել էր Աճեմօղլուի՝ ինստիտուտների և երկարաժամկետ տնտեսական բարեկեցության կապի վերաբերյալ հետազոտություններին, ինչպես նաև նրա ավելի զգուշավոր դիրքորոշմանը արհեստական բանականության հարցում։
Յաշիվը հիշեցնում է, որ Աճեմօղլուն երկար ժամանակ հանդես է գալիս այնպիսի ԱԲ քաղաքականության օգտին, որը կենտրոնացած է աշխատողների և մարդու կարողությունների զարգացման վրա։ MIT-ի իր գործընկերներ Դեյվիդ Օտորի և Սայմոն Ջոնսոնի հետ նա պնդում է, որ ԱԲ-ի զարգացման ուղղությունը տեխնոլոգիական անխուսափելիություն չէ, այլ քաղաքական ընտրություն։
Նրանց առաջարկները ներառում են աշխատանքի և սարքավորումների կամ ալգորիթմների հարկային վերաբերմունքի հավասարակշռում, աշխատավայրում չափազանց ներխուժող վերահսկողության սահմանափակում, աշխատողների ձայնի ուժեղացում, մարդու աշխատանքը լրացնող տեխնոլոգիաների ֆինանսավորում և պետության՝ ԱԲ ոլորտում փորձագիտական կարողությունների զարգացում։ 2026-ի առաջարկներում նրանք նաև ընդգծում են հակամենաշնորհային քաղաքականության և աշխատողների մասնագիտական գիտելիքների մտավոր սեփականության պաշտպանության անհրաժեշտությունը։
The Economist-ի մոտեցումն ավելի շատ շեշտում է ԱԲ-ի ռիսկերի կարգավորումը՝ միաժամանակ չխոչընդոտելով նորարարությունը և տեխնոլոգիայի արագ տարածումը։ Յաշիվի գնահատմամբ՝ այդ դիրքորոշումը համահունչ է նաև խոշոր տեխնոլոգիական ընկերությունների շահերին, որոնց արժեքը մեծապես կախված է ԱԲ-ի արագ ներդրումից և համեմատաբար մեղմ կարգավորումից։
Հեղինակը, սակայն, չի պնդում, որ The Economist-ը գործում է ԱԲ ընկերությունների ուղղակի թելադրանքով։ Նրա հիմնական քննադատությունն այն է, որ հանդեսը քաղաքական տարաձայնությունը վերածել է Աճեմօղլուի գիտական հեղինակության շուրջ վեճի։
Յաշիվի խոսքով՝ իրական հարցն այն չէ, թե արդյոք Աճեմօղլուի երկու տասնամյակ առաջ հրապարակած յուրաքանչյուր էմպիրիկ եզրակացություն այսօր էլ դիմանում է վերագնահատմանը։ Հիմնական բանավեճն այն է, թե ով պետք է որոշի ԱԲ-ի զարգացման ուղղությունը՝ տեխնոլոգիան ստեղծող ընկերություննե՞րը, թե՞ աշխատողներն ու հասարակությունը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենան այդ գործընթացի վրա։












