Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ադրբեջանը Ռուսաստանին կոչ է արել հետաքննել Ազգային բոլշևիկների շարժման երեք անդամների գործողությունները, որոնք Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան պատերին փակցրել էին Ադրբեջանում կալանավորված ռուսաստանցիներին ազատ արձակելու կոչով պաստառներ։ Բաքուն միջադեպն անվանել է «անընդունելի սադրանք»։
Փոքրաթիվ բողոքի ակցիայի տեսանյութը հրապարակվել է Ազգային բոլշևիկների շարժման հետ կապվող Telegram ալիքում։ Տեսանյութում ցուցարարները քննադատում են Ադրբեջանին՝ ռուսաստանցիների դեմ քրեական գործեր հարուցելու համար։
Նրանց պաստառներին գրված էր․ «Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը խոշտանգում է, [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը]՝ կոծկում», «Ռուսների արյունը ձեր ձեռքերին է» և «Ազատ արձակեք Ռուսաստանի քաղաքացիներին»։
Շարժումը հայտարարել է, որ Ադրբեջանը «հետևողականորեն հակառուսական քաղաքականություն է վարում»։
Մի քանի ժամ անց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ նշելով, որ միջադեպը կարող էր նպատակ ունենալ «արհեստականորեն լարել ադրբեջանա-ռուսական հարաբերությունները»։
Նախարարությունը բողոքի ակցիան անվանել է Ադրբեջանի դեմ «տգեղ և կողմնակալ արշավի» մաս՝ պնդելով, որ նման արշավ է իրականացվում նաև ռուսական որոշ լրատվամիջոցներում։
Օգոստոսի 19-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Ռուսաստանի երեք քաղաքացու նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ նրանց մեղադրելով իշխանությունը տապալելու կոչեր հնչեցնելու մեջ։
Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացել էին 2024-ի դեկտեմբերին Գրոզնիում խոցված Azerbaijan Airlines-ի ուղևորատար ինքնաթիռի կործանումից հետո, որի հետևանքով զոհվել էր 38 մարդ։
Դրանից հետո Ռուսաստանում ձերբակալվել էին ադրբեջանցիներ՝ մեղադրվելով դեռ 2000-ականների սկզբին կատարված հանցագործությունների մեջ։ Ադրբեջանը այդ գործողությունները որակել էր որպես էթնիկ խտրականության դրսևորում։
Ռուսաստանում ադրբեջանցիների ձերբակալություններին հաջորդել էին Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները։
Տե՛ս նաև՝ ՌԴ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են խոցված AZAL ինքնաթիռի փոխհատուցման շուրջ












