Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Լեհաստանի դեսպան Պավել Ռադոմսկիին՝ լեհական հանրային TVP World հեռուստաալիքով հեռարձակված հաղորդման պատճառով: Հաղորդման ընթացքում քննարկվել են Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող վիճակը, ինչպես նաև նախագահ Իլհամ Ալիևի իշխանությունը բնութագրվել է որպես «դինաստիա»։
«Ադրբեջանի խաղաղությունն ուղեկցվում է բռնաճնշումներով» խորագրով հատվածը հեռարձակվել է օգոստոսի 26-ին Eastern Express հաղորդման շրջանակում։ Հաղորդավար Բենջամին Լին բացահայտ քննադատել է երկրում լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության դեմ իշխանությունների ճնշումները և հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևից նրա որդուն իշխանության փոխանցումը բնութագրել որպես «ժառանգական»։
Լին մասնավորապես հիշատակել է անկախ Toplum TV-ի լրագրողների բանտարկությունը, ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, ինչպես նաև հետազոտող և OC Media-ի հեղինակ Բահրուզ Սամադովի ազատազրկումը։
Հաղորդման հյուր, թուրք հետազոտող Թյուրքան Բոզքուրթը հիմնականում անտեսել է իշխանությունների հասցեին Լիի քննադատությունը՝ փոխարենը հայտարարելով, որ «յուրաքանչյուր երկրում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ կան»։
«Չեմ կարծում, որ արդար է Ադրբեջանը համեմատել Ռուսաստանի կամ Իրանի նման երկրների հետ»,- հավելել է նա։
Պատասխանելով Ալիևների ընտանիքի կողմից իշխանության կենտրոնացման մասին հարցերին՝ Բոզքուրթը հայտարարել է, որ «գործադիր իշխանության շարունակականությունն անհրաժեշտ էր Ադրբեջանի կառուցվածքային կայունության համար»։
Երկու օր անց Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը Ռադոմսկիին կանչելու վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հաղորդմանը հնչել են «լիովին անընդունելի պնդումներ», իսկ Լին դրսևորել է «սադրիչ վարքագիծ»։
«Լեհաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող հանրային հեռարձակողով Ադրբեջանի դեմ բացասական բովանդակության տարածումը գնահատվել է որպես ոչ բարեկամական քայլ, որը հակասում է մեր երկրների միջև առկա գործընկերային հարաբերությունների ոգուն և կարող է լրջորեն վնասել երկկողմ հարաբերություններին»,- ասվում է հայտարարությունում։
Հաջորդ օրը ընդգծված իշխանամետ Caliber լրատվամիջոցը ծավալուն հոդված է հրապարակել՝ տարբեր հարցերի շուրջ քննադատելով Լեհաստանին և վարչապետ Դոնալդ Տուսկի կառավարությանը, այդ թվում՝ անձնական հարձակումներ ուղղելով Տուսկի և արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հասցեին։
«Լեհաստանի դեսպանին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն կանչելը պետք է Վարշավային մտածելու տեղիք տա․ գործընկերությունը դժվար է համատեղել երկակի չափանիշների հետ, երբ բանակցությունների սեղանի շուրջ մի բան է ասվում, իսկ պետական հեռուստատեսության էկրանից՝ մեկ այլ բան։ [Լեհաստանի նախկին նախագահ] Լեխ Կաչինսկին դա հասկանում էր։ Ժամանակն է, որ Դոնալդ Տուսկն ու Ռադոսլավ Սիկորսկին էլ նույն դասը սովորեն»,- եզրափակել է հոդվածը։












