Գլխավոր Լրահոս

Կառավարությունը քննարկում է ջրի շուկայի ձևավորման հարցը

Լուսանկարում՝ Վեդու ջրամբարը։

Լուսանկարում՝ Վեդու ջրամբարը։

Սիրանուշ Ադամյան

Հայաստանի կառավարությունը դիտարկում է ոռոգման ջրի տարբերակված սակագների կիրառումը, մասնավոր հատվածի ներգրավումը և ջրի շուկայի ձևավորման հնարավորությունը՝ որպես ջրային ոլորտի ավելի լայն վերափոխման մաս։

Այս մասին Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ասել է Հանրային հեռուստաընկերության՝ Հ1-ի հետ երեքշաբթի երեկոյան հեռարձակված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ոռոգման ջրի գործող սակագինը մեկ խորանարդ մետրի համար 11 դրամ է, մինչդեռ որոշ վայրերում ջրի մատակարարման ինքնարժեքը պոմպակայանների աշխատանքի պատճառով կարող է հասնել 250-350 դրամի։

«Մեր երկրում կան հատվածներ, որտեղ ռելիեֆից ելնելով ջուրը պոմպակայաններով մղում ենք երկաստիճան, եռաստիճան կամ քառաստիճան։ Ոռոգման ջրի սակագինն այսօր 11 դրամ է, իսկ ինքնարժեքը կարող է հասնել 250-350 դրամի»,- ասել է Ղալամքարյանը։

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականն ու տեսլականը նաև այն է, որ փորձ արվի կիրառել տարբերակված սակագներ, ներգրավել մասնավոր հատվածին և ձևավորել ջրի շուկա։ 

Ղալամքարյանը որպես հնարավոր մոդել նշել է մասնավոր ներդրողի կողմից ջրային ենթակառուցվածքների ստեղծումը։ «Օրինակ, մասնավորը մի տեղանքում, որտեղ ջրի աղբյուր կա, կարող է կառուցել ջրամբար, հիդրոէլեկտրակայան, գուցե հանգստի գոտի, հյուրանոց կամ ռեստորան, այսինքն՝ իրականացնել ներդրումային ծրագիր, իսկ կուտակված ջուրը վաճառել ֆերմերներին այլ սակագնով»,- ասել է նա։

Ղալամքարյանի խոսքով՝ ինտենսիվ այգիներ ունեցող խոշոր տնտեսություններից մի քանիսը պատրաստ են գործողից ավելի բարձր սակագին վճարել, եթե ապահովվի հուսալի ջրամատակարարում՝ անհրաժեշտ ծավալով և ճնշմամբ։

«Նրանք բաց տեքստով ասում են՝ եթե մեզ ապահովեք հուսալի, մեր ուզած ծավալով և ճնշմամբ ոռոգման ջրով, պատրաստ ենք ոչ թե 11 դրամ վճարել, այլ 31 դրամ կամ 51 դրամ»,- ասել է Ղալամքարյանը։

Նրա խոսքով՝ նման տնտեսությունների համար ոռոգման ջրի հասանելիությունն անմիջականորեն կապված է բիզնեսի կայունության հետ։

«Այդ մարդկանց բիզնեսը կախված է ոռոգման ջրի առկայությունից, և այդ բույսերի համար դա կյանքի ու մահվան հարց է»,- ասել է նա։ Ղալամքարյանը նշել է, որ գործող 11 դրամ սակագինը չի արտացոլում ջրի իրական արժեքը։

«Բնականաբար, բոլորս հասկանում ենք, որ 11 դրամը չի արտացոլում ջրի իրական արժեքը, իրական գինը»,- ասել է նա՝ հավելելով, որ կառավարությունն ամեն տարի սուբսիդավորում է ջրօգտագործողների ընկերություններին և մեծածախ ջուր մատակարարող կառույցին։

Նրա խոսքով՝ մեծածախ վաճառքի գինը ներկայում 1.01 դրամ է մեկ խորանարդ մետրի համար։

Տարբերակված սակագների և մասնավոր հատվածի ներգրավման հնարավորությունը քննարկվում է ջրային ոլորտի ավելի լայն վերափոխման շրջանակում։

Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտե 

Կառավարությունը նախատեսում է նաև Ջրային կոմիտեն վերափոխել Հողի և ջրի կոմիտեի՝ մեկ կառույցում համադրելով ջրային համակարգերի և գյուղատնտեսական հողերի կառավարման մի շարք գործառույթներ։

Ղալամքարյանի խոսքով՝ ոլորտի երկարաժամկետ նպատակներից է գյուղատնտեսությունում ավելի քիչ ջրով ավելի մեծ արդյունք ստանալը և ջրախնայող տեխնոլոգիաների կիրառումը խթանելը։

«Մենք պետք է ունենանք մեխանիզմներ, որոնք ֆերմերներին կդրդեն ավելի ջրախնայող տեխնոլոգիաներ օգտագործել՝ ինտենսիվ այգիներ, անձրևացում և այլն։ Դա թույլ կտա շատ ավելի քիչ ջրով շատ ավելի մեծ արդյունք ստեղծել»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ կառավարությունը ցանկանում է ջրային ոլորտին նայել նաև տնտեսական տեսանկյունից՝ ջրային համակարգի վերափոխումը կապելով ավելի մեծ տնտեսական արժեք ստեղծելու հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում