Միջազգային աշակերտների գնահատման PISA հետազոտության արդյունքներն անսպասելի չէին, այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Անդրադառնալով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) վերջին հետազոտությանը, որտեղ արձանագրվել են հայաստանցի 15-ամյա աշակերտների ցածր ցուցանիշները մաթեմատիկայի, բնագիտության և ընթերցանության ոլորտներում, նախարարն ընդգծել է, որ այդ տվյալները Հայաստանի համար առաջին հերթին բազային ու ելակետային արդյունքներ են՝ հանրակրթության բարեփոխումների ընթացքն ու առաջընթացը գնահատելու համար։
«PISA-n եկավ ապացուցելու, որ այն ամենը, ինչ մենք ձեռնարկել ենք կրթության ոլորտում, դրանք ճիշտ քայլեր են։ PISA-ն ասում է, որ մեր երեխաների համար կիրառականությունը խնդիր է, և ինչպե՞ս պետք է բնական գիտությունների գիտելիքը կիրառի, ի՞նչ միջավայրում, եթե մեր դպրոցները տարիներով չէին ունեցել լաբորատորիաներ, որտեղ որ, օրինակ, քիմիայի փորձեր կանեին կամ ֆիզիկայի և կկարողանային այդ տեսակ կարդացված օրինաչափությունները իրականության մեջ կիրառելու և արտացոլելու հնարավորություն ստանալ։ Մենք դրա փոխարեն նախորդ չափորոշչի շրջանակներում մեր դպրոցական ծրագիրը լցրել էինք ինչով ասես և երեխաների ժամանակը սպառում էինք ամենատարբեր բովանդակության վրա։ Բնական գիտությունների պայմանները չկային, ուսուցիչների խիստ պակաս ունեինք»,- ասել է նախարարը։
Ըստ հետազոտության՝ հայաստանցի աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, գրեթե ոչ մի սովորող չի ունեցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում, և գրեթե ոչ մի աշակերտ չի ստացել ընթերցանության մեջ 5 կամ ավելի բարձր աստիճան: Այս ցուցանիշներով Հայաստանը վերջին հորիզոնականում է տարածաշրջանում՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային։
Նախարարի փոխանցմամբ՝ 2025-ի մարտ-մայիս ամիսներին OECD-ի ընտրած 295 դպրոցներում անցկացված հետազոտությանը մասնակցել է ավելի քան 6800 աշակերտ, որոնց 88% եղել են 10-րդ դասարանցիներ։ Անդրեասյանը նշել է, որ մասնակիցները սովորել են գիտելիքակենտրոն հին չափորոշչով, իսկ նոր՝ կարողունակահեն չափորոշչով հետազոտության անցկացման պահին անցել էին ընդամենը 5-6 ամսվա ուսումնառություն։
«Այս ելակետային տվյալները ցույց են տալիս մեր հին չափորոշչի բոլոր խնդիրները։ Ինչպես գիտեք, մեր հին չափորոշիչը հիմնված էր առավելապես գիտելիքը փոխանցելու վրա, ոչ թե՝ այդ գիտելիքի կիրառականությունը սովորեցնելու»,- ասել է նախարարը։
Ըստ Անդրեասյանի ներկայացրած տվյալների՝ հին չափորոշչով սովորած աշակերտներից միայն ամեն երրորդն է կարողանում մաթեմատիկական և բնագիտական գիտելիքները կիրառել տարբեր իրավիճակներում, և միայն ամեն հինգերորդն է ձևավորել ընթերցանության այնպիսի կարողություն, որը թույլ է տալիս տեքստի շուրջ դատողություններ ու եզրահանգումներ անել։
Անդրեասյանը նշել է, որ կրթական համակարգում տարիներով ձևավորված խնդիրները լուծելու նպատակով դպրոցների 86%-ն արդեն ապահովված է բնագիտական լաբորատորիաներով, իսկ մինչև տարեվերջ դրանք կներդրվեն բոլոր դպրոցներում։ Բացի այդ, բնագիտական առարկաների ուսուցիչների համար սահմանված հավելավճարների շնորհիվ ուսուցիչների պակասը 2023 թվականի համեմատ կրճատվել է կիսով չափ՝ 1400-ից հասնելով 700-ի, ինչը ցածր է OECD երկրների միջին ցուցանիշից։
Խոսելով ուսուցչական կազմի որակավորման մասին՝ նախարարն ընդգծել է, որ այս պահին ամեն երրորդ ուսուցիչն արդեն անցել է կամավոր ատեստավորում, իսկ բարձր արդյունքներ արձանագրածների համար 200,000 դրամ դրույքաչափը կփոխարինվի 300,000 դրամով։ Նա վերահաստատել է, որ ատեստավորումը չանցած ուսուցիչները չեն կարողանա շարունակել աշխատանքը դպրոցում, միևնույն ժամանակ կառավարությունը նախատեսում է ընդունել «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենք՝ սոցիալական ու բնակարանային աջակցության ծրագրերով։
Նախարարի գնահատմամբ՝ 2018-ի համեմատ հանրակրթության ֆինանսավորումն աճել է 192 տոկոսով, իսկ նոր չափորոշչի համապարփակ ազդեցությունը տեսանելի կլինի PISA-ի 2029-ի հետազոտության ընթացքում, երբ կգնահատվեն ամբողջությամբ նոր համակարգով կրթություն ստացած աշակերտները։












