Լիա Ավագյան
Հայաստանը պետք է արագացնի էլեկտրաէներգիայի կուտակման արդյունաբերական կայանների կառուցումը՝ գազի մատակարարման հնարավոր խափանումների դեպքում էներգահամակարգի դիմադրողականությունը բարձրացնելու համար, կարծում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ էներգետիկայի գծով նախկին տեղակալ Հակոբ Վարդանյանը։
Սեպտեմբերի 11-ին՝ ուրբաթ, ՍիվիլՆեթին տված հարցազրույցում Վարդանյանն ասել է, որ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 5 գիգավատտ-ժամ կուտակման հզորություն։ Կայանները պետք է կարողանան համակարգին փոխանցել 600–800 մեգավատտ հզորություն։
Նրա հաշվարկով՝ 5 գիգավատտ-ժամ պաշարը 800 մեգավատտ թողունակությամբ մոտ վեց ժամ կբավարարի Հայաստանին։
Վարդանյանն առաջարկում է կուտակիչների կառուցման համար կիրառել պետություն-մասնավոր հատված համագործակցության մոդել։ Կառավարությունը, ըստ նրա, պետք է սահմանի տեղադրված հզորության դիմաց վճար, որը կապահովի ներդրումների վերադարձը շուկայական պայմաններում։ Վճարն առնվազն սկզբնական փուլում պետք է սուբսիդավորի կառավարությունը, որպեսզի ծախսը չդրվի տնտեսության վրա։
Նա նաև անհրաժեշտ է համարում պարզեցնել տեխնիկական պայմանների տրամադրումը և թույլ տալ, որ տարբեր հզորությունների կուտակիչներ տեղադրեն բազմաթիվ մասնավոր ներդրողներ։
Վարդանյանի խոսքով՝ պետք չէ բանակցել մեկ խոշոր ընկերության հետ, որպեսզի այն կառուցի, օրինակ, 1,000 մեգավատտ հզորությամբ համակարգ։ Նման բանակցությունները և պայմանագրերի համաձայնեցումը կարող են երկար տևել։ Փոխարենը պետք է բաց դաշտ ստեղծել տարբեր չափերի նախագծերի համար։
Նրա խոսքով՝ կուտակիչները կարող են տեղադրվել արևային կայանների կողքին, Բարձրավոլտ էլեկտրացանցերին պատկանող ենթակայանների մոտ, իսկ փոքր համակարգեր կարող են տեղադրել նաև տնային տնտեսությունները։ Վարդանյանը կարծում է, որ բարենպաստ կարգավորումների դեպքում մեկից մեկուկես տարվա ընթացքում հնարավոր կլինի կառուցել անհրաժեշտ հզորությունների մեծ մասը, եթե ոչ ամբողջը։
Եվրամիությունն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստ է աջակցել Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի զարգացմանը։ Հուլիսի 10-ին ՍիվիլՆեթին տված հարցազրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն ասել էր, որ Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովում կողմերը կապակցվածության գործընկերություն և մտադրությունների նամակներ են ստորագրել մի շարք ոլորտներում համագործակցելու վերաբերյալ։ Դրանց թվում նա առանձնացրել էր թվային կապակցվածությունը, էլեկտրաէներգիայի կուտակումն ու էներգետիկ կապակցվածությունը։
Մարագոսը չէր նշել նախատեսվող կուտակիչ կայանների հզորությունը, ներդրումների չափը կամ ծրագրի իրականացման ժամկետները։ Վարդանյանի առաջարկած 5 գիգավատտ-ժամ համակարգը նրա սեփական գնահատականն է և չի ներկայացվել որպես ԵՄ-ի հետ արդեն համաձայնեցված ծրագրի մաս։
Արևային հզորություններն աճել են համակարգի ընդունման հնարավորություններից արագ
Վարդանյանի խոսքով՝ Հայաստանում արդեն տեղադրված է մոտ 1,280 մեգավատտ արևային հզորություն։ Այդ արագ աճը, նրա գնահատմամբ, հնարավոր է դարձել համեմատաբար ազատ ներդրումային դաշտի շնորհիվ։
Նա ասել է, որ արևային էներգետիկան որոշակի պահից սկսել է ավելի արագ զարգանալ, քան համակարգը կարող էր ընդունել այդ հզորությունները։ Վարդանյանի խոսքով՝ դեռևս իր պաշտոնավարման ժամանակ ակնհայտ էր դարձել ոլորտում լրացուցիչ կարգավորումներ մտցնելու անհրաժեշտությունը։
«Այդպիսի ազատ վիճակ պետք է ստեղծվի կուտակիչ կայանների համար»,- ասել է Վարդանյանը։
Կուտակիչ համակարգերը հնարավորություն են տալիս ցերեկային ժամերին ստացված արևային էներգիան պահել և ցանց վերադարձնել պահանջարկի աճի ժամանակ։
Պաշտոնական վերջին ամբողջական տարեկան տվյալներն ավելի փոքր ցուցանիշ են արձանագրում։ Հայաստանի 2024-ի էներգետիկ հաշվեկշռի համաձայն՝ տարեվերջին լիցենզավորված արևային կայանների ընդհանուր հզորությունը կազմել է 285.3 մեգավատտ, իսկ ինքնավար արտադրողներինը՝ 420.5 մեգավատտ։ Միասին դրանք կազմել են մոտ 706 մեգավատտ։
Այս ցուցանիշը վերաբերում է 2024-ի ավարտին, իսկ Վարդանյանի նշած 1,280 մեգավատտը՝ հարցազրույցի օրվան։ Սակայն միայն ժամանակային տարբերությունը բավարար չէ ցուցանիշների տարբերությունը բացատրելու համար։ Պետք է նաև պարզել՝ արդյոք դրանք ներառում են նույն կարգավիճակն ունեցող կայաններն ու հաշվարկվել են նույն մեթոդաբանությամբ։
2024-ին արևային կայաններն արտադրել են մոտ 979 մլն կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիա՝ երկրի ամբողջ արտադրության շուրջ 10%-ը։ Արևային, հիդրո և հողմային կայանների ընդհանուր բաժինը հասել է 32%-ի։
Հայաստանը տարեկան արտադրում է ավելի քան 9 մլրդ կիլովատտ-ժամ
Պաշտոնական էներգետիկ հաշվեկշռի համաձայն՝ 2024-ին Հայաստանում արտադրվել է 9.39 մլրդ կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիա՝ 7%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ Վերջնական ներքին սպառումը կազմել է մոտ 7 մլրդ կիլովատտ-ժամ։
Արտադրության և վերջնական սպառման տարբերությունը պայմանավորված է արտահանմամբ, կայանների սեփական կարիքներով և հաղորդման ու բաշխման կորուստներով։ Ցանցային կորուստները կազմել են մոտ 622 մլն կիլովատտ-ժամ։
Ատոմակայանին բաժին է ընկել արտադրության 30%-ը, ջերմային կայաններին՝ շուրջ 38%-ը, իսկ վերականգնվող աղբյուրներին՝ 32%-ը։ Հայաստանը 2024-ին Իրան է արտահանել 1.47 մլրդ կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիա՝ գազ-էլեկտրաէներգիա փոխանակման համաձայնագրով։ Վրաստան արտահանումը կազմել է 72.7 մլն կիլովատտ-ժամ։
Այս տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի խնդիրը միայն ընդհանուր արտադրական հզորությունը չէ, այլ նաև օրվա և տարվա տարբեր հատվածներում արտադրությունն ու պահանջարկը հավասարակշռելը։
2024-ին Հայաստանի հասանելի արտադրական հզորությունը գնահատվել է 3.8 գիգավատտ, մինչդեռ առավելագույն բեռնվածությունը մոտ 1.3 գիգավատտ էր, ասվում է Գերմանական տնտեսական թիմի՝ Հայաստանի և Վրաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերի վերաբերյալ ուսումնասիրությունում։ Արևային արտադրության աճը մեծացնում է ճկուն հզորությունների, միջպետական փոխհոսքերի և կուտակման անհրաժեշտությունը։
Էլեկտրական ջեռուցումը սահմանափակվում է ոչ միայն արտադրությամբ
Վարդանյանը զգուշացրել է, որ գազի մատակարարման դադարեցման դեպքում Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը կլինի բնակարանների ջեռուցումը։
Նրա խոսքով՝ նույնիսկ բավարար քանակությամբ էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորությունը չի նշանակում, որ երկիրը կարող է զանգվածաբար անցնել էլեկտրական ջեռուցման։ Հայաստանի էներգահամակարգը սկզբնապես այդպիսի բեռնվածության համար չի կառուցվել։
Նույնիսկ եթե արտադրական հզորությունները բավարարեն, իսկ բարձրավոլտ ցանցը կարողանա հաղորդել անհրաժեշտ ծավալի էլեկտրաէներգիան, բաշխիչ ցանցը, բնակելի շենքերի համակարգերը և բնակարանների ներքին էլեկտրական մոնտաժը կարող են չդիմանալ բեռնվածությանը։
Վարդանյանի խոսքով՝ սովորական բնակարանի համար նախատեսված մոտ 10 կիլովատտ հզորությունը թույլ չի տալիս ամբողջ բնակարանը ջեռուցել էլեկտրաէներգիայով։
Նույնիսկ եթե «Հայաստանի էլեկտրական ցանցերը» արագ համապատասխանեցնեն իրենց ենթակառուցվածքը, շատ շենքերի և տների ներքին համակարգերը բավարար չեն լինի, ասել է նա։
Կուտակիչ կայանները կարող են օգնել կառավարել արտադրության և սպառման ժամային անհամապատասխանությունը։ Սակայն դրանք ինքնուրույն չեն լուծի գազով ջեռուցումը համատարած էլեկտրական ջեռուցմամբ փոխարինելու խնդիրը։ Դրա համար անհրաժեշտ կլինի նաև բաշխիչ ցանցերի, շենքերի մուտքային գծերի և բնակարանների ներքին էլեկտրական համակարգերի լայնածավալ վերակառուցում։












