Հայաստանն ու Իրանը ստորագրել են «Պարզեցված մաքսային միջանցք» արձանագրությունը, որը նախատեսում է երկու երկրների միջև տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակում՝ մաքսային ձևակերպումներն արագացնելու և օրինապահ տնտեսվարողների համար ընթացակարգերը դյուրացնելու նպատակով: Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։
Արձանագրությունը ստորագրվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարած այցի շրջանակում։
Այցի շրջանակում ՊԵԿ նախագահը հանդիպում է ունեցել ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակության հետ։
Հանդիպմանն ընդգծվել են վերջին շրջանում համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը և կարևորել տարբեր հարցերի շուրջ առաջիկայում առավել սերտ համագործակցելու անհրաժեշտությունը։ Քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործառնությունների դյուրացմանն ուղղված երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր։ Մասնավորապես, կարևորելով նախնական տվյալների կանոնավոր փոխանակումը՝ որպես փոխադարձ առևտրի դյուրացման և անվտանգության ապահովման կաևոր գործիք՝ կողմերը նախանշել են համակարգի հնարավորինս վաղ գործարկման համար անհրաժեշտ քայլերը։ Անդրադարձ է կատարվել նաև կողմերի միջև լիազորված տնտեսական օպերատորների փոխճանաչմանն ուղղված աշխատանքներին ու վերջնական պայմանավորվածության հասնելու քայլերին։ Հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռքբերվել Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման հարցի շուրջ։ Քննարկվել են նաև սահմանային թողունակության ծավալների մշտադիտարկման և այդ ծավալների բարձրացմանն ուղղված մեխանիզմների ներդրման հարցեր։
Այցի շրջանակում ՊԵԿ պատվիրակությունը շրջայց է կատարել նաև Նորդուզի անցման կետում, որտեղ ներկայացվել է ԻԻՀ ձեռքբերումները՝ մաքսային համակարգի թվայնացման շրջանակում։ Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ Հայաստանն այսօր վճռականորեն շարժվում է տարածաշրջանային զարգացման, կայունության և փոխկապակցվածության ընդլայնման ճանապարհով։ ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու և համատեղ բարգավաճման հասնելու լավագույն ուղին փոխադարձ վստահության վրա հիմնված ջանքերի համատեղումն է։ «Այս համատեքստում կարևոր է նաև երկու երկրների՝ որպես տարածաշրջանային կարևոր լոգիստիկ հանգույցների կայացմանը փոխադարձաբար նպաստելու անհրաժեշտությունը։ Այս փոխադարձ զարգացումն ու սերտ համագործակցությունը կարևոր նշանակություն ունեն երկկողմ տնտեսական աճի և տարածաշրջանային կայուն զարգացման համար»,- նշել է Էդուարդ Հակոբյանը։
Կողմերը ստորագրել են նաև հանդիպման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին արձանագրություն։












