Գլխավոր Լրահոս

Դատարանը որոշեց Արթուր Օսիպյանին վերադարձնել անձնագիրն ու անձնական իրեր, բացի «իրեղեն ապացույցներից»

Աջից՝ Արթուր Օսիպյան

Աջից՝ Արթուր Օսիպյան

Հայկ Ղազարյան

Սեպտեմբերի 16-ին Երևան քաղաքի քրեական դատարանում (դատավոր՝ Ջոն Հայրապետյան) դատարանը պաշտպանական կողմի միջնորդությունից հետո որոշեց արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանին վերադարձնել խուզարկությամբ առգրավված անձնագիրը, դրամական միջոցներն ու այլ անձնական իրերը։ Դատարանը մերժեց վերադարձնել միայն բջջային հեռախոսն ու թղթային գրառումները՝ դրանք համարելով գործով իրեղեն ապացույցներ։

Օսիպյանը մեղադրվում է երեք հոդվածով՝ մարտի 22-ին սոցիալական ցանցերում բռնության հրապարակային կոչեր հնչեցնելու, ինչպես նաև մայիսի 18-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին խոչընդոտելու և խուլիգանություն կատարելու համար։

Մայիսի 18-ին ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում Օսիպյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի շարք հարցեր էր ուղղել Արցախի նախկին իշխանությունների հետ համագործակցության, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և այլ թեմաների վերաբերյալ։ Ինչից հետ բանավեճը վեր է ածվել վեճի և ի պատասխան՝ Փաշինյանը կոշտ բառապաշար է օգտագործել՝ Օսիպյանին անվանելով «համբալի մեկը», «տականք», «ստահակ», «թալանչի անասուն» և մեղադրել վերջինիս ադրբեջանական նարատիվներ տարածելու մեջ։ Փաշինյանյանը այդ օրը նաև հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը փակված է, և Օսիպյանից պահանջել է բացատրություն տալ, թե ինչու է ինքը ողջ մնացել։

Ձերբակալությունից անմիջապես հետո Օսիպյանը հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով, որ վարչապետը հրապարակայնորեն ներողություն խնդրի իրեն և արցախցիներին «փախած» անվանելու համար։ Նա շուրջ 25 օր գտնվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Մայիսի 21-ին դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել էր երկամսյակալանքը, սակայն հունիսի 10-ին հսկող դատախազը վերացրել էր կալանքը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ներկայացված անձնական երաշխավորությունների հիման վրա։

Դատական նիստում հանրային մեղադրող Նարեկ Մենդիկյանը հայտնեց, որ հեռախոսն ու գրառումներն ունեն ապացուցողական նշանակություն, այդ պատճառով չեն կարող վերադարձվել։

Պաշտպան Դավիթ Հովհաննիսյան
Պաշտպան Դավիթ Հովհաննիսյան

«Նույնիսկ չի հարցաքննվել այն անձը, որի քարոզարշավը ենթադրաբար խոչընդոտվել է»

Պաշտպան Դավիթ Հովհաննիսյանը հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքներն անհիմն են։ Նրա խոսքով՝ մարտի 22-ի գրառումից հետո վարույթ իրականացնող մարմինը երկու ամիս Օսիպյանին չէր հարցաքննել, իսկ ձերբակալությունը տեղի է ունեցել միայն մայիսի 18-ին՝ Նիկոլ Փաշինյանին հրապարակային հարցեր ուղղելուց հետո։

«Քարոզարշավը խոչընդոտելու մեղադրանքը չենք ընդունում, որովհետև Արթուր Օսիպյանը պարզապես հարցադրումներ է արել։ Նույնիսկ չի հարցաքննվել այն անձը, որի քարոզարշավը ենթադրաբար խոչընդոտվել է»,- ասաց Հովհաննիսյանը։

Փաստաբանի խոսքով՝ խուլիգանության մեղադրանքը նույնպես հիմնված է միայն այն րկու ոստիկանների ցուցմունքների վրա, որոնք Օսիպյանին ձերբակալել և տեղափոխել են վարույթ իրականացնող մարմին։

Մանվել Սարգսյանը՝ վկա

Դատախազը հայտնեց, որ գործով վկաներից երկուսը ոստիկանության աշխատակիցներ են, իսկ մյուսները՝ քաղաքացիական անձինք։ Վկաների թվում են նաև հանրային գործիչ Մանվել Սարգսյանը ու Արթուրի ծանոթ Վլադիմիր Աբրահամյանը։

Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Օսիպյանը պարզաբանեց, որ նամակագրություններից մեկը եղել է Կոմիտասում բնակվող իր ծանոթի հետ, որից հետաքրքրվել է, թե որտեղ է գտնվում Նիկոլ Փաշինյանը, որպեսզի գնա և հրապարակային հարցեր ուղղի։

Մանվել Սարգսյանի հետ ունեցած նամակագրության մասին Օսիպյանն ասաց, որ վերջինս իրեն որևէ գործողության չի դրդել, այլ, հակառակը, զգուշացրել է, որ իր «գլխին կարող են սարքել»։

Հանրային մեղադրող Նարեկ Մենդիկյան
Հանրային մեղադրող Նարեկ Մենդիկյան

Դիմել են դատախազություն՝ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ

Լրագրողների հետ զրույցում Արթուր Օսիպյանը գործը որակեց շինծու։

«Այս գործը քաղաքական նպատակներ է հետապնդում, և միանշանակ մենք այն ջախջախելու ենք»,- ասաց նա։

Օսիպյանը նաև հայտարարեց, որ առաջիկա դատական նիստերին ներկայացնելու է փաստաթղթեր Արցախի վեց տարվա՝ շուրջ 1,2 մլրդ դոլարի բյուջեի վերաբերյալ։ Նրա պնդմամբ՝ դրանք վերաբերում են շրջափակման ընթացքում պետական միջոցների մսխմանը, և ինքն այդ փաստաթղթերով փորձելու է հիմնավորել իր հրապարակային մեղադրանքները։

Նա նաև հայտնեց, որ դիմել են դատախազություն՝ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ քրեական գործ հարուցելու պահանջով, սակայն դատախազությունը մերժել է՝ դրանք գնահատելով «բացառապես ընդհանուր խոսակցական բնույթի»։

Դատարանը գործում առկա ապացույցները համարեց հետազոտված։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 12-ին, որի ընթացքում նախատեսվում է հարցաքննել վկաներին։

Փաշինյանի դեմ քաղաքացիական հայց

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Արթուր Օսիպյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քաղաքացիական հայց է ներկայացրել։

Օսիպյանը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել, իր գնահատմամբ, զրպարտություն պարունակող հայտարարությունները։ Հայցով նա պահանջում է, որ Փաշինյանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում ներողություն խնդրի մայիսի 18-ին հնչեցրած «համբալի մեկը», «թալանչի անասուն», «տականք» և «ստահակ» արտահայտությունների համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում