Գլխավոր Լրահոս

Անցում արհեստավարժ բանակի․ ՀՀ ԶՈւ կերպափոխման հայեցակարգի հիմնական մարտահրավերներն ու անհրաժեշտ քայլերը

Անցում արհեստավարժ բանակի․ ՀՀ ԶՈւ կերպափոխման հայեցակարգի հիմնական մարտահրավերներն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի Զինված ուժերի 2024–2035 թվականների կերպափոխման հայեցակարգը սահմանում է բանակի բարեփոխումների ընդհանուր ուղղությունները։ Այնուամենայնիվ,  հրապարակված փաստաթուղթը կրում է ընդհանուր բնույթ, չի պարունակում իրականացման մանրամասն մեխանիզմներ, իսկ մի շարք առանցքային խնդիրների իրագործման ժամկետները սահմանված չեն։ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի (ԺԱՏԿ) փորձագետ Էդուարդ Առաքելյանը իր խորքային հոդվածում վերլուծում է հայեցակարգի 8-րդ՝ արհեստավարժացմանը նվիրված գլուխը, որից անմիջականորեն կախված է բարեփոխումների գործնական արդյունավետությունը։

Արհեստավարժացւմը և կադրային ռիսկերը

Հոդվածում ընդգծվում է, որ միայն պայմանագրային ծառայության անցնելը բանակը պրոֆեսիոնալ չի դարձնում։ Առանցքային նախապայմաններն են՝ պատրաստության պատշաճ մակարդակը, կառավարման որակը և ժամանակակից սպառազինությունը։ Քանի դեռ պայմանագրային ծառայությունը չի ուղեկցվում կառավարման և պատրաստության համակարգերի բարեփոխմամբ, գոյություն ունի ռիսկ, որ փոփոխությունները կսահմանափակվեն միայն պայմանագրայինների համալրմամբ։

Միևնույն ժամանակ, 2026 թվականի հունվարին պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը 24-ից 18 ամսվա նեղացրել է զորակոչիկների լիարժեք պատրաստման պատուհանը։ «Հայրենյաց պաշտպան» ծրագրով պայմանագրայինների հավաքագրման ցածր տեմպերը կարող են առաջացնել կադրային պակաս, իսկ սահմանների պահպանության համար ռեզերվիստների ներգրավումը լրացուցիչ լարվածություն է ստեղծում տնտեսության համար։ Բացի այդ, ոչ ինտենսիվ պատրաստությունը հող է ստեղծում ոչ կանոնադրական հարաբերությունների և ոչ մարտական կորուստների համար։

Կառավարման մշակույթը և միջազգային փորձը

Հայեցակարգը նախատեսում է ներդնել Mission Command (առաջադրանքների սահմանման միջոցով կառավարում) սկզբունքը և կայացնել սերժանտական ինստիտուտը։ Սակայն հետխորհրդային ուղղահայաց կառավարման իներցիան և սպաների մոտ վերահսկողությունը կորցնելու մտավախությունը կարող են խոչընդոտել սերժանտներին մարտավարական ինքնուրույնություն փոխանցելուն։ Այս համակարգի արդյունավետ ներդրումը պահանջում է ինչպես սերժանտների, այնպես էլ սպայական կազմի պատրաստման ու մշակույթի արմատական փոփոխություն։

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ուկրաինան պատերազմի պայմաններում ապացուցեց կրտսեր հրամանատարների ինքնուրույնության կարևորությունը, Իսրայելում Mission Command-ը դոկտրինալ հիմք է, իսկ Ֆինլանդիան կանոնավոր կերպով պատրաստում է կրտսեր հրամանատարների՝ պահպանելով զանգվածային պահեստազորային մոդելը։

Կանայք ԶՈւ-ում․ կադրային ռեսուրս և ռազմական նպատակահարմարություն

Կանանց ներգրավումը Զինված ուժերում պետք է հիմնվի ռազմական նպատակահարմարության, այլ ոչ թե ձևական ցուցանիշների վրա։ Ժամանակակից պատերազմում բարձր տեխնոլոգիական ու վերլուծական մասնագիտությունների (ԱԹՍ օպերատորներ, ՀՕՊ, կիբեռանվտանգություն, հետախուզություն) դերի աճը լայն հնարավորություններ է բացում կանանց ներուժն օգտագործելու համար։ 

Սակայն հասարակական ու բանակային իներցիոն պատկերացումները դեռևս խոչընդոտում են այս ռեսուրսի լիարժեք իրացմանը։

Միջազգային փորձը ցույց է տալիս կադրային բազայի ընդլայնման տարբեր մոդելներ․ Իսրայելում կանանց ծառայությունը պարտադիր է, Ուկրաինայում պարտադիր է կրիտիկական մասնագիտությունների (բուժաշխատողներ, դեղագործներ) համար, Ֆինլանդիայում կանայք կամավոր ծառայությունից հետո համալրում են պահեստազորը։

Հայաստանի համար այս փորձը կարևոր է՝ առաջին հերթին կանանց մասնակցությունը որպես բանակի կադրային բազայի ավելացման ռացիոնալ գործիք դիտարկելու տեսանկյունից։

Առաջարկություններ

  • Ճանապարհային քարտեզ և KPI-ներ․ 

Մշակել բարեփոխումների յուրաքանչյուր փուլի համար կատարողական ժամկետներով և չափելի ցուցանիշներով ճանապարհային քարտեզ՝ գնահատելու համալրվածության տոկոսը, պատրաստության որակը, կադրերի արտահոսքը և Mission Command-ի արդյունավետությունը։

  • Կարճաժամկետ պայմանագրեր․

Հավաքագրման տեմպերի նվազումը փոխհատուցելու նպատակով նախկինում ծառայածների համար ժամանակավորապես ներդնել 6 ամսից մինչև 1 տարի ժամկետով պայմանագրեր՝ կադրային պակասուրդը լրացնելու և ակտիվ պահեստազոր ձևավորելու նպատակով։

  • Պահեստազորի նպատակային պատրաստություն․ 

Վերացնել հավաքների նկատմամբ ձևական մոտեցումը և անցնել նեղ մասնագիտությունների պատրաստության՝ այն կապելով կոնկրետ ստորաբաժանումների ու պատասխանատվության գոտիների հետ։

  • Փորձնական ստորաբաժանումներ և սերժանտական ինստիտուտ․ 

Բանակային կորպուսներում ստեղծել փորձնական ստորաբաժանումներ, որտեղ սերժանտները կունենան իրական մարտավարական ինքնուրույնություն, ինչպես նաև սպաների ատեստավորման չափանիշներում ներառել սերժանտների ինքնուրույնության գնահատումը։

  • Ռացիոնալ գենդերային քաղաքականություն․ 

Կանանց ներգրավումը հիմնել ռազմական նպատակահարմարության վրա՝ առաջնահերթությունը տալով տեխնիկական, բժշկական, վերլուծական, թիկունքային և այլ պահանջված մասնագիտություններին։

Եզրակացություն

Հայաստանի զինված ուժերի արհեստավարժացւմը վերափոխման ճիշտ ուղղություն է նախանշում և կարևոր պայման է ամբողջ հայեցակարգի իրականացման համար։ Այն, նախևառաջ, պետք է դիտարկել որպես բանակի՝ ժամանակակից պատերազմ վարելու կարողության բարձրացման գործիք։ Պատերազմի վարման նոր ձևերին անցումն անհնար է առանց պատրաստված կրտսեր հրամանատարների, որոնք ունակ են գործելու ընդհանուր մտահղացման շրջանակում։ Պրոֆեսիոնալ բանակը միայն պրոֆեսիոնալ զինվորը չէ, այլև որոշումների կայացման պրոֆեսիոնալ համակարգ։

Հայաստանի համար օպտիմալ է թվում խառը համակարգը, որի դեպքում պրոֆեսիոնալ կազմը ապահովում է պատրաստությունը, կառավարումն ու մարտական պատրաստվածությունը, իսկ զորակոչն ու պահեստազորը պահպանում են անհրաժեշտ զանգվածայնությունն ու արագ ծավալման կարողությունը։

Եթե արհեստավարժացւմը սինխրոնացվի պատրաստության, պահեստազորի, սերժանտական կազմի և կառավարման բարեփոխումների հետ, այն կարող է բարձրացնել ամբողջ համակարգի արդյունավետությունը։

Հոդվածի ամբողջական տարբերակը կարող եք կարդալ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի կայքում։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում