Գլխավոր Լրահոս

Պատրաստ լինել սադրանքի. Ալիևի սպառնալիքները հերթապահ հայտարարություններ չեն 

Պատրաստ լինել սադրանքի. Ալիևի սպառնալիքները հերթապահ հայտարարություններ չեն 

Էդուարդ Առաքելյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական լրատվամիջոցների հետ իր հետամանորյա մեծ հարցազրույցում առանց ակնարկների և բովանդակային կերպով սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի հասցեին։

Այդ սպառնալիքները բոլորովին հերթապահ հայտարարություններ չեն թվում, որոնք Ալիևը անում էր 2003-ից մինչև 2020-ը։

Այսօրվա դրությամբ, կարծես, Ալիևի ղեկավարությամբ Ադրբեջանը լուծել է բազմաթիվ խնդիրներ և իրականացել է այն նպատակները, որոնց մասին հինգ տարի առաջ նույնիսկ երազել չէր կարող։ Բայց Ալիևը, նույնիսկ Արցախի ամբողջական զավթումից, ինչպես նաև Հայաստանի տարածքում մի շարք ռազմավարական բարձունքներ և հարձակման պլացդարմներ ձեռք բերելուց հետո, խաղաղված և երջանիկ չէ։

Յուրաքանչյուր անգամ տարբեր մասշտաբի ռազմական գործողություններ սկսելուց առաջ՝ լինի 2020-ի պատերազմը, 2021 և 2022 թվականների ռազմական գործողությունները, 2022-ի սեպտեմբերին ներխուժումը Հայաստանի տարածք կամ 2023-ի սեպտեմբերին Արցախում մեկօրյա ռազմական գործողությունը, Ադրբեջանը կազմակերպում էր միջոցառումներ, որոնք հստակ  մատնանշում էին Հայաստանի հետ խնդիրներն ուժով լուծելու մտադրությունը։

Միակ դեպքը, երբ Ադրբեջանը անսպասելի հարձակում գործեց՝ նախապես չձեռնարկելով բաց գործողություններ՝ տեղեկատվական բնույթի կամ ցուցադրական միջոցառումներ, ինչպիսիք են պահեստազորի մասնակի մոբիլիզացիան, զորքերի տեղափոխումը կամ ուժերի կենտրոնացումը հարվածների  ուղղություններում, 2016-ի ապրիլյան պատերազմն էր։ Այդ ժամանակ հնարավոր էր հաշվի առնել արդարացումը, թե հայկական զորքերն ու ռազմա-քաղաքական ղեկավարությունը անակնկալի եկան։

Մնացած բոլոր դեպքերում Ադրբեջանը չէր փորձում խաբել Հայաստանին։ Խոսելով խաղաղ գործընթացում շահագրգռվածության մասին՝ միևնույնն է մշտապես նշում էր, որ բոլոր խնդիրները լուծելու է պատերազմի սպառնալիքներով, կապիտուլյացիոն պահանջներով և անմիջական ռազմական գործողություններով։

Ներկայում ադրբեջանական բանակի պատրաստվածությունը պատերազմին, եթե ոչ 100 տոկոսով, ապա շատ բարձր մակարդակի վրա է։ Լավ զինված, հարձակողական մեծ հնարավորություններով և ուժեղ դաշնակիցների աջակցությամբ Ադրբեջանը կարող է հարվածել Հայաստանին ցանկացած պահի՝ անկախ եղանակից կամ ամսաթվից։ Հայ քաղաքական և ռազմական մեկնաբաններից շատերը, վերլուծելով ադրբեջանական հարձակումների ժամանակի ընտրության տրամաբանությունը վերջին չորս տարվա ընթացքում, ենթադրում են, որ ձմեռային ամիսներին կամ ուշ աշնան ու վաղ գարնան ժամանակ ադրբեջանցիները կհրաժարվեն հարձակումներից՝ ձյան, անձրևի, մառախուղի և ցեխի պատճառով, որոնք կարող են դանդաղեցնել հարձակման տեմպը։ Նման ենթադրություններն ունեն իրենց հիմնավորումները։

Սակայն պետք է հաշվի առնել, որ անբարենպաստ եղանակային պայմանները հավասարապես անհարմար են ոչ միայն հարձակվող, այլև պաշտպանվող ուժերի համար։ Այդ պայմաններում մեծ նշանակություն է ունենում, թե ում մոտ են ավելի լավ կազմակերպված լոգիստիկան, ինժեներական ծառայությունները և արդի տեխնիկայի առկայությունը։ Վերջին տարիներին, հատկապես 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, Ադրբեջանը ցույց է տվել, որ իր ինժեներական ծառայությունների աշխատանքների արագությունն ու որակը բարձր մակարդակի վրա են։

Բացի այդ, հաճախ առավել հաջողակ են լինում հարձակումները հենց այնպիսի եղանակային պայմաններում, երբ պաշտպանվող կողմն առավել հանգիստ վիճակում է և կորցնում է զգոնությունը։ Ադրբեջանն ունի բավարար քանակով պատրաստված և փորձառու հարձակողական խմբեր, որոնք կարող են արդյունավետ համագործակցել։ Օրինակ՝ կարելի է հիշել Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ամենամյա «Ձմեռ» զորավարժությունները և «Կոմանդո» ստորաբաժանումների վարժանքները ձյունածածկ լեռներում։

Հետևաբար, ռազմավարական խնդիրների լուծման համար եղանակային պայմանների վրա հույս դնելը, այդ թվում՝ լեռնային տարածքներում, սխալ մոտեցում կլինի։ Առավել ևս, երբ վստահություն չկա, թե հակառակորդը ինչ է ծրագրում և ինչ նպատակներ է հետապնդում՝ ռազմավարական նոր դիրքերի զավթո՞ւմ՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, թե՞ Հայաստանի հարավն ամբողջությամբ կտրելով Նախիջևանի հետ ցամաքային կապի հաստատում։

Լուրջ մտահոգություն է առաջացնում հայկական բանակի ներկա պատրաստականությունը հավանական ագրեսիան ետ մղելու հարցում, եթե հաշվի առնենք, որ լայնածավալ հարձակման ժամանակ ադրբեջանական բանակը կարող է օգտագործել դիվերսիոն խմբերի ներթափանցման մեթոդներ, ինչպես նաև հարվածներ հասցնել Հայաստանի արևելյան և արևմտյան ուղղություններից (Նախիջևանի կողմից)։

Զինված ուժերի զարգացման ռազմավարության մշակումը և արմատական բարեփոխումները ժամանակատար գործընթաց են։ Այդ գործընթացը պահանջում է հստակ պլանավորում և գործնական իրագործում, այլ ոչ թե զեկույցներ՝ վերադասին ցույց տալու համար։ Ներկայում ակնհայտ փոփոխություններ չեն նկատվում, եթե չհաշվենք որոշ տեսակի զենքերի և ռազմական տեխնիկայի ձեռքբերումները։ Սակայն նույնիսկ այդ զենքերի ու տեխնիկայի իրացումը երկար ժամանակ կպահանջի, իսկ նպատակները ներառում են ոչ միայն նոր ստանդարտների անցումը, այլև Ռուսաստանից կախվածության նվազեցումը։

Ստորաբաժանումների և փոքր մարտական խմբերի շարժունակության բարձրացումը կարելի է և հնարավոր է իրագործել նաև առկա զինատեսակներով և անձնակազմով։ Շարժունակությունը  զորքերի մարտունակության կարևորագույն բաղադրիչն է։ Այն հնարավորություն է տալիս գործողությունների անսպասելիությամբ վճռական դեր խաղալ մարտերում։

Բացի այդ, հրատապ է մեծ քանակությամբ անօդաչու տեխնիկական միջոցների ձեռքբերումը, հատկապես մարտավարական մակարդակի խնդիրների լուծման համար։ Դրանք ֆինանսական մեծ ներդրումներ չեն պահանջում, սակայն կարող են զգալի ազդեցություն ունենալ։ Անհրաժեշտ է, որ Հայաստանի բանակն արագ հարմարվի ժամանակակից պատերազմի պահանջներին, որտեղ գործողությունները բնորոշվում են հանկարծակիությամբ և կարճատևությամբ։

Հուսով ենք, որ Հայաստանի հրամանատարությունը, հիմք ընդունելով անցյալի դառը փորձը, հստակ պատկերացնում է, թե ինչ բարդ մարտահրավերներ են սպասվում ապագայում։

Էդուարդ Առաքելյանը ռազմական վերլուծաբան է, Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում