Գլխավոր Լրահոս

Չեխական L-39 Skyfox ինքնաթիռների գնումը՝ անցում ուսումնամարզական ավիացիայի նոր սերնդի՞

Չեխական L-39 Skyfox ինքնաթիռների գնումը՝ անցում ուսումնամարզական ավիացիայի նոր սերնդի՞

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Չեխիա և հրապարակել L-39 Skyfox ինքնաթիռի թռիչքը պատկերող տեսանյութ՝ կից գրելով. «Շուտով այս հրաշքները կճախրեն Հայաստանի երկնքում»։ Նախարարը նաև լուսանկարվել է 0529 սերիական համարով ինքնաթիռի մոտ, որի թևերին և ուղղահայաց պոչաթևին պատկերված են հայկական ճանաչման նշաններ և «Հայաստան» գրությունը։

AERO Vodochody ընկերության օդանավակայանում նախարարին ցուցադրվել են նաև 0527 և 0528 սերիական համարներով Skyfox ինքնաթիռների թռիչքները։ Այդ ինքնաթիռների վրա պատկերված էին Չեխիայի դրոշները, սակայն դրանց գունավորումը համապատասխանում էր 0529 համարի ինքնաթիռի վրա կիրառված հայկական գունային սխեմային։ Հայկական ճանաչման նշաններով կոնկրետ ինքնաթիռների առկայությունը վկայում է, որ խոսքը Հայաստանի ռազմաօդային ուժերին մատակարարվելիք ինքնաթիռների նախապատրաստման մասին է։ Թե երբ դրանք կհայտնվեն Հայաստանում, առայժմ բնորոշվում է միայն «շուտով» բառով։

Ավելի վաղ չեխական ռազմարդյունաբերական ոլորտի աղբյուրը հայտնել էր, որ AERO Vodochody Aerospace ընկերությունը Հայաստանի համար արտադրում է չորս L-39 Skyfox ինքնաթիռ։ Սեպտեմբերին այս տեղեկությունը տարածել էին մասնագիտացված լրատվամիջոցները, սակայն արտադրողը չէր բացահայտել պատվիրատուին և գործարքի պայմանները։

Այս գործընթացի նախադրյալներն ի հայտ էին եկել դեռ սեպտեմբերի սկզբին, երբ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել էր AERO Vodochody ընկերություն։ Ընկերության՝ սեպտեմբերի 4-ի հաղորդագրության համաձայն՝ առանձնահատուկ ուշադրություն էր դարձվել L-39 Skyfox-ին՝ L-39 ընտանիքի նոր սերնդի ռեակտիվ ուսումնամարզական ինքնաթիռին։ Նախագահը ծանոթացել էր արտադրական գործընթացին և հավաքման արտադրամասում զննել ինքնաթիռը։

Albatros-ից Skyfox

Հայաստանի ռազմաօդային ուժերում շահագործվում են չեխական L-39 Albatros ուսումնամարզական ինքնաթիռներ, որոնք ձեռք են բերվել օգտագործված վիճակում՝ 2004 և 2010-2011 թվականներին։ Դրանց մի մասը գնվել է Ուկրաինայից։ Հայտնի չէ, թե ներկայում այդ ինքնաթիռներից քանիսն են շարունակում գտնվել Հայաստանի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ և պիտանի կանոնավոր թռիչքների համար։

L-39 Albatros-ը կիրառվել է ռազմական օդաչուների պատրաստման նպատակով։ Սակայն ինքնաթիռների տարիքը, տեխնիկական վիճակը և օդանավային սարքավորումների սահմանափակ հնարավորությունները աստիճանաբար մեծացնում են ուսումնամարզական ավիապարկի արդիականացման անհրաժեշտությունը։

Skyfox-ը L-39 ընտանիքի նոր սերնդի ինքնաթիռ է։ Այն հագեցած է ժամանակակից թվային ավիոնիկայով, բազմաֆունկցիոնալ էկրաններով և վիրտուալ ուսուցման ներկառուցված համակարգով, որը թույլ է տալիս ուսումնամարզական թռիչքների ընթացքում մոդելավորել մարտավարական տարբեր իրավիճակներ։

Ինքնաթիռը նախատեսված է երկարատև շահագործման համար՝ ինչպես ուսումնամարզական, այնպես էլ առանձին օպերատիվ խնդիրներ կատարելիս։

Defense Mirror-ի տվյալներով՝ մեկ Skyfox-ի արժեքը 10 մլն դոլարից պակաս է։ Փաստացի գինը կախված է համալրումից և մատակարարման պայմաններից։ Հայաստանի հետ ենթադրյալ պայմանագրի արժեքը պաշտոնապես չի հրապարակվել։

Արտադրողը Skyfox-ը ներկայացնում է առաջին հերթին որպես նոր սերնդի ռեակտիվ ուսումնամարզական ինքնաթիռ, որը նախատեսված է օդաչուների հիմնական և խորացված պատրաստման համար։ Դրա սարքավորումները հնարավորություն են տալիս մոդելավորել մարտավարական տարբեր իրավիճակներ և օդաչուներին նախապատրաստել ժամանակակից մարտական ինքնաթիռների անցմանը։

Կախված համալրումից՝ ինքնաթիռը կարող է զինվել ավիացիոն սպառազինությամբ, հետախուզական սարքավորումներով և արտաքին կախովի լրացուցիչ համակարգերով։ Դա թույլ է տալիս այն օգտագործել սահմանափակ հարվածային և հետախուզական խնդիրների իրականացման, ինչպես նաև դանդաղաշարժ և ցածր թռչող օդային թիրախների առանձին կատեգորիաների խոցման համար։

Հայաստանի համար, որն ունի ավիացիոն տեխնիկայի սահմանափակ պարկ, լրացուցիչ նշանակություն ունի Skyfox-ը ոչ միայն ուսուցման, այլև առանձին օպերատիվ խնդիրների իրականացման համար օգտագործելու հնարավորությունը։ Այսպիսով, ինքնաթիռների ձեռքբերումը կարող է դառնալ ռազմաօդային ուժերի արդիականացման գործնական բաղադրիչ, թեև դրա մասշտաբները դեռևս թույլ չեն տալիս խոսել հայկական ռազմական ավիացիայի մարտական ներուժի էական փոփոխության մասին։

Ուսումնամարզական նպատակներով չորս ինքնաթիռը կարող է դառնալ առաջին խմբաքանակը՝ օդաչուների պատրաստման նոր համակարգի և ուսումնական նոր ծրագրի անցնելու համար։ Եթե Skyfox-ի ձեռքբերումը ռազմաօդային ուժերի ավելի լայն վերակազմավորման մաս է, ապա ավիապարկի հետագա ընդլայնումը տրամաբանական հաջորդ քայլ կլինի։

Անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հեռանկարները

Առանձին հետաքրքրություն է ներկայացնում L-39 Skyfox Drone Hunter նախագիծը, որը AERO Vodochody-ն մշակում է բելգիական Thales Belgium ընկերության հետ համատեղ։ Նախագծի նպատակն է ինքնաթիռը հարմարեցնել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարին՝ օգտագործելով 70 մմ տրամաչափի FZ275 LGR կառավարվող հրթիռներ։

Drone Hunter տարբերակի առաջին համալրումը ներկայացվել է սեպտեմբերին՝ NATO Days 2026 ցուցահանդեսում։ Մասնագետների գնահատմամբ՝ խոսքը հատուկ համալրման մասին է, որը ներառում է օպտիկաէլեկտրոնային նշանառության կոնտեյներ և մինչև 8 կմ հեռահարությամբ կառավարվող հրթիռներ։ Ներկայացված տարբերակն ուներ երկու արձակման բլոկ՝ յուրաքանչյուրում յոթ հրթիռ։ Կառուցվածքը, սակայն, թույլ է տալիս տեղադրել մինչև չորս բլոկ, այսինքն՝ ընդհանուր 28 հրթիռ։

Ընկերությունները մտադիր են հետագայում շարունակել հրթիռային սպառազինության ինտեգրումն ու փորձարկումները։ Առայժմ սա Skyfox-ի մշակման փուլում գտնվող տարբերակ է, ոչ թե կիրառման համար պատրաստ լուծում։

Հայաստանի համար այս հայեցակարգը նույնպես արդիական է՝ հաշվի առնելով հակամարտությունների փորձը, որոնց ընթացքում անօդաչու թռչող սարքերը լայնորեն կիրառվում են հետախուզության, կրակի ճշգրտման և հարվածներ հասցնելու նպատակով։ Կառավարվող հրթիռներով զինված ինքնաթիռը կարող է լրացնել ցամաքային հակաօդային պաշտպանության միջոցները՝ ԱԹՍ-ների որոշ տեսակների դեմ պայքարում։

Հայ-չեխական ռազմատեխնիկական համագործակցություն

Skyfox-ի ձեռքբերումը տեղավորվում է սպառազինության մատակարարման աղբյուրների բազմազանեցման և եվրոպական պաշտպանական արդյունաբերության արտադրողների հետ կապերի զարգացման Հայաստանի որդեգրած քաղաքականության շրջանակում։ Համագործակցության համար լրացուցիչ հիմք է ստեղծում նաև հայ-չեխական ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը, որը գործում է 2023 թվականից։

Պապիկյանի հրապարակումը վկայում է, որ Skyfox-ի ձեռքբերումը գործնական փուլ է թևակոխել։ Այնուամենայնիվ, մինչև գործարքի պայմանների պաշտոնական հրապարակումը բաց են մնում փաստացի արժեքի, մատակարարման ժամկետների, ինքնաթիռների համալրման և սպասարկման, այդ թվում՝ արտադրողի տեխնիկական աջակցության ու մասնագետների ուսուցման հետ կապված հարցերը։

Չորս Skyfox-ի մատակարարումը վկայում է ոչ թե հայկական ռազմական ավիացիայի քանակական հզորացման, այլ ուսումնամարզական ավիացիոն հարթակի սերնդափոխության մասին։ Գործարքի հիմնական նշանակությունը կախված կլինի նրանից, թե արդյոք այն կմնա առանձին ձեռքբերում, թե կդառնա օդաչուների պատրաստման համակարգի և ռազմաօդային ուժերի կազմի ավելի լայն վերակազմավորման առաջին փուլը։

Երկրորդ դեպքում Skyfox-ը կարող է կապող օղակ դառնալ ներկայիս ուսումնամարզական ավիացիայի և ապագա մարտական ինքնաթիռների միջև, իսկ չորս ինքնաթիռը՝ ռազմաօդային ուժերի արդիականացման ծրագրի առաջին խմբաքանակը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում