ԵՄ-ն 2 տարով չեղարկում է հայկական ապրանքների մաքսատուրքերը. Խորհուրդը պաշտոնապես ընդունել է որոշումը

Եվրոպական Միության Խորհուրդն այսօր որոշել է ժամանակավորապես դյուրացնել հայկական ապրանքների մուտքը ԵՄ շուկա՝ Ռուսաստանի սահմանած առևտրային սահմանափակումներից հետո Հայաստանի տնտեսությանն աջակցելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական Միության Խորհրդի պաշտոնական կայքից։
Ըստ ընդունված որոշման՝ ազատականացվում է դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80 տոկոսը՝ կասեցնելով ներմուծման մաքսատուրքերը լայն ապրանքախմբերի, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների համար։ Ժամանակավոր արտոնյալ այս կարգավորումը գործելու է երկու տարի ժամկետով։
Այս միջոցառումները կնպաստեն Հայաստանից դեպի ԵՄ առևտրային հոսքերի աջակցմանն ու ամրապնդմանը՝ համահունչ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նպատակներին։ Արտոնյալ կարգավորումն ուղեկցվում է որոշակի պայմաններով և ներառում է պաշտպանական միջոցներ, որոնք նախատեսված են ԵՄ շուկան պաշտպանելու համար, եթե ներմուծումը բացասաբար անդրադառնա եվրոպական արտադրողների վրա։ Խորհրդի կողմից վերջնական ընդունումը հաջորդել է Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում Եվրոպական հանձնաժողովի առաջարկի օգտին դրական քվեարկությանը, որն ընդունվել էր առանց փոփոխությունների։
«Մենք մեծացնում ենք մեր աջակցությունը Հայաստանին և նրա ժողովրդին, որոնք, չնայած արտաքին ճնշումներին, հստակ ընտրել են մերձեվրոպական ուղին։ Այսօրվա որոշումը կօգնի առևտրային սահմանափակումներից տուժած Հայաստանի տնտեսությանը և ցույց է տալիս, որ մեր գործընկերները միշտ կարող են հույս դնել ԵՄ-ի վրա», - հայտարարել է Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն ՄաքԷնթին։









