Գլխավոր Լրահոս

Հայաստանը միակ երկիրն է, որն առանց ԵՄ թեկնածության նման տնտեսական արտոնություն է ստանում․ ԱԳՆ

Հայաստանը միակ երկիրն է, որն առանց ԵՄ թեկնածության նման տնտեսական արտոնություն է  ստանում․ ԱԳՆ

Հայաստանը դառնում է միակ երկիրը, որը, չունենալով ԵՄ թեկնածուի կարգավիճակ կամ ԵՄ հետ կնքված «Խոր և համապարփակ ազատ առևտրի» համաձայնագիր, տնտեսական արտոնություն է ստանում։ Այս մասին հայտնել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Սեպտեմբերի 24-ին հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորման առաջարկը վերջնական հավանության է արժանացել ԵՄ խորհրդի՝ մրցակցության հարցերով խորհրդի կողմից։

Եվրոպական խորհրդարանի և ԵՄ խորհրդի նախագահների կողմից ստորագրվելուց հետո կարգավորումը կհրապարակվի ԵՄ պաշտոնական տեղեկագրում և դրան հաջորդող օրը կմտնի ուժի մեջ։

«ԵՄ այս կարգավորմամբ կազատականացնեն դեպի ԵՄ տարածք Հայաստանի արտահանումների շուրջ 80%-ը՝ կասեցնելով ներմուծման մաքսատուրքերն ապրանքների լայն շրջանակի, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։ Հիշյալ միջոցները կնպաստեն Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանը, հայկական ապրանքների համար ԵՄ շուկայի հասանելիության ընդլայնմանը և ՀՀ-ԵՄ տնտեսական ու առևտրային համագործակցության հետագա խորացմանը։ Ուժի մեջ մտնելուց հետո արտոնյալ ռեժիմը գործելու է 2 տարի ժամկետով»,- հայտնել է Բադալյանը:

Սեպտեմբերի 2-ին ԵՄ խորհուրդը տվել էր իր համաձայնությունը նախագծին՝ առանց փոփոխությունների։ Այնուհետև՝ սեպտեմբերի 15-ին, լիագումար նիստում, իր հերթին փաստաթղթին հավանություն էր տվել Եվրոպական խորհրդարանը։ Երեկ՝ սեպտեմբերի 23-ին նախագիծն ընդունվել էր նաև ԵՄ խորհրդի` անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեում:

«Հիշյալ կարգավորման ընդունմամբ Հայաստանը դառնում է միակ երկիրը, որը չունենալով ԵՄ թեկնածուի կարգավիճակ կամ ԵՄ հետ կնքված «Խոր և համապարփակ ազատ առևտրի» համաձայնագիր, ստանում է նման տնտեսական արտոնություն, ինչը ևս մեկ անգամ վկայում է ՀՀ-ԵՄ գործընկերության աննախադեպ բարձր մակարդակի մասին և համահունչ է ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի հռչակագրի ոգուն և գործընկերության ռազմավարական օրակարգին»,- ասված է Բադալյանի հայտարարության մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում