«Հայաստանը չի փորձում նստել երկու աթոռի վրա». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկիրը մտադիր է շարունակել հավասարակշռված արտաքին քաղաքականությունը։ Հերքելով ռուսաստանցի լրագրողի ենթադրությունը Երևանի՝ «երկու աթոռի վրա նստելու» ձգտման մասին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Մենք նստած ենք մեկ՝ հայկական աթոռի վրա»։ Այս մասին նա ասել է՝ պատասխանելով ռուսաստանյան «Վեստի» ծրագրի թղթակցի հարցերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:
Հայաստանի վարչապետի խոսքերը հնչում են Ռուսաստանի՝ դեռևս վերջերս ամենամերձավոր դաշնակցի հետ հարաբերությունների կտրուկ սառեցման ֆոնին։ Այն բանից հետո, երբ 2022 թվականի սեպտեմբերին՝ Ադրբեջանի հետ առճակատման ժամանակ, Ռուսաստանը և ՀԱՊԿ-ի մյուս գործընկերները ռազմական աջակցություն չցուցաբերեցին Երևանին, Հայաստանն անվտանգության ոլորտում սկսեց աստիճանաբար հեռանալ Մոսկվայից։
Այս գործընթացը, որը Հայաստանում անվանում են «կապերի դիվերսիֆիկացիա», Մոսկվայում ընկալվում է որպես արտաքին քաղաքական վեկտորի վերակողմնորոշում Ռուսաստանից դեպի Արևմուտք։
Ի պատասխան՝ Մոսկվան սկսեց սահմանափակումներ մտցնել հայկական գյուղմթերքի ներմուծման վրա՝ ձևականորեն հղում անելով բուսասանիտարական նորմերի խախտմանը։ Ավելին, ռուսական կողմը հորդորում է Երևանին վերջնական ընտրություն կատարել Եվրասիական և Եվրոպական միությունների միջև՝ համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Հայաստանի իշխանությունները նման քայլը վաղաժամ են համարում, սակայն չեն բացառում ապագայում նման քվեարկության անցկացումը։
Ռուսաստանի կողմից առևտրային խոչընդոտների մեթոդաբար կիրառման ֆոնին՝ Հայաստանի համար սկսեց բացվել եվրոպական շուկան։ Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Եվրոպական միության խորհուրդը պաշտոնապես հաստատեց հայկական արտադրանքի առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումները, որոնք ուղղված են երկրի տնտեսությանն աջակցելուն ռուսական սահմանափակումների պայմաններում։
Այս որոշման համաձայն՝ դեպի Եվրամիություն հայկական արտահանման մոտ 80%-ը կստանա առևտրային արտոնություններ։ Այս առնչությամբ ռուսաստանցի լրագրողը հետաքրքրվել է Նիկոլ Փաշինյանից. «Իսկ չե՞ք վախենում, որ կխաբեն»։
«Իսկ ինչո՞ւ պետք է խաբեն,- հարցին հարցով պատասխանել է վարչապետը և հավելել. - Մենք փորձում ենք լինել ազնիվ, բաց և հույս ունենք փոխադարձության»։
Թեմա
Կազմակերպություն
article.available_in
русский
Արշալույս Մղդեսյան










