Հայաստանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից զրկելը իշխանության և ընդդիմության միջև բանավեճի սրման նոր առիթ է դաձել:
Խոսքը մի կառույցի մասին է, որը դեռ մի քանի տարի առաջ համարվում էր Հայաստանի անվտանգության ապահովման հիմնական երաշխավորներից մեկը։ Մինչ իշխանությունները առանձնապես կարևորություն չեն տալիս այս որոշմանը, ընդդիմությունը հարց է բարձրացնում՝ անվտանգության ի՞նչ իրական երաշխիքներ են փոխարինելու նախկին դաշնակցային մեխանիզմներին։
Հայաստանին ձայնի իրավունքից, ինչպես նաև կազմակերպության ղեկավար պաշտոններում իր ներկայացուցիչներին առաջադրելու հնարավորությունից զրկելու որոշումն ընդունվել է նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել գագաթնաժողովին՝ այդ ընթացքում գտնվելով Թուրքիայում, որտեղ մասնակցում էր ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին։
Որոշման պաշտոնական պատճառը 2024 թվականից ի վեր Երևանի` անդամավճարները չվճարելն է։ Սակայն հակամարտության արմատները շատ ավելի խորն են։ Հայաստանի իշխանությունները ՀԱՊԿ-ին մեղադրում են դաշնակցային պարտավորությունները չկատարելու, առաջին հերթին՝ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի տարածք ներխուժմանը գործուն արձագանք չտալու համար։ Հենց այս հանգամանքով է Երևանը հիմնավորում 2024 թվականի փետրվարին կազմակերպությանը Հայաստանի մասնակցությունը սառեցնելու որոշումը։
Այդուհանդերձ, Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի խոսքով՝ անդամավճարները վճարելուց հետո երկիրը կկարողանա վերականգնել ձայնի իրավունքը։
ՀԱՊԿ գործընկերների որոշմանն արձագանքել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ Facebook-ի իր էջում կատարելով երկու գրառում։ Նախ նա գրել է․ «Մեզ զրկեցին ձայնի իրավունքից այնտեղ, որտեղ բոլորը շատ բարձր լռում էին, երբ մեզ միահամուռ սպանում էին»։
Ավելի ուշ ԱԽ քարտուղարը հրապարակել է ևս մեկ գրառում՝ բանաստեղծական ոճով կրկին կշտամբելով դաշնակիցներին անգործության համար։ «Ինչ ափսոս, որ նա այդքան արագ չարձագանքեց, երբ մեզ վրա կրակում էին ուղիղ նշանառությամբ»,- գրել է Սիմոնյանը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը փաստացի կրկնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը․ «Կարելի է մեկ-երկու տարի սպասել, բայց ՀԱՊԿ-ն իրեն սպառել է, և տարածաշրջանի պետությունների նկատմամբ ՀԱՊԿ-ի դիրքորոշումն անընդունելի է»։
Ինքը՝ Փաշինյանը, դեռ նոյեմբերի 5-ին հայտարարել էր․ «ՀԱՊԿ-ի նկատմամբ մեր հետաքրքրությունները սպառված են»։ Ավելի վաղ վարչապետը չէր բացառել, որ կողջուներ Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու որոշումը։
Սակայն Մոսկվան, որի փաստացի վերահսկողության ներքո է գործում ՀԱՊԿ-ը, մտադիր չէ հեռացնել Երևանին կազմակերպությունից։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շեշտել է, որ Հայաստանը «պահպանում է հավաքական պաշտպանության իրավունքը»։ Նա նաև հավելել է, որ Մոսկվան չի պատրաստվում նախաձեռնել Հայաստանի հեռացումը ՀԱՊԿ-ից, քանի որ Երևանը պաշտոնապես չի ծանուցել կազմակերպությանը դուրս գալու մտադրության մասին։
«Եթե ցանկանում են, որ մենք Հայաստանին վտարենք, մենք դա չենք անելու»,- ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն սահմանափակումներն անվանել է տեխնիկական միջոց և զգուշացրել, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը «շատ բան կկորցնի»։
Ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել Մինսկը։ Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը Հայաստանին անվանել է «կեղծ դաշնակից» և առաջարկել սահմանափակել նրա հասանելիությունը ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին։
Միաժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում կայացած գագաթնաժողովում ինքն է քննադատել կազմակերպության գործնական արդյունավետության պակասը․ «Եթե այդ քայլերը չլինեն, մենք այսպես կհավաքվենք, կխոսենք, իրար կնայենք»։ Նա պահանջել է կոնկրետ որոշումներ, որոնք օգտակար կլինեն դաշինքի յուրաքանչյուր անդամի համար։
Մինչ Հայաստանի իշխանությունները առանձնապես կարևորություն չեն տալիս ՀԱՊԿ-ի որոշմանը, ընդդիմությունը կասկածի տակ է դնում կառավարության արտաքին քաղաքական կուրսը։
Խորհրդարանական «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դեռ սեպտեմբերի 14-ին հայտարարել էր, որ 2021-2022 թվականներին Ջերմուկում և Վարդենիսում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով ՀԱՊԿ-ի գործունեության վերաբերյալ լուրջ հարցեր կան։ Միաժամանակ նա կառավարությունից պահանջել էր ներկայացնել կազմակերպությանը փոխարինող իրական այլընտրանք։
Խորհրդարանական ընդդիմության մեկ այլ ներկայացուցիչ ևս քննադատում է իշխանությունների անվտանգության քաղաքականությունը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իշխանություններին քննադատել է անվտանգության նախկին մեխանիզմներին փոխարինող հստակ այլընտրանք չունենալու համար։
«Այս անորոշ և անհանգիստ աշխարհում երկրները ստեղծում են պաշտպանական դաշինքներ, որովհետև հասկանում են, որ միայնակ չեն կարող դիմակայել մարտահրավերներին։ Հայաստանը, որքան էլ տարօրինակ է, վարում է արտադաշինքային քաղաքականություն։ Ինչի՞ վրա է հույսը դրել»,- հայտարարել է պատգամավորը։
Ընդունելով, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության, ինչպես նաև 2022 թվականի ադրբեջանական հարձակմանը ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ լուրջ դժգոհություններ կան՝ Խաչատրյանն ընդգծել է, որ նախկին դաշնակցին կորցնելը դեռ չի նշանակում ինքնաբերաբար նոր դաշնակից ձեռք բերել։ Միաժամանակ, հարցին, թե արդյոք Հայաստանը պետք է վերջնականապես դուրս գա ՀԱՊԿ-ից, պատգամավորը հստակ պատասխան չի տվել։
Արտախորհրդարանական «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը նոյեմբերի 11-ին հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունն ինքն է իրեն զրկել ձայնի իրավունքից։ ՀԱՊԿ-ի որոշումը նա որակել է խորհրդանշական քայլ, որը չի փոխում արդեն իսկ ստեղծված իրավիճակը։
Արշալույս Մղդեսյան











