Գլխավոր Լրահոս

Փաշինյանն ու «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը քննարկել են նոր ատոմակայանի կառուցման ռուսական առաջարկները

Փաշինյանն ու «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը քննարկել են նոր ատոմակայանի կառուցման ռուսական առաջարկները

Կառավարությունն առաջիկայում որոշում կընդունի նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ։ Այս մասին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ հանդիպմանը հայտնել է վարչապետ Նիոլ Փաշինյանը։

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 29-ին։ Կառավարությունից հայտնում են, որ Լիխաչովն ու Փաշինյանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին և Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկներին վերաբերող հարցեր։

Վարչապետը նշել է, որ Կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային գործընկերներից ստացված առաջարկությունների շուրջ և որոշումը կընդունվի առաջիկայում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ վերջնական որոշումը կրելու է բացառապես տնտեսական բնույթ՝ հաշվի առնելով գինը, որակը, անվտանգությունը, ժամկետները և երաշխիքները։

Ալեքսեյ Լիխաչովը նշել է, որ հայաստանյան գործընկերների հետ ունեն կառուցողական համագործակցություն, այդ թվում՝ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի գործունեության ժամկետների երկարաձգման ուղղությամբ։ Հաջորդիվ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը մանրամասներ է ներկայացրել նոր ԱԷԿ-ի, ինչպես նաև փոքր և միջին հզորության էներգաբլոկների կառուցման առաջարկների և հնարավոր մեխանիզմների շուրջ։

***
Կառավարության 2026-2031 թվականների ծրագրով նախանշված է, որ մինչև 2027-ի ավարտը Հայաստանը արդեն պետք է ընտրություն կատարած լինի նոր ատոմակայանի տեխնոլոգիայի հարցում։

Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» կորպորացիան Հայաստանին առաջարկել է կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան՝ մեկ կամ երկու էներգաբլոկով։ Հայաստանը, իր հերթին, համագործակցություն է դիտարկում նաև Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի հետ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այս տարվա սկզբին հայտարարել էր, որ ուսումնասիրվում են մոտ մեկ տասնյակ ընկերությունների առաջարկներ։

Վերջին ամիսներին Միացյալ Նահանգներն ավելի նկատելի հավանական գործընկեր է դարձել։ Փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցի ընթացքում Երևանն ու Վաշինգտոնը ստորագրեցին քաղաքացիական միջուկային համագործակցության «123 համաձայնագիրը»։ Այն իրավական հիմք է ստեղծում, որը կարող է ամերիկյան ընկերություններին հնարավորություն տալ ներգրավվելու Հայաստանի ապագա միջուկային ծրագրում։

Հայաստանը նախկինում քննարկել է ամերիկյան նախագծմամբ՝ յուրաքանչյուրը մոտ 300 Մվտ հզորությամբ մոդուլային ռեակտորների կառուցումը՝ որպես խորհրդային տարիներին կառուցված Մեծամորի ատոմակայանին փոխարինելու հնարավոր տարբերակ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում