Գլխավոր Լրահոս

Վարչապետը մտափոխվել է․ 1000 Մվտ-անոց ատոմակայան է պետք, մոդուլայինը կարող է չհերիքել

Վարչապետը մտափոխվել է․ 1000 Մվտ-անոց ատոմակայան է պետք, մոդուլայինը կարող է չհերիքել

«Չի բացառվում, որ 1000 մեգավատանոց ատոմային կայանը ամենատրամաբանական լուծումը լինի»,- կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ նախկինում առաջարկվող մոդուլային ատոմակայանն այլևս բավարար չէ արհեստական բանականության գործարանների պատճառով առաջացած էլեկտրաէներգիայի դեֆիցիտը ծածկելու համար։

«Հայաստանի Հանրապետությունը մի տարի չորս ամիս առաջ էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող պետություն էր և մենք պետք է մտածեինք մեր ավել էներգիան որտեղ սպառենք։ Մի տարի հետո Հայաստանի Հանրապետությունը դարձել է էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունեցող պետությու»,- ասել է վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահի հետ ստորագրված հուշագրից հետո հաստատված խոշոր ներդրումային ծրագրերն ամբողջությամբ սպառել են էլեկտրաէներգիայի ավելցուկը։ Նա նշել է, որ արհեստական բանականության նոր գործարանների ներդրողներն արդեն գրավոր դիմում են կառավարությանը՝ էներգիայի տրամադրման հստակեցման պահանջով։

«Նախկինում ես տասնյակ անգամ ասել եմ, որ մեզ մոդուլային ատոմակայանից ավել ոչ մի բան պետք չի, և սա է եղել մեր դիրքորոշումը։ Բայց հիմա այս փոփոխության բերումով մենք պետք է հասկանանք, որովհետև մոդուլայինը մեզ մեծ հավանականությամբ այլևս չի հերիքելու»,- ընդգծել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ հարցը ներկայումս գտնվում է փորձագիտական քննարկումների փուլում, և հստակ որոշումը կկայացվի առաջիկա ամիսներին՝ մինչև 2027-ի ավարտը նախատեսված ժամկետներում։ Նա հավելել է, որ որոշումը պետք է ընդունվի հնարավորինս շուտ, քանի որ նոր ատոմակայանի կառուցումը և ցանցին միացումը տևում է շուրջ յոթից ութ տարի։

Նախօրեին վարչապետ Նիկոլ փաշինյանն ընդունել էր «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին։ Վերջինս վարչապետին է ներկայացրել ատոմակայանի փոքր և միջին հզորության էներգաբլոկների կառուցման ռուսական առաջարկները։

Դեռևս մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հաշվի առնելով արևային էներգիայի զարգացման տեմպերը՝ Հայաստանը 1000 ՄՎտ-անոց ատոմակայանների կարիք չի ունենալու, որովհետևունի սեփական ռեսուրսը՝ արևային էներգիան։

«Մենք հիմա կենտրոնացած ենք և ցանկանում ենք ունենալ մոդուլային ատոմակայան, քանի որ անհրաժեշտության դեպքում հետագայում հնարավոր կլինի կառուցել նոր էներգաբլոկներ»,- ասել էր վարչապետը։

Կառավարության 2026-2031 թվականների ծրագրով նախանշված է, որ մինչև 2027-ի ավարտը Հայաստանը արդեն պետք է ընտրություն կատարած լինի նոր ատոմակայանի տեխնոլոգիայի հարցում։

Հայաստանի պաշտոնյաները նախկինում նախապատվություն են տվել համեմատաբար փոքր հզորությամբ ատոմակայանի գաղափարին, որն ավելի համապատասխան կլինի երկրի էլեկտրաէներգետիկ համակարգի չափերին։ Հնարավոր հիմնական տարբերակներից մեկը փոքր մոդուլային ռեակտորներն են։

Մեծամորի ատոմակայանն այժմ ապահովում է Հայաստանի տարեկան էլեկտրաէներգիայի արտադրության մինչև 30 տոկոսը։ Հայաստանը 2023-ին «Ռոսատոմի» հետ ստորագրել է $65 մլն-ի արդիականացման համաձայնագիր՝ խորհրդային նախագծմամբ ռեակտորը մինչև 2036-ը շահագործելու նպատակով։

Խուդաթյանը հունիսին հայտարարել էր, որ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը Հայաստանին թույլ է տալիս չշտապել նոր ատոմակայանի վերաբերյալ որոշման հարցում։ Նա նշել էր, որ որոշումը կարող է հետաձգվել մինչև 2027-ը։ Կառավարության նոր ծրագիրն այժմ պաշտոնապես 2027-ի ավարտն է սահմանում որպես առնվազն տեխնոլոգիայի ընտրության վերջնաժամկետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում