Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը, հանդես չի եկել պաշտոնական ուղերձով։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ ինքը վերջին հինգ տարիներին սպառիչ խոսել է պատերազմի բոլոր մանրամասների մասին և այս պահին նոր ասելիք չունի։
«44-օրյա պատերազմի մասին նոր բան ասելու չկա։ Երբ որ նոր բան ունենամ ասելու, կասեմ այդ ասելիքը»,- հոկտեմբերի 1-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ նման ուղերձում անհրաժեշտ կլիներ կիրառել քաղաքական ընթացիկ տրամաբանությունից և պայմանավորվածություններից բխող բառապաշար։ Ըստ նրա՝ դա հետագայում կարող էր շահարկումների առիթ դառնալ որոշակի եզրույթների, այդ թվում՝ «Արցախ», «ագրեսիա» կամ «ցեղասպանություն» բառերի առկայության կամ բացակայության շուրջ։
Անդրադառնալով հիշատակի արարողություններին՝ Փաշինյանն ընդգծել է, որ պետությունը սահմանել է Հայրենիքի համար զոհվածների հիշատակի միասնական օր։ Նրա գնահատմամբ՝ դա արվել է տարբեր իրադարձությունների, այդ թվում՝ 2016-ի Ապրիլյան պատերազմի կամ 2022-ի սեպտեմբերյան էսկալացիայի զոհերին հավասարապես վերաբերվելու և որևէ հանգամանք մոռացության չմատնելու նպատակով։
«Մեր պատմությունը շատ ողբերգական օրեր ունի։ Պետական տոնացույցը, տոների և հիշատակի օրերը պետք է լինեն ուղեցույց»,- ասել է նա։
Անդրադառնալով սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերով Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակմանը, վարչապետն ասել է․
«Մենք պիտի հասկանանք, իսկ մեր հեռարձակած բոլոր համերգների օրերին է, որ մենք տասնյակ զոհեր չենք ունեցել։ Հենց այսօր մենք ունեցել ենք զոհեր բազմաթիվ, ո՞նց վերաբերվենք, հետո գալու է նոյեմբերի ինը։ Ուզում եմ հասկանամ, ասենք, ութ տարի հետո կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե՞ չէ»։












