Հանրայինը ներողություն է խնդրել պատերազմի տարելիցին Թաթայի համերգը հեռարձակելու համար

Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին՝ արցախյան պատերազմի տարելիցի օրը, Թաթա Սիմոնյանի համերգը հեռարձակելու համար։
«Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։
Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։
Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։
Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար»,- ասված է Հանրայինի տարածած հաղորդագրության մեջ։
44-օրյա պատերազմի տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվել է Թաթա Սիմոնյանի համերգը։ Այս երևույթը հանրության շրջանում դժգոհություն ու վրդովմունք է առաջացրել։ Երևույթին արձագանքել է նաև Թաթան, նշելով, որ նման օրով իր համերգը ցուցադրելը կոպիտ սխալ է։
«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը:
Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը:
Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու:
Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ:
Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգիչը:











