Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այցելել է Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին։ Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
ՄԻՊ-ից հայտնում են, որ Անի Ավետիսյանի, նրա երեխաների իրավունքներին, ինչպես նաև դեպքին առնչվող բոլոր հարցերը գտնվում են Պաշտպանի ուշադրության ներքո և հասցեավորվելու են ըստ իրավասության։
Գրասենյակից հայտնում են՝ Պաշտպանը կարևորել է դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բազմակողմանի, օբյեկտիվ և պատշաճ քննության իրականացումը։
«Նշված դեպքով իրականացվում է ազատությունից զրկված անձի իրավունքների ապահովման մշտադիտարկում»,- ասված է ՄԻՊ հաղորդագրությունում։
Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասից ինքնակամ հեռացած զինծառայող Նասիմի Մուսաևը հայտնվել է Հայաստանի տարածքում։ Հոկտեմբերի 1-ին նա ապօրինի մուտք է գործել Սյունիքի Շաքի բնակավայրի տուն և կրակոցներ արձակել՝ վիրավորելով կնոջն ու վնասվածքներ պատճառելով նրա երկու երեխաներին։ Նա ձերբակալվել է և երկու ամսով կալանավորվել։












