Գլխավոր Լրահոս

«Զենքը պահել էր երեխու վրա, քույրս իրենով է փակել»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը՝ դեպքի մանրամասների մասին

«Զենքը պահել էր երեխու վրա, քույրս իրենով է փակել»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը՝ դեպքի մանրամասների մասին

Սյունիքի մարզի Շաքի բնակավայրի տներից մեկը ներխուժած ադրբեջանցի զինծառայողի կրակոցների հետևանքով վիրավորված կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը, դեպքից նոր մանրամասներ է պատմել լրագրողներին։ Նրա փոխանցմամբ՝ միջադեպը սկսվել է այն ժամանակ, երբ երեխաները վերադարձել են դպրոցից։

«Երեխեքը դպրոցից տուն գալուց են եղել, նկատել են, որ կողպեքը կոտրված է»,- ասել է նա։

Ինչպես պատմել է տուժածի քույրը, ներս մտնելով՝ երեխաները տեսել են տակնուվրա արված խոհանոցը, իսկ հյուրասենյակում նկատել են պառկած զինված ադրբեջանցուն, որը հարձակվել է նրանց վրա և խլել հեռախոսները։ Այդ ընթացքում երեխաներից մեկի հեռախոսակապը միացված է եղել, և Սիսիանում գտնվող մայրը, լսելով երեխաների ճիչերը, դանակ է վերցրել ու շտապել Շաքի։

Արփի Ավետիսյանի խոսքով՝ տուն հասնելով և տեսնելով փակ դարպասը՝ քույրը հարևանի բակով թռել է պատի վրայով։ Այդ պահին երեխաները զգուշացրել են մորը․ «Մամ, մի մոտեցիր, զինված է»։

Տեսնելով, որ ադրբեջանցին զենքը պահել է երեխայի վրա՝ մայրն իրենով է փակել նրան․ «Քույրս ձեռքը պահել է»։ Ադրբեջանցի զինվորը կրակել է, մայրը ձեռքով պահել է հրացանի փողը, ինչի հետևանքով ձեռքի երեք մատները կորցրել է։ Դրանից հետո ադրբեջանցին կրակել է կնոջ ոտքին։

«Բութն է, ճկույթի կողքի երկու մատները․․․ չկա, այդ մատները չկա»։ Ավետիսյանի հաղորդմամբ՝ քույրը ստացել է նաև «ազդրի բազմաթիվ կոտրվածք, անոթի վնասվածք»,- պատմել է վիրավոր կնոջ քույրը։

Անդրադառնալով հետագա իրադարձություններին՝ վիրավոր կնոջ քույրը պատմել է լրագրողների, որ փամփուշտները վերջանալուց հետո, երբ ադրբեջանցին փորձել է նորից լիցքավորել զենքը, այդ պահին քույրը դանակով խփել է կրծքավանդակին։ Տուժածի քրոջ փոխանցմամբ՝ մորը պաշտպանելու համար պայքարի է բռնվել նաև որդին և բռունցքով հարվածել է ադրբեջանցու գլխին։

Մորաքույրը հայտնել է, որ միջադեպի հետևանքով վնասվածքներ են ստացել նաև երեխաները․ «Գիշերը 3:30 վիրահատել են երեխու մատը»,- ասել է կնոջ քույրը։

Տուժած կինն առաջնային բուժօգնությունն ստացել է Սիսիանում, որտեղ անոթն են կապել, ապա տեղափոխվել Երևան։ Կնոջ փոխանցմամբ՝ քույրն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և նրան դեռ նոր վիրահատություն է սպասվում։

Հոկտեմբերի 1-ին Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրն ու հայտնվել Հայաստանի տարածքում։

Դատախազությունից հայտնել են, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Շաքի բնակավայրի տներից մեկը, որտեղ հայտնաբերվելուց հետո կրակ է արձակել զենքից։ Կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված կինը, իսկ նրա երկու անչափահաս երեխաները ստացել են մարմնական վնասվածքներ (դաստակի կոտրվածք և սալջարդ)։

Դեպքից հետո ադրբեջանցի զինծառայողը դիմել է փախուստի, սակայն նույն օրը՝ ժամը 15:30-ին, հայտնաբերվել է նույն փողոցի մեկ այլ տանը և ձերբակալվել։ Վիրավորված կինը Սիսիանի բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնությունն ստանալուց հետո տեղափոխվել է Երևան։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հայաստանի տարածք ներթափանցելու դեպքի առթիվ նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ պետական սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության հատկանիշներով։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում