Գլխավոր Լրահոս

Նոր հետազոտություններով Ծավի խմելու ջրում սնդիկի վտանգավոր մակարդակ չի հայտնաբերվել

Նոր հետազոտություններով Ծավի խմելու ջրում սնդիկի վտանգավոր մակարդակ չի հայտնաբերվել

Ավելի քան մեկուկես ամիս տևած ուսումնասիրություններից հետո Առողջապահության նախարարությունը հոկտեմբերի 28-ին հայտնել է, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջուրն անվտանգ է օգտագործման համար։ Նոր հետազոտությունների համաձայն՝ ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը։

Սեպտեմբերի սկզբին բնակավայրի խմելու ջրի որակի վերաբերյալ ահազանգից հետո իրականացված նախնական հետազոտություններով սնդիկի պարունակությունը գերազանցել էր թույլատրելի շեմը։ Հնարավոր առողջական ռիսկերը կանխելու նպատակով բնակիչներին հորդորել էին չօգտագործել ջուրը խմելու և կենցաղային նպատակներով։ Միաժամանակ կազմակերպվել էր անվտանգ խմելու ջրի մատակարարում։

Ջրի որակի համակողմանի ուսումնասիրության համար ստեղծվել էր միջգերատեսչական մասնագիտական հանձնաժողով։ Դրա համակարգմամբ մասնագետները նոր նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ են իրականացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրի տարբեր լաբորատորիաներում։

«Միջգերատեսչական հանձնաժողովի համակարգմամբ իրականացված հետազոտությունների արդյունքներով արձանագրվել է, որ խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հետազոտությունների արդյունքների հիման վրա ջուրը սնդիկի պարունակության ցուցանիշով անվտանգ է համարվել խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար։

Միաժամանակ նշվում է, որ խմելու ջրի որակի մշտադիտարկումը շարունակվելու է։

Ի՞նչ էր տեղի ունեցել Ծավում

Սեպտեմբերի 14-ին Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Ծավի բնակիչներից մեկը դիմել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղ՝ տեղեկացնելով, որ իր տան ծորակից հոսող ջրում մետաղական զանգված է նկատել։

Բնակչի տնից վերցված ջրի նմուշի լաբորատոր հետազոտությամբ արձանագրվել էր սնդիկի սահմանային թույլատրելի շեմի գերազանցում։ Այնուհետև կրկնակի նմուշառում էր կատարվել չորս կետից՝ այդ թվում ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։ Սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել էր թույլատրելի շեմի գերազանցում։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բնակիչներին հորդորել էր խմելու և կենցաղային նպատակներով օգտագործել միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուրը։ Նախարարության տեղեկացմամբ՝ այդ ժամանակ բնակիչների շրջանում սնդիկի ազդեցության հետ կապված առողջական ախտանշաններ չէին արձանագրվել։

Հոկտեմբերի 15-ին Ավանեսյանը հայտնել էր, որ ջրի փորձանմուշներն ուղարկվել են նաև արտերկրի լաբորատորիաներ՝ հետազոտությունների արդյունքները համադրելու և հնարավոր շեղումները հաստատելու կամ բացառելու նպատակով։

Ծավի խմելու ջրի հնարավոր աղտոտման առնչությամբ նախաձեռնվել էր նաև քրեական վարույթ՝ ջրերն աղտոտելու հոդվածով։

Հոկտեմբերի 5-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Ծավի խմելու ջրի ավազանի մոտակայքում երեք անձի կողմից ապօրինի լեռնահետախուզական և հանքարդյունահանման աշխատանքներ կատարելու վերաբերյալ տվյալներ են ձեռք բերվել։ Նրանց նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում, մեկ անձ կալանավորվել էր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում