Սյունիքի մարզի Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում ապօրինի հանքարդյունահանում իրականացնելու և պայթուցիկ նյութեր պահելու համար Վարդենիսի երեք բնակչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ նրանցից մեկը կալանավորվել է, հայտնում են Քննչական կոմիտեից։
Ըստ Քննչական կոմիտեի՝ Վարդենիս քաղաքի բնակիչներ Լ․Ա․-ն, Կ․Մ․-ն և Հ․Մ․-ն ձեռքի հորատման գործիքներով Ծավի խմելու ջրի ավազանի հարևանությամբ գտնվող չշահագործվող հանքախորշերից ապօրինի իրականացրել են լեռնահետախուզական և հանքարդյունահանման աշխատանքներ։ Դեպքի վայրում՝ ջրի ակունքից որոշակի հեռավորության վրա, հայտնաբերվել և առգրավվել են հագուստ, տարբեր շինարարական գործիքներ, պայթուցիկ նյութեր և պարկերով լցված հանքաքար։ ԱԱԾ-ից ստացված տեղեկությունների և ձեռք բերված ապացույցների համադրությամբ՝ երեք անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ռազմամթերքի ու այլ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հոդվածներով։
Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։ Ահազանգը ստացվել էր գյուղի բնակիչներից մեկից, որը ծորակի ջրում մետաղական զանգված էր նկատել։ Լաբորատոր հետազոտություններով ջրաղբյուրում և ծորակներում հաստատվել էր սնդիկի բարձր մակարդակը, ինչից հետո բնակիչներին հորդորել էին զերծ մնալ ջրի օգտագործումից։












