Կարգադրագիր է տրվել՝ դադարեցնել Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի ջրօգտագործումը և բնակչության կենցաղային ու ֆիզիոլոգիական կարիքների համար անհրաժեշտ ջրով ապահովել։ Այս մասին հայտնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
Ավելի վաղ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։
«Խնդրի հրատապությամբ, ինչպես նաև բնակչության առողջության և անվտանգության ապահովման առաջնահերթությամբ պայմանավորված՝ սեպտեմբերի 13-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար կազմն այցելել է Սյունիքի մարզ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտ միջոցառումները քննարկելու նպատակով։
Միաժամանակ, Տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ ջրի ախտահարման հետ կապված խնդրի պատճառները պարզելու ուղղությամբ»,- ասված է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։
Անդրադառնալով խնդրին՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ համայնքի բնակիչներին հորդորել է այս ընթացքում խմելու և կենցաղային (սննդի լվացում, պատրաստում, լվացվել) նպատակներով օգտագործել միայն համայնքի կողմից տրամադրվող ջուրը կամ շշալցված տարբերակը:
«Գանգատների՝ թուլություն, գլխացավ, սրտխառնոց, այտուցներ, ձեռքերի դող, մաշկի ցանավորում կամ ինքնազգացողության այլ վատթարացման դեպքում անհապաղ դիմել բժշկի»,- ֆեյսբուքում գրել է նախարարը։










