Գլխավոր Լրահոս

Մեր սահմանային ուղեկալների հետ կապված խնդիր ունենք․ Անդրանիկ Քոչարյան

Մեր սահմանային ուղեկալների հետ կապված խնդիր ունենք․ Անդրանիկ Քոչարյան

«Մեր սահմանային ուղեկալների հետ կապված խնդիր ունենք, որը պետք է լուծել»,- ԱԺ-ում ճեպազրույցում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզ ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման դեպքին։

Հարցերին, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողին հաջողվել հատել սահմանն ու երկու օր գտնվել քաղաքացու բնակարանում, Քոչարյանը նշել է, որ վերջնական գնահատականներ կտրվեն ծառայողական քննության եզրակացությունից հետո։

«Մեր բոլոր ծառայությունները համակցված պետք է միասին այս դեպքի առնչությամբ ոչ միայն քննություն իրականացնեն, այլ տոտալ ամբողջ տարածքը տակնուվրա անեն»,- հայտարարել է պատգամավորը։

Անդրադառնալով վարկածին, թե արդյոք ներթափանցած անձը մոլորվել է, թե դիվերսանտ է եղել, Քոչարյանը շեշտել է, որ պետք է ամբողջ խորությամբ ուսումնասիրել բոլոր սցենարները։ Նրա գնահատմամբ՝ քանի որ տեղի բնակիչը կարողացել է պաշտպանել իրեն ու ընտանիքին, գործ ունենք Հայաստանի տարածք թափանցած համազգեստով ադրբեջանցի զինծառայողի հետ, այլ ոչ թե հատուկ պատրաստված ստորաբաժանման։ Այնուամենայնիվ, նա չի բացառել, որ նման քայլերով հակառակորդը կարող էր փորձել մոլորության մեջ գցել հայկական կողմին։

«Եթե հատուկ ծառայությունները նպատակ ունենան, ուր ասես կհասնեն։ Իհարկե, ո՛չ համազգեստով, ո՛չ էդ ձևով, ո՛չ ինքնաձիգով, բայց հիմա մի իրողության հետ ենք առնչվել, որ դա պետք է ապագայում բացառել, որովհետև էդ մարդը 2 օր եղել է ոչ միայն տարածքում, այլև մեր քաղաքացու բնակարանում»,- ասել է Քոչարյանը։

Հիշատակելով 2023-ին Սյունիքում գրանցված նմանատիպ դեպքը, երբ ադրբեջանցի զինծառայողները սպանել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահանորդին, պատգամավորն ընդգծել է, որ դրանից հետո հսկայածավալ աշխատանքներ են կատարվել, և հիմա պետք է պարզել, թե ինչպես է դարձյալ նման միջադեպ հնարավոր եղել։

Ինչ վերաբերում է ձերբակալվածին Ադրբեջանին հնարավոր հանձնմանը, Քոչարյանը նշել է, որ հարուցվել է քրեական գործ և պետք է առաջնորդվել օրենքի պահանջներով։ «Հանձնելը պարզապես չի լինում, ինչ-որ բանի դիմաց է լինում», - հավելել է նա։

Հոկտեմբերի 1-ին Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրն ու հայտնվել Հայաստանի տարածքում։

Դատախազությունից հայտնել են, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Շաքի բնակավայրի տներից մեկը, որտեղ հայտնաբերվելուց հետո կրակ է արձակել զենքից։ Կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված կինը, իսկ նրա երկու անչափահաս երեխաները ստացել են մարմնական վնասվածքներ (դաստակի կոտրվածք և սալջարդ)։

Դեպքից հետո ադրբեջանցի զինծառայողը դիմել է փախուստի, սակայն նույն օրը՝ ժամը 15:30-ին, հայտնաբերվել է նույն փողոցի մեկ այլ տանը և ձերբակալվել։ Վիրավորված կինը Սիսիանի բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնությունն ստանալուց հետո տեղափոխվել է Երևան։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հայաստանի տարածք ներթափանցելու դեպքի առթիվ նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ պետական սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության հատկանիշներով։

Ադրբեջանի քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը երկու ամսով կալանավորվել է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում