Գարեջրագործական Carlsberg ընկերությունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ համաձայնել է գնել PepsiCo-ի շշալցնող ընկերությունները Հայաստանում և Վրաստանում՝ ընդլայնելով իր գործընկերությունն ամերիկյան խմբի հետ, քանի որ մեծացնում է իր ներկայությունը զովացուցիչ ըմպելիքների շուկայում։
Reuters-ի փոխանցմամբ՝ գործարքների արժեքը չի հրապարակվել։ Հաղորդվում է, որ Carlsberg-ը Revery ընկերությունից կգնի Վրաստանում գործող Iberia Refreshments-ը և JI Pepsi Cola Bottler Armenia-ն։ Այսկերպ այն կստանձնի երկու երկրներում PepsiCo-ի զովացուցիչ ըմպելիքների արտադրությունը, վաճառքն ու բաշխումը։
Ընկերությունը հայտնել է, որ այս երկու բիզնեսները Ադրբեջանի հետ միասին կձևավորեն Հարավային Կովկասի կլաստեր՝ ստեղծելով հարթակ՝ տարածաշրջանում ըմպելիքների ավելի լայն տեսականի զարգացնելու համար։
Reuters-ը նաև հաղորդում է, որ Հայաստանում գործարքը պետք է հաստատի երկրի կառավարությունը։












