Ռուսական սանկցիաներ. Վրաստանի փորձն ու Հայաստանի հնարավորությունները

Գևորգ Թոսունյան
Տասնամյակներ շարունակ Հայաստանը մեծապես կախված է ռուսական գազից, իսկ էներգետիկ ակտիվների զգալի մասը պատկանում է ռուսական կամ ռուսական կապիտալով ընկերություններին։ ՍիվիլՆեթը զրուցել է Իլիայի պետական համալսարանի դոցենտ, էներգետիկայի հարցերով փորձագետ Մուրման Մարգվելաշվիլիի հետ այն մասին, թե ինչ է Վրաստանն իրականացրել ռուսական գազի մատակարարումների հնարավոր սահմանափակման կամ գների բարձրացման դեպքում, ինչպես է օգտագործել տարածաշրջանային ենթակառուցվածքները և ինչ առաջնահերթ քայլեր է ձեռնարկել երկրի էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու համար։
Ռուսաստանը կասեցրել է ծովամթերքի, ալյուրի, մրգերի, բանջարեղենի և այլ ապրանքների ներմուծումը Հայաստանից. սա առաջին դեպքն է, երբ Ռուսաստանը հաջորդաբար արգելքներ է սահմանել Հայաստանից արտահանվող բոլոր այս ապրանքների վրա։ Հայաստանում սա որպես կոշտ գործողություններ են գնահատում, նման նախադեպ չի եղել։ Արդյոք Վրաստանը նման փորձ ունեցե՞լ է Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության պարագայում։
Երբ Ռուսաստանն արգելեց վրացական գինու ներմուծումը, պարզվեց, որ դա լավագույն բանն էր, որ կարող էր պատահել վրացական գինեգործության հետ։ Երկու տարվա ընթացքում որակը կտրուկ բարձրացավ, և մենք սկսեցինք արտահանել միջազգային շուկաներ։ Ռուսաստան անորակ արտադրանք ուղարկելու փոխարեն մենք սկսեցինք արտադրել բարձրորակ ապրանք և մատակարարել համաշխարհային շուկաներ։ Այնպես որ, մի կողմից, սա ծանր հարված է Հայաստանին, և ես կարծում եմ, որ գյուղատնտեսության ոլորտի համար դժվար կլինի։ Բայց դա նաև մեծ հնարավորություն է ձեզ համար։ Ճգնաժամն ունի երկու կողմ. այն հաճախ լավագույն հնարավորությունն է կյանքում։


Եթե Ռուսաստանը, որպես քաղաքական ճնշման միջոց, սահմանափակի մատակարարումները կամ բարձրացնի գները, ի՞նչ գործնական այլընտրանք կունենա Հայաստանը։
Նախքան այդ ուղղությամբ շարժվելը, ուզում եմ մեկ ելակետային դիտարկում անել։ Ներկայիս իրավիճակը խիստ անկայուն է. մենք ունենք տարածաշրջանային երկու խաղացողներ՝ Ռուսաստանն ու Իրանը, որոնք երկուսն էլ պատերազմի մեջ են, ուստի այս պահին հստակ կանխատեսումներ անելը մի փոքր վաղաժամ է։
Ինչ վերաբերում է կառավարությանն ուղղված հանձնարարականներին՝ ստեղծված իրավիճակն ապագայի համար ուղիղ ուղեցույց չի տալիս, բայց ուղենիշներից մեկն այն է, որ պետք է պատրաստ լինել ամեն ինչի, քանի որ իրավիճակն անկայուն է, և պետք է ակտիվ լինել։ Կա նաև իրավիճակը ձևավորելու ներուժ, և կարծում եմ՝ Հայաստանը կարող է դերակատարում ստանձնել տարածաշրջանի ապագա զարգացումների կերտման գործում։ Դա կարող է հետաքրքիր հնարավորություն լինել Հայաստանի համար։
Այժմ, ինչ վերաբերում է ռուսական գազի անջատման կամ գների բարձրացման հավանականությանը․ ես շատ բան չգիտեմ Հայաստանի էներգետիկ համակարգի մասին, բայց որքանով տեղյակ եմ, կարծում եմ, որ նման իրավիճակը հաղթահարելու հնարավորությունները բավականին սահմանափակ են։ Չեմ կարծում, որ Իրանն ի վիճակի կլինի միջամտել և փոխհատուցել գազի պակասը, և չեմ էլ կարծում, թե Ադրբեջանն ունի հավելյալ հասանելի գազ։
Այն, ինչ այժմ պետք է անի Հայաստանը, այլընտրանքներ մշակելն է։ Հնարավորություններից մեկը․ Հայաստանը որոշ ժամանակ օգտագործել է թուրքմենական գազ՝ Իրանի հետ փոխանակման (սվոփ) միջոցով։ Քանի որ դուք ունեք կապ Իրանի հետ, որն ամբողջությամբ չի օգտագործվում, Հայաստանի կառավարությունը կարող է փորձել ավելի խորությամբ ուսումնասիրել Թուրքմենստանի հետ այդ հնարավորությունը։ Այլապես, վախենում եմ, որ շատ այլընտրանքներ չկան փոխհատուցելու Ռուսաստանից եկող ավելի քան երկու, կարծում եմ, մոտ երեք միլիարդ խորանարդ մետր գազի ծավալը, հատկապես ձմեռային ջեռուցման շրջանում։
Ուզում եմ նաև հիշեցնել, որ կարևոր է ոչ միայն գազի մատակարարման ընդհանուր ծավալը, այլև դրա ժամկետները։ Եթե Ռուսաստանը ցանկություն ունենա փոխելու Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի քաղաքական դիրքորոշումը, ապա կարող է որոշել անջատել մատակարարումը ձմռանը, ինչպես դա արեց Վրաստանում։
Խոսելով 2006-ի ռուսական գազային ճգնաժամից հետո Վրաստանի փորձի մասին՝ ի՞նչ կոնկրետ քայլեր ձեռնարկեց Վրաստանը, որպեսզի կրկին չհայտնվի նման իրավիճակում։
Այդ քայլերը չեն ձեռնարկվել 2006-ից հետո. Վրաստանն արդեն իսկ Ռուսաստանից դիվերսիֆիկացվելու ուղիով էր գնում։ 2002-ին Վրաստանը և Թուրքիան միջազգային կոնսորցիումի հետ համաձայնագիր ստորագրեցին «Հարավային գազային միջանցքի» կառուցման վերաբերյալ։ 2006-ին այդ շինարարությունն արդեն մոտենում էր ավարտին, և տարեվերջին գազը պետք է սկսեր հոսել։ Դա Ռուսաստանի վերջին հնարավորությունն էր՝ օգտագործելու գազը որպես լծակ՝ Վրաստանի քաղաքական իրավիճակի վրա ազդելու համար, քանի որ այլընտրանքային ենթակառուցվածքն արդեն շահագործման էր հանձնվում։
Այդ նախապատրաստական քայլերն արվել էին նախապես։ 2006-ին տեղի ունեցավ այն, որ Ադրբեջանը որոշ ժամանակով կրճատեց իր արդյունաբերական սպառումը և որոշակի քանակությամբ գազ մատակարարեց որպես հրատապ օգնություն, քանի որ անջատվել էր ոչ միայն գազը. մենք Ռուսաստանից նաև մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա էինք ներմուծում, և Ռուսաստանը միաժամանակ անջատել էր և՛ գազը, և՛ էլեկտրաէներգիան։ Մենք շատ ծանր վիճակում էինք հայտնվել։




Ադրբեջանն անհապաղ օգնություն ցուցաբերեց, իսկ հետո մեզ օգնեց իրանական գազը, որն այն ժամանակ գալիս էր հին, կիսաքանդ խողովակաշարով։ Մենք կորուստը փոխհատուցեցինք իրանական գազ ներմուծելով։ Դա լիարժեք փոխհատուցում չէր, բայց այն օգնեց, մինչև գազամատակարարումը քիչ թե շատ կվերականգնվեր։
Համոզված չեմ, որ Հայաստանն այս պահին ունի նույն հնարավորությունները, բայց հուսով եմ, որ եթե նման կտրուկ անջատում լինի (ինչի հավանականությունն այս պահին փոքր է), գոնե որոշակի աջակցություն կլինի և՛ Իրանից, և՛ Ադրբեջանից։ Հայաստանը պետք է մշակի արտակարգ իրավիճակների ծրագրեր, որպեսզի նման դեպքերում փոխադարձ աջակցության պայմանավորվածություններն արդեն առկա լինեն։
Տեղադրություն











