Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրացական իշխանամետ Imedi հեռուստաալիքի բաժնեմասերը վերաբաշխվել են չորս անձանց միջև, իսկ «Վրացական երազանքի» ցուցակով խորհրդարան ընտրված և այժմ «Ժողովրդի ուժ» կուսակցության անդամ Վիկտոր Ջափարիձեն POSTV-ում իր 52 տոկոս բաժնեմասը վաճառել է 1000 լարիով՝ մոտ 380 դոլարով։ Փոփոխությունները տեղի են ունենում մի քանի ամիս անց այն բանից, երբ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ սահմանեց երկու հեռուստաալիքների նկատմամբ՝ պատճառաբանելով, որ դրանք միտումնավոր ապակողմնորոշող տեղեկություններ են տարածել Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման մասին։
Imedi-ի մայր ընկերության՝ Georgian Media Production Group-ի սեփականության կառուցվածքը փոխվել է․ այժմ ընկերության բաժնեմասերը հավասարաչափ՝ 25-ական տոկոսով, պատկանում են չորս անձանց։
Վրաստանի հանրային ռեգիստր ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ Prime Media Global-ը, Վասիլ Կալանդարիշվիլին և Նաթիա Սոնղուլաշվիլին ամբողջությամբ հրաժարվել են ընկերությունում իրենց բաժնեմասերից։
Նոր բաժնետեր է դարձել հեռուստահաղորդավար Մագդա Անիկաշվիլին, իսկ Imedi-ի գլխավոր տնօրեն Մարիամ (Մակա) Լոմիձեն, հեռուստահաղորդավար Իրակլի Չիխլաձեն և ծրագրերի ղեկավար Մայա Չիգոշվիլին իրենց բաժնեմասերը 10 տոկոսից հասցրել են 25 տոկոսի։
Բաժնեմասերը փոխանցվել են խորհրդանշական գներով։ Կալանդարիշվիլին և Սոնղուլաշվիլին իրենց 10-ական տոկոս բաժնեմասերից հրաժարվել են յուրաքանչյուրը 100 լարիի՝ մոտ 38 դոլարի դիմաց, իսկ Prime Media Global-ը իր 50 տոկոս բաժնեմասը վաճառել է 500 լարիով՝ մոտ 190 դոլարով։
OC Media-ն մեկնաբանության համար կապվել է Imedi-ի Իրակլի Չիխլաձեի հետ, սակայն նա հրաժարվել է մեկնաբանել։
Մինչ այս փոփոխությունները Prime Media Global-ին պատկանում էր Georgian Media Production Group-ի 50 տոկոսը, իսկ մյուս կեսը հավասար բաժանված էր հինգ անձանց միջև՝ յուրաքանչյուրին 10 տոկոս։
Imedi-ի վաճառքի մասին գործարար Իրակլի Ռուխաձեն հայտարարել էր փետրվարի 6-ին։
Հանրային ռեգիստրի փաստաթղթերը ցույց են տալիս, որ Prime Media Global-ը Georgian Media Production Group-ը ձեռք էր բերել 1000 լարիով՝ մոտ 380 դոլարով։
Այդ ժամանակ հայտարարվել էր, որ Prime Media Global-ը կպահպանի 50 տոկոս բաժնեմասը, իսկ մյուս կեսը կանցնի հեռուստաալիքի տնօրենին և նրա չորս տեղակալներին։
Փետրվարի 24-ին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ սահմանեց Imedi-ի և POSTV-ի նկատմամբ։ Հաջորդ օրը Ռուխաձեն և Imedi-ի վերահսկիչ խորհրդի ևս երեք անդամներ հրաժարական տվեցին։
Սեպտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Imedi-ն 2025-ն ավարտել է 43 միլիոն լարի՝ մոտ 16 միլիոն դոլար վնասով, իսկ տարիների ընթացքում կուտակված ընդհանուր վնասը հասել է 497 միլիոն լարիի՝ մոտ 185 միլիոն դոլարի։
Հեռուստաալիքն ունի նաև զգալի ֆինանսական պարտավորություններ, այդ թվում՝ 359 միլիոն լարի՝ մոտ 137 միլիոն դոլար վարկեր, որոնք տրամադրել են բաժնետերերն ու փոխկապակցված ընկերությունները։
Աուդիտ իրականացրած ընկերությունը նշել է, որ ֆինանսական վիճակը կասկածի տակ է դնում ընկերության՝ գործունեությունը շարունակելու կարողությունը։
«Ժողովրդի ուժ» կուսակցության անդամ Վիկտոր Ջափարիձեն POSTV-ում իր 52 տոկոս բաժնեմասը վաճառել է 1000 լարիով՝ մոտ 380 դոլարով։
Գիորգի Շենգելիան, որը նախկինում կառավարում էր Ջափարիձեի բաժնեմասը, այժմ հեռուստաալիքի մեծամասնական բաժնետերն է։ Վերաբաշխումից հետո POSTV-ի բաժնետերերն են Շենգելիան՝ 52 տոկոս, Թեմուր Չարելաշվիլին՝ 24 տոկոս և Շալվա Ռամիշվիլին՝ 24 տոկոս։
OC Media-ն մեկնաբանության համար կապվել է նաև Ջափարիձեի հետ։












