Գլխավոր Լրահոս

Թրամփը ստորագրել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքը

Թրամփը ստորագրել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքը, որը նրա վարչակազմին նոր գործիքներ է տալիս Մոսկվայի էներգետիկ եկամուտները սահմանափակելու և ռուսական նավթ ու գազ գնող երկրների նկատմամբ ճնշում գործադրելու համար, գրում է RFERL-ը։

Սպիտակ տունը սեպտեմբերի 18-ին հայտնել է, որ Թրամփը ստորագրել է 2026-ի՝ Լինդսի Օ. Գրեհեմի անվան Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքը։ Այն անվանակոչվել է Հարավային Կարոլինան ներկայացնող հանգուցյալ սենատորի պատվին, որը հանդես էր գալիս Մոսկվայի նկատմամբ ավելի խիստ միջոցների կիրառման օգտին։

Օրինագիծը օգոստոսին Սենատում ընդունվել էր 86 կողմ և 11 դեմ ձայների հարաբերակցությամբ, իսկ սեպտեմբերի 16-ին Ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել դրան՝ 262 կողմ և 159 դեմ ձայներով։

Նոր օրենքը նախագահի վարչակազմին լայն լիազորություններ է տալիս պատժամիջոցներ և մաքսատուրքեր սահմանելու Ռուսաստանի, նրա էներգետիկ հատվածի, ինչպես նաև գործող սահմանափակումները շրջանցելուն նպաստող օտարերկրյա կառավարությունների ու ընկերությունների նկատմամբ։ Սակայն օրենքի գործնական ազդեցությունը մեծապես կախված է լինելու Թրամփի որոշումներից։

Փաստաթուղթը նախագահին թույլ է տալիս մինչև 100 տոկոս մաքսատուրք սահմանել այն երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ, որոնք ռուսական նավթ կամ բնական գազ են գնում կամ օգնում են շրջանցել ամերիկյան պատժամիջոցները։

Օրենքը հատկապես կենտրոնանում է նախորդ 12 ամսում ռուսական նավթի կամ գազի հինգ խոշորագույն գնորդների, ինչպես նաև պատժամիջոցների շրջանցմանը զգալիորեն նպաստող երկրների վրա։ Վարչակազմը պարտավոր է յուրաքանչյուր 180 օրը մեկ վերանայել այդ երկրների ցանկը։

Սակայն օրենքի ստորագրումն ինքնաբերաբար չի նշանակում, որ, օրինակ, Չինաստանի կամ Հնդկաստանի ապրանքների նկատմամբ անմիջապես 100 տոկոս մաքսատուրք կսահմանվի։ Թրամփը կարող է հրաժարվել սահմանափակումներից, եթե որոշի, որ դա բխում է ԱՄՆ ազգային շահերից և Կոնգրեսին ներկայացնի համապատասխան հիմնավորում։

Օրենքը նախատեսում է միջոցներ նաև Ռուսաստանի, այսպես կոչված, ստվերային նավատորմի դեմ։ Խոսքը ռուսական էներգակիրների փոխադրման և սահմանափակումների շրջանցման համար օգտագործվող նավերի ու հարակից ցանցերի մասին է։ Պատժամիջոցները կարող են տարածվել նավերի սեփականատերերի, օպերատորների, կառավարիչների, ապահովագրողների և աջակցող այլ կառույցների վրա։

Թիրախում են հայտնվել նաև ռուսական հեղուկացված բնական գազի խոշոր նախագծերը, այդ թվում՝ «Յամալ ՀԲԳ»-ն և «Արկտիկ ՀԲԳ-2»-ը։ Օրենքը նաև մինչև 2031-ը երկարաձգում է 1996-ին ընդունված Իրանի դեմ պատժամիջոցների ակտի գործողությունը։

Փորձագետները զգուշացնում են, որ նոր օրենքն անմիջապես պատժամիջոցների ալիք չի առաջացնի։ Պետքարտուղարության պատժամիջոցների նախկին համակարգող Դանիել Ֆրիդը ողջունել է Թրամփի որոշումը, սակայն նշել է, որ նախագահը հրապարակային հայտարարություն չանելով բաց է թողել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին ուղերձ հղելու հնարավորությունը։

Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Լյուկ Քոֆին կարևորել է օրենքի խորհրդանշական նշանակությունն ու ընդունման պահը։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը նաև սահմանափակում է ամերիկյան ընկերությունների նոր ներդրումներն ու գործարքները Ռուսաստանում կամ ռուսական կազմակերպությունների հետ, քանի դեռ չի կնքվել Ուկրաինայի համար ընդունելի խաղաղության համաձայնագիր։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին և Կոնգրեսին՝ կոչ անելով օրենքի դրույթներն իրականացնել «ամբողջությամբ և արագ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում