Գլխավոր Լրահոս

Բաքվի աղմկոտ լռությունը

Բաքվի աղմկոտ լռությունը

Արդեն մի քանի օր է՝ ադրբեջանական տեղեկատվական դաշտում գրեթե լիակատար լռություն է ադրբեջանցի զինծառայողի պատմության շուրջ, որը ապօրինի ներթափանցել է Հայաստանի տարածք և այստեղ հանցագործություններ կատարել։

Կարծես ոչինչ չի եղել։

Չկա ոչ նկատելի հանրային քննարկում, ոչ ակտիվ բանավեճ, ոչ էլ ադրբեջանական փորձագիտական շրջանակների՝ նման դեպքերում սովորական դարձած բավական արագ ու կոշտ արձագանքը։ Թե՛ ինքը՝ զինծառայողը, թե՛ Հայաստանում նրա գործողությունների շուրջ առաջացած մեծ արձագանքը կարծես դուրս են մղվել Ադրբեջանի տեղեկատվական օրակարգից։ Թեման եթե ոչ ամբողջությամբ փակվել, ապա առնվազն հասցվել է հնարավոր նվազագույն տեսանելիության։ Գրեթե ոչինչ, բացի իրավապահ մարմինների պաշտոնական հաղորդագրություններից:

Եվ հենց սա է պատմության ամենահետաքրքիր կողմերից մեկը։

Անսովոր լռության տրամաբանությունը

Ադրբեջանական լրատվամիջոցները, փորձագիտական շրջանակներն ու սոցիալական մեդիայի ակտիվ հատվածը տարիներ շարունակ չափազանց ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։ Բաքվի համար կարևոր թեմաների դեպքում արձագանքը հաճախ լինում է գրեթե ակնթարթային։ Քննարկվում են ոչ միայն Հայաստանի իշխանությունների պաշտոնական հայտարարությունները կամ արտաքին քաղաքական քայլերը, այլև պատգամավորների խոսքերը, փորձագետների գնահատականները, լրագրողների հրապարակումները, երբեմն նույնիսկ Հայաստանի ներքաղաքական օրակարգի բավական երկրորդական դրվագներ։

Իսկ այս դեպքում՝ գրեթե լռություն։

Տարօրինակ է, չէ՞։

Առավել ևս, որ խոսքը պարզապես սահմանը հատած մարդու մասին չէ։ Այլ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցչի, որը հայտնվել է Հայաստանի տարածքում և կատարել հանցագործություն: Նման միջադեպը, հատկապես երկու երկրների միջև դեռևս չկարգավորված հարաբերությունների և փխրուն խաղաղության պայմաններում, ինքնին ոչ միայն քաղաքական, երբեմն անգամ աշխարհաքաղաքական երանգ է ստանում:

Այդ պատճառով տեղեկատվական լռությունն այստեղ կարող է նույնքան կարևոր լինել, որքան բարձրաձայն հայտարարությունները։

Իհարկե, չենք կարող հաստատ իմանալ՝ արդյոք թեման չշրջանառելու վերաբերյալ Բաքվում կոնկրետ քաղաքական որոշում կայացվել է, թե ոչ։ Բայց կարելի է փորձել հասկանալ այդ լռության հնարավոր տրամաբանությունը։

Առաջին և ամենապարզ բացատրությունը կարող է լինել թեմայի քաղաքական արժեքը հնարավորինս նվազեցնելու ցանկությունը։

Քաղաքականության մեջ, հատկապես բանակցային գործընթացներում, կարևոր է ոչ միայն այն, թե ինչ փաստեր կան սեղանին, այլև թե դրանցից յուրաքանչյուրն ինչ քաղաքական և հասարակական կշիռ է ձեռք բերել։ Որքան շատ է որևէ հարց քննարկվում, որքան ավելի մեծ է դրա շուրջ հանրային սպասումը և որքան ավելի բարձր է դրա խորհրդանշական արժեքը, այնքան ավելի դժվար է այն հետագայում անտեսել բանակցություններում:

Եվ հակառակը, երբ թեման արագ դուրս է մղվում օրակարգից, այն աստիճանաբար կորցնում է հանրային կշիռը՝ նվազեցնելով հնարավոր քաղաքական «մոնետիզացիայի» հավանականությունը:

Այս տեսանկյունից ադրբեջանցի զինծառայողի շուրջ լռությունը կարող է ունենալ շատ պրագմատիկ նպատակ. թույլ չտալ, որ նա Ադրբեջանում վերածվի քաղաքական կամ հասարակական նշանակություն ունեցող խնդրի։

Ինչո՞ւ դա կարող է կարևոր լինել։

Որովհետև ինչ-որ պահի Երևանը, տեսնելով դրա շուրջ հանրային ղամուկը, կարող է փորձել այդ հարցը ներառել Բաքվում պահվող հայ գերիների և այլ կալանավորված անձանց վերաբերյալ բանակցությունների մեջ, կամ պարզապես այն Բաքվին «վաճառել» հնարավորինս բարձր քաղաքական գնով։

Բանակցություններում նման կապակցումները նորություն չեն։ Կողմերից յուրաքանչյուրը փորձում է իր ձեռքում եղած հնարավոր լծակներն օգտագործել իրեն հետաքրքրող հարցերում առաջընթացի հասնելու համար։ Սակայն եթե Ադրբեջանում այդ թեման գրեթե գոյություն չունի, իշխանության համար ապագայում շատ ավելի հեշտ է գործել առանց հանրային ճնշման։ Չկա լայն քննարկում՝ չկա նաև հանրային պահանջ։ Չկա հերոսացման կամ զոհականացման գործընթաց՝ չկա վերադարձի շուրջ ձևավորված հասարակական սպասում։ Չկա ամենօրյա տեղեկատվական աղմուկ՝ հետևաբար չկա նաև քաղաքական գին, որը կառավարությունը ստիպված կլինի վճարել հարցը արագ լուծելու համար։

Հենց այստեղ է, որ լռությունն ունի կոնկրետ քաղաքական նշանակություն։

Երևանի «գերկառուցողական» դիրքորոշումը

Եվ այս համատեքստում հետաքրքիր է նաև Հայաստանի իշխանությունների արձագանքը։ Ադրբեջանցի զինծառայողի թեման Բաքվում գրեթե զրոյացնելու ֆոնին Երևանից, տևական լռությունից հետո, հնչեց այն վարկածը, թե զինծառայողը մառախուղի հետևանքով հայտնվել է Հայաստանի տարածքում։

Դատելով պրակտիկայից, կարելի է ենթադրել, որ 44-օրյա պատերազմից հետո ինչ-որ պահից Հայաստանի և Ադրբեջանի միջև լռելյան պայմանավորվածություն է ձեռք բերվել հակառակ կողմի տարածքում հայտնված զինվորներին առանց նախապայմանների հետ վերադարձնելու վերաբերյալ: Սակայն այս դեպքը տարբերվում է, քանի որ տեղի է ունեցել հանցագործություն: Արդեն իսկ այդ փաստով պայմանավորված՝ իրավիճակի հանգուցալուծումը բարդանում է, իսկ դրա քաղաքական գինը հայկական կողմի համար՝ մի քանի անգամ մեծանում։

Մյուս կողմից այստեղ գործ ունենք ոչ միայն կոնկրետ այս միջադեպի, այլև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ձևավորված ավելի լայն քաղաքական տրամաբանության հետ։ Եթե Բաքուն, թեման տեղեկատվական դաշտից դուրս մղելով, փորձում է հնարավորինս նվազեցնել իր զինծառայողի՝ ապագա բանակցային «առևտրում» ունեցած արժեքը, ապա Երևանը, իր հերթին, կարծես փորձում է թույլ չտալ, որ այս միջադեպը վերածվի կարգավորման գործընթացում նոր լարվածության աղբյուրի։

Գանձասարի շուրջ վերջին զարգացումներից հետո հայ-ադրբեջանական հարաբերություններում առանց այդ էլ որոշակի բացասական ֆոն է ձևավորվել։ Եվ տպավորություն է, որ Երևանն իր ընդգծված, երբեմն նույնիսկ «գերկառուցողական» դիրքավորմամբ փորձում է կառավարել նախկինում արդեն ի հայտ եկած ռիսկերը՝ թույլ չտալով, որ բանակցային գործընթացում առաջանան նոր վտանգավոր դադարներ կամ կուտակվի լրացուցիչ քաղաքական լարում։

Ընդ որում՝ Երևանը, ըստ ամենայնի, ելնում է նաև այն հաշվարկից, որ դեռևս խախտված կամ պատերազմից հետո չվերականգնված ուժային բալանսի պայմաններում նման սրացման հնարավոր բացասական հետևանքները, իշխանության տեսանկյունից, գերակշռում են այն հնարավոր օգուտներին, որոնք կարելի էր ստանալ այս միջադեպը որպես բանակցային լծակ օգտագործելու դեպքում։ Լծակը կիրառելու ցանկությունը քիչ է, այդ գործընթացը սպասարկել և իրավիճակը հօգուտ քեզ կառավարել է պետք:

Լռության ներքաղաքական շերտը

Բաքուն միջադեպի նշանակության «զրոյացման» համար նաև ունի Հայաստանից էապես տարբեր տեղեկատվական միջավայր։ Հայաստանում նման դեպքը դժվար կլիներ երկար ժամանակ հեռու պահել հանրային քննարկումից։ Կլինեին իշխանության և ընդդիմության փոխադարձ մեղադրանքներ, լրատվամիջոցների հրապարակումներ, հարցադրումներ խորհրդարանում, սոցիալական ցանցերի լայն քննարկումներ։ Թեման շատ արագ կդառնար ներքաղաքական օրակարգի մաս։

Ադրբեջանում տեղեկատվական դաշտի կառուցվածքը թույլ է տալիս շատ ավելի արագ բարձրացնել կամ, հակառակը, նվազեցնել որևէ թեմայի տեսանելիությունը։

Ուստի այստեղ կարող է լինել մեկ այլ հնարավոր հաշվարկ։

Թեմայի ակտիվ քննարկումն Ադրբեջանում անխուսափելիորեն առաջ կբերեր նաև անհարմար հարցեր. ինչպե՞ս է զինծառայողը հայտնվել Հայաստանի տարածքում, ինչ պայմաններում է նա հատել սահմանը, ինչո՞ւ դա հնարավոր դարձավ, արդյոք հաղթած բանակում ինչ-որ բան այն չէ՞, և, ի վերջո, ո՞վ է պատասխանատու այդ միջադեպի համար։ Որքան մեծանար թեմայի հանրային հնչեղությունը, այնքան ավելի շատ կլինեին նաև այս հարցերը։

Լռությունը հնարավորություն է տալիս խուսափել ոչ միայն արտաքին քաղաքական բարդությունից, այլև ներքին բացատրությունների անհրաժեշտությունից։

Հետևաբար այստեղ կարող են համընկնել մի քանի շահեր՝ նվազեցնել միջադեպի քաղաքական նշանակությունը, չստեղծել հանրային ակնկալիքներ զինծառայողի վերադարձի շուրջ, չավելացնել Երևանի հնարավոր բանակցային լծակը և միաժամանակ հնարավորինս սահմանափակել ներքին հարցադրումները։

Երբեմն քաղաքականության մեջ խոսուն են ոչ միայն հայտարարությունները։ Երբեմն ամենաշատը պատմում է հենց այն, ինչի մասին որոշում են չխոսել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում