Գլխավոր Լրահոս

Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսով

Լուսանկարում՝ Արթուր Դանիելյանը (ձախից) և նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատական նիստերի դահլիճում

Լուսանկարում՝ Արթուր Դանիելյանը (ձախից) և նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատական նիստերի դահլիճում

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

«Ադեկվատ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսով։ Այդ մասին հայտնել է Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Այսօր հայտնի դարձավ, որ «Ադեկվատ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը ձերբակալվել է։ Դանիելյանը պարբերաբար քննադատական գրառումներ է անում իշխանությունների հասցեին։

Ավելի վաղ Քննչական կոմիտեից հաղորդել էին, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում է ձերբակալվել Դանիելյանը։ Վարույթը վերաբերում է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու համար։ Աթանեսյանը օրվա ընթացքում հայտնել էր նաև, որ Դանիելյանի մեղադրանքը լրացվել է։ Նրա խոսքով՝ խուլիգանության հոդվածին ավելացվել է մի քանի դրվագ, որոնք բոլորը վերաբերում են ֆեյսբուքյան գրառումներին։ Բացի այդ, փաստաբանի հաղորդմամբ՝ ավելացվել է նաև 490-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ՖԲ գրառմամբ ԱԱԾ-ին արատավորելու համար։

Դանիելյանն առավոտյան Ֆեյսբուքում հայտնել էր, որ իրեն կանչել են Քննչական կոմիտե և պատրաստվում են մեղադրանք առաջադրել։ «Չգիտեմ՝ ինչի մասին ա, էական էլ չի։ Եթե քննիչի մոտից դուրս գամ, ուղիղ եթերով կմեկնաբանեմ այս ամենը»,- գրել էր նա։

Նույն գրառման մեջ Դանիելյանը պնդել էր, որ վերջին երեք օրերին ադրբեջանցիները տարածում են իր հին ելույթների թարգմանությունները և սպառնալիքներ հնչեցնում իր հասցեին՝ քրեական վարույթը կապելով այդ հանգամանքի հետ։

Ձերբակալությունից մոտ 12 ժամ առաջ Արթուր Դանիելյանը «Ֆեյսբուք»-ում «վիժվածք» էր անվանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեջբերելով Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողի և հայ գերիների հնարավոր փոխանակման վերաբերյալ նրա մեկնաբանությունը։

Արթուր Դանիելյանը նախկինում ևս ձերբակալվել է։ 2020-ին նա ձերբակալվել էր Ազգային ժողովի այն ժամանակվա փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ ծեծկռտուքից հետո։


Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասից ինքնակամ հեռացած զինծառայող Նասիմի Մուսաևը հայտնվել է Հայաստանի տարածքում։ Հոկտեմբերի 1-ին նա ապօրինի մուտք է գործել Սյունիքի Շաքի բնակավայրի տուն և կրակոցներ արձակել՝ վիրավորելով կնոջն ու վնասվածքներ պատճառելով նրա երկու երեխաներին։ Նա ձերբակալվել է և երկու ամսով կալանավորվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում