Իտալիայի Միլան քաղաքում կյանքի թանկացման, վառելիքի բարձր գների և ցածր աշխատավարձերի դեմ կազմակերպված բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Շուրջ 5000 մարդ է մանսակցել ցույցին, որի ընթացքում մոտ 50 մարդ բերման է ենթարկվել, կան վիրավորներ։ Հայտնում են իտալական լրատվամիջոցները։
Բախումների հետևանքով վնասվել են ավտոբուսի կանգառներ, խանութների ցուցափեղկեր, շենքերի ապակիներ և ոստիկանության մեքենաներ։
Բողոքի ակցիաները սկսվել են հոկտեմբերի 17-ին։ Հոկտեմբերի 18-ին հրապարակված տվյալների համաձայն՝ բերման ենթարկված շուրջ 50 անձանց գրեթե կեսն անչափահաս է։ Վիրավորվել է մոտ 20 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։
Բողոքի ցույցերն ու ոստիկանության հետ բախումները չեն սահմանափակվել Միլանով։ Անկարգություններ են գրանցվել նաև Թուրինում, Բոլոնիայում և Բերգամոյում։
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին դատապարտել է բռնությունները՝ ընդգծելով, որ խաղաղ ցույցեր անցկացնելը քաղաքացիների իրավունքն է, սակայն բռնություններն ու ավերածություններն անընդունելի են։
Սեպտեմբերի կեսերից բողոքի ցույցեր են ընթանում նաև Ֆրանսիայում։ Սակայն Ֆրանսիայում և Իտալիայում տեղի ունեցող ցույցերի միջև անմիջական կազմակերպչական կապի մասին հաստատված տեղեկություններ դեռևս չկան։












