«Չկա կենսաբազմազանության պաշտպանություն՝ առանց մարդու իրավունքների» նախաձեռնության անդամները հոկտեմբերի 20-ին դեսպանատների դիմաց ակցիա են անցկացրել՝ կոչ անելով COP17-ի շրջանակում բարձրացնել Արցախից տեղահանված հայերի վերադարձի, հայկական մշակութային ժառանգության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերը։
Նախաձեռնության անդամ, քաղաքագետ Ալվարդ Զաքարյանը ակցիայի ընթացքում հայտնել է, որ Հայաստանում հավատարմագրված դեսպաններին նամակներ են ուղարկել և փորձում են դրանք փոխանցել նաև անձամբ։
Դիմումով նախաձեռնությունը կոչ է անում դիվանագիտական ներկայացուցչություններին աջակցել տեղահանված հայերի անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադարձին։ Նամակում հղում է արվում Արդարադատության միջազգային դատարանի 2023-ի նոյեմբերի 17-ի որոշմանը։
Դատարանն այդ որոշմամբ Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո Արցախը լքած և վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ, անխոչընդոտ ու արագ վերադարձը։ Խոսքը պարտադիր կատարման ենթակա ժամանակավոր միջոցի մասին է, ոչ թե գործով վերջնական վճռի։
«Միջազգային հանրության կենսաբազմազանության պահպանության հանձնառությունը պետք է արտահայտվի նաև համայնքների իրավունքների պաշտպանելու պատրաստակամությամբ, որոնք բռնի կերպով զրկվել են իրենց պատմական հայրենիքում ապրելու հնարավորությունից»,- դեսպանատներին ուղղված նամակից ընթերցել է Զաքարյանը։
Նախաձեռնությունը պահանջում է աջակցել Արցախի հայկական եկեղեցիների, վանքերի, գերեզմանատների և պատմական հուշարձանների պաշտպանությանը, ինչպես նաև ապահովել դրանց վիճակի անկախ միջազգային գնահատումը։
Դիմումում առաջարկվում է միջազգային մշտադիտարկում իրականացնել Արցախի անտառների, ջրային ռեսուրսների և էկոհամակարգերի վիճակը պարզելու համար։ Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են անկախ քննություն անցկացնել ռազմական գործողությունների հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասների, այդ թվում՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող կամ այլ հրկիզող զինամթերքի հնարավոր կիրառման վերաբերյալ մեղադրանքների շուրջ։
Զաքարյանի խոսքով՝ հոկտեմբերի 15-ին նախաձեռնությունն արդեն նամակ է փոխանցել Շվեյցարիայի դեսպանատանը, սակայն պատասխան դեռ չի ստացել։
Քաղաքագետը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ պնդելով, որ նրանք միջազգային հարթակներում չեն բարձրացնում արցախցիների վերադարձի հարցը։
COP17-ը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովն է։ Այն անցկացվում է Երևանում՝ հոկտեմբերի 19-30-ը։
Համաժողովի գլխավոր խնդիրներից է գնահատել 2022-ին ընդունված Կունմին-Մոնրեալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացը։ Այդ փաստաթուղթը նախատեսում է մինչև 2030-ը պահպանության տակ վերցնել մոլորակի ցամաքային և ծովային տարածքների առնվազն 30 տոկոսը, վերականգնել վնասված էկոհամակարգերը և ընդլայնել բնության պահպանության ֆինանսավորումը։
2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո ավելի քան 100 հազար արցախահայեր բռնի տեղահանվել են Հայաստան։
Նախաձեռնությունը պահանջում է նաև, որ տեղահանված հայերն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները մասնակցեն իրենց նախկին բնակավայրերի բնական ռեսուրսներին, մշակութային ժառանգությանը և բնապահպանական ապագային վերաբերող միջազգային քննարկումներին։











