Հայաստանի կառավարությունը ցանկանում է առաջին անգամ միասնական և մանրամասն ընթացակարգ սահմանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներով և որոշումներով նշանակված փոխհատուցումների վճարման համար։ Նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 22-ի նիստի օրակարգում։
Հայաստանը ՄԻԵԴ-ի վճիռներով փոխհատուցումներ է վճարում ավելի քան երկու տասնամյակ, սակայն կառավարությունը նշում է, որ այդ գործընթացը մինչ այժմ առանձին և մանրամասն կարգավորված չի եղել։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոխհատուցումների վճարման ժամանակ գործնական խնդիրներ են առաջանում։ Մասնավորապես, դիմումատուները երբեմն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում են ոչ ամբողջական կամ այնքան ուշ, որ վարչապետի աշխատակազմը չի հասցնում գումարները փոխանցել ՄԻԵԴ-ի սահմանած ժամկետներում։
Կառավարության առաջարկած նոր կարգը պետք է հստակեցնի, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ փոխհատուցում ստանալու համար, ինչպես պետք է դրանք ներկայացվեն և ինչ ժամկետներում պետք է պետական մարմինները կազմակերպեն վճարումները։
Նախագիծը մշակել է վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։
Ինչպես են վճարվելու փոխհատուցումները
Նոր կարգով փոխհատուցումների վճարումը կազմակերպելու և իրականացնելու է վարչապետի աշխատակազմը։ Վճարումը, որպես կանոն, պետք է կատարվի ՄԻԵԴ-ի վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ ներկայացնելու պայմանով։
Փոխհատուցում ստանալու համար դիմումատուն կամ նրա ներկայացուցիչը պետք է ներկայացնի դիմում, բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկանք և անձը հաստատող համապատասխան փաստաթղթեր։
Դիմումները հնարավոր կլինի ներկայացնել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով՝ e-request.am հարթակի կամ էլեկտրոնային փոստի միջոցով։
Նախագծով սահմանվում են նաև այն դեպքերը, երբ դիմումատուին ներկայացնում է այլ անձ, այդ թվում՝ փաստաբան։ Ներկայացուցչի միջոցով փոխհատուցում ստանալու համար, ի թիվս այլ փաստաթղթերի, կպահանջվի նոտարական կարգով վավերացված լիազորագիր։
Առանձին կարգավորումներ են նախատեսվում իրավաբանական անձանց, ինչպես նաև մահացած դիմումատուների իրավահաջորդների համար։ Վերջիններս պետք է ներկայացնեն ժառանգության կամ իրավահաջորդության իրավունքը հաստատող փաստաթղթեր։
Եթե ՄԻԵԴ-ը փոխհատուցման միասնական գումար է սահմանել մի քանի դիմումատուների համար՝ առանց նշելու յուրաքանչյուրին հասանելիք չափը, գումարը կհամարվի նրանց միջև հավասարաչափ բաշխված։
Օտար արժույթով սահմանված փոխհատուցումները կվճարվեն դրամով՝ վճարման օրվա փոխարժեքով, եթե ՄԻԵԴ-ի վճռով կամ որոշմամբ այլ բան նախատեսված չէ։
Նախագիծը կարգավորում է նաև այն իրավիճակները, երբ դիմումատուն չի համաձայնում պետության առաջարկած փոխհատուցման ձևին կամ չափին, իսկ դատարանը այդ հարցը թողել է կողմերի համաձայնությանը։ Որոշ պայմաններով նախատեսվում է գումարը փոխանցել նոտարի դեպոզիտ հաշվին։
Վարչապետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները պետք է ստուգեն ներկայացված փաստաթղթերը, կազմակերպեն վճարումը և դրա մասին տեղեկություններ ներկայացնեն Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին, որը վերահսկում է ՄԻԵԴ-ի վճիռների կատարումը։
Կառավարության գնահատմամբ՝ նոր կարգի ընդունումը լրացուցիչ բյուջետային միջոցներ չի պահանջի։
Փաստաբանների պալատի առարկությունները
Նախագծի վերաբերյալ առարկություններ է ներկայացրել Հայաստանի փաստաբանների պալատը։ Հունիսի 29-ի կարծիքում Պալատը մտահոգություն է հայտնել, որ առաջարկվող որոշ պահանջներ կարող են բարդացնել փոխհատուցում ստանալու գործընթացը։
Առարկություններից մեկը վերաբերում է վճարման գործընթացը նախաձեռնելու պատասխանատվությանը։
Փաստաբանների պալատի դիրքորոշմամբ՝ ՄԻԵԴ-ի վճռով փոխհատուցում վճարելը Հայաստանի միջազգային պարտավորությունն է, հետևաբար պետությունը պետք է ակտիվ քայլեր ձեռնարկի շահառուներին գտնելու, նրանց հետ կապ հաստատելու և վճարումը ժամանակին կազմակերպելու համար։
Կառավարությունը չի ընդունել այս առարկությունը՝ նշելով, որ դիմումատուները նույնպես տեղեկացված են վճիռների մասին և շահագրգռված են փոխհատուցում ստանալու հարցում։
Մյուս վիճահարույց պահանջը փաստաթղթերի ներկայացման ժամկետն է։
Նախագծով նախատեսվում է, որ դիմումատուն պետք է անհրաժեշտ փաստաթղթերը վարչապետի աշխատակազմ ներկայացնի փոխհատուցման վճարման վերջնաժամկետից առնվազն 20 օրացուցային օր առաջ։ Հակառակ դեպքում վճարումը կարող է կատարվել փաստաթղթերը պատշաճ ներկայացնելուց հետո՝ 20 օրվա ընթացքում։
Փաստաբանների պալատը մտահոգություն է հայտնել, որ այս պահանջը կարող է հանգեցնել ՄԻԵԴ-ի սահմանած ժամկետների խախտման։ Կառավարությունը հակադարձել է, որ պետական մարմիններին անհրաժեշտ է ժամանակ՝ փաստաթղթերը ստուգելու և վճարումները կազմակերպելու համար։
Պալատը վիճարկել է նաև ներկայացուցիչներից նոտարական կարգով վավերացված լիազորագիր պահանջելու անհրաժեշտությունը։
Փաստաբանների կարծիքով՝ եթե անձն արդեն ներկայացրել է դիմումատուի շահերը ՄԻԵԴ-ում, լրացուցիչ լիազորագրի պահանջը կարող է անհարկի վարչարարություն ստեղծել։ Խնդիրը հատկապես զգայուն է արտերկրում բնակվող դիմումատուների համար։
Կառավարությունն այս առաջարկությունը նույնպես չի ընդունել՝ փաստարկելով, որ ՄԻԵԴ-ում ներկայացուցչությունը և փոխհատուցման գումար ստանալու լիազորությունը նույնը չեն։
Առարկություններ են ներկայացվել նաև անձը հաստատող փաստաթղթերի և նույնականացման տվյալների պահանջների վերաբերյալ։ Պալատը մտահոգություն է հայտնել, որ դրանք կարող են խնդիրներ ստեղծել Հայաստանի քաղաքացիություն չունեցող շահառուների համար։
Նախագծի հեղինակները նշել են, որ նախատեսված են անձի նույնականացման այլընտրանքային հնարավորություններ, իսկ փաստաթղթերի պահանջները անհրաժեշտ են վճարումների օրինականությունն ապահովելու համար։
Փաստաբանների պալատը հարցեր է բարձրացրել նաև դրամով վճարումների, ուշացումների դեպքում տոկոսների հաշվարկման և փոխհատուցման շուրջ տարաձայնությունների լուծման վերաբերյալ։ Այդ առարկությունները ևս չեն ընդունվել։
Նախագծի վերաբերյալ դիտարկումներ է ներկայացրել նաև Մարդու իրավունքների պաշտպանը։ Դրանց մի մասն ընդունվել կամ մասնակիորեն ընդունվել է, իսկ մյուսները՝ մերժվել։
Հայաստանը և ՄԻԵԴ-ի վճիռները
Հայաստանի նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ուժի մեջ է մտել 2002 թվականի ապրիլի 26-ին։ Այդ ժամանակից ի վեր ՄԻԵԴ-ը քննել է Հայաստանի դեմ ներկայացված բազմաթիվ դիմումներ, որոնք վերաբերել են արդար դատաքննության, անձի ազատության, սեփականության, հավաքների ազատության և այլ իրավունքների խախտումներին։
Ըստ ՄԻԵԴ-ի պաշտոնական վիճակագրության՝ 2025 թվականին դատարանը Հայաստանի վերաբերյալ կայացրել է 23 վճիռ, որոնցից 22-ով արձանագրվել է Եվրոպական կոնվենցիայի առնվազն մեկ խախտում։ Այդ վճիռները վերաբերել են 33 դիմումի։
ՄԻԵԴ-ի վճիռներով պետությունը կարող է պարտավորվել վճարել գույքային կամ ոչ գույքային վնասի փոխհատուցում, ինչպես նաև հատուցել դիմումատուի դատական ծախսերը։ Դատարանի սահմանած ժամկետում չվճարելու դեպքում կարող են հաշվարկվել նաև ուշացման տոկոսներ։
Փոխհատուցումների վճարումը ՄԻԵԴ-ի վճիռների կատարման միայն մեկ բաղադրիչն է։ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վերահսկողության ներքո պետությունները պարտավոր են անհրաժեշտության դեպքում իրականացնել նաև այլ միջոցառումներ՝ խախտումների հետևանքները վերացնելու և դրանց կրկնությունը կանխելու համար։
Ըստ Եվրոպայի խորհրդի տվյալների՝ Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճռի կատարման առաջին գործը նախարարների կոմիտեի վերահսկողության տակ է անցել 2007-ին։
Եվրոպայի խորհրդի՝ ՄԻԵԴ-ի վճիռների կատարման վերաբերյալ 2025-ի տարեկան զեկույցի համաձայն՝ տարեվերջին Հայաստանի վերաբերյալ կատարման փուլում էր գտնվում 75 գործ՝ նախորդ տարվա 71-ի դիմաց։ Սակայն այդ թիվը չի նշանակում, որ բոլոր այդ գործերով փոխհատուցումները վճարված չեն. վերահսկողությունը կարող է շարունակվել նաև այլ միջոցառումների կատարման պատճառով։
Կառավարության նոր նախագիծը չի փոխում ՄԻԵԴ-ի նշանակած փոխհատուցումների չափերը կամ Հայաստանի միջազգային պարտավորությունները։ Նախաձեռնության նպատակն է միասնական ընթացակարգ սահմանել այդ պարտավորություններից մեկի՝ ֆինանսական փոխհատուցումների վճարման համար։
Նախագծի ընդունման դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։












