Գլխավոր Լրահոս

Կարծում եմ՝ խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրենք 2027-2028-ին․ վարչապետ

Կարծում եմ՝ խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրենք 2027-2028-ին․ վարչապետ

«Եթե անհրաժեշտ է ավելի կոնկրետացնել ժամկետները, կարծում եմ՝ մենք խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրենք 2027-2028-ին։ Այս տարի դժվար թե հասցնենք»,- հոկտեմբերի 22-ին կառավարությունում ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներին։

Փաշինյանը պարզաբանել է, որ նախկինում իր նշած 2031 թվականը վերաբերում էր գործող խորհրդարանի և կառավարության հնգամյա գործունեության ժամկետի ավարտին, ոչ թե համաձայնագրի ստորագրման նախատեսվող տարեթվին։

«2031-ի հարցը ծագել է այն տրամաբանությամբ, որ 2026-ին ընտրություններ են եղել, իսկ գործող խորհրդարանի մանդատը հնգամյա է։ Կառավարությունը նույնպես գործելու է 2026-2031-ին։ Ես այդ տրամաբանությամբ եմ ասել»,- պարզաբանել է Փաշինյանը։

Հարցին, թե որոնք են խաղաղության համաձայնագրի ստորագրման հաջորդ քայլերը և ինչ է անհրաժեշտ գործընթացը հաջողությամբ ավարտելու համար, վարչապետը պատասխանել է, որ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը Ադրբեջանի հետ։

«Պետք է Ադրբեջանի հետ աշխատենք, պետք է շարունակաբար աշխատենք»,- ասել է Փաշինյանը։

Միաժամանակ վարչապետը կարևորել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացումը՝ ընդգծելով, որ այն չպետք է հետաձգվի մինչև խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

«Իհարկե, հիմա առաջին կարևոր հարցը TRIPP նախագծի իրագործումն է։ Սա էլ է կարևոր»,- նշել է նա։

Փաշինյանն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքների շարունակումը չի նշանակում TRIPP-ի իրականացումը հետաձգել մինչև այդ գործընթացի ավարտը։

«Հանկարծ հիմա էլ չմեկնաբանվի, թե ես ասում եմ՝ պետք է կենտրոնանանք խաղաղության համաձայնագրի վրա, ուրեմն TRIPP նախագիծը պետք է սպասի դրանից հետո։ Ոչ մեկը մյուսի հետ կապ չունի»,- հայտարարել է վարչապետը։

Նրա խոսքով՝ TRIPP-ի իրականացման գործնական աշխատանքներն արդեն սկսվում են։ Փոխվարչապետը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահը տեղում ուսումնասիրել են նախագծին առնչվող հարցերը, և այժմ պետք է մեկնարկեն նախագծման աշխատանքները, որոնց կհաջորդի շինարարությունը։

Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ մինչև շինարարության փուլին հասնելը TRIPP-ի զարգացման ընկերությունն արդեն հիմնադրված կլինի։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանը հոկտեմբերի 22-ից սկսում է TRIPP նախագծով նախատեսված երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքները՝ չսպասելով հայ-ամերիկյան համատեղ զարգացման ընկերության հիմնադրմանը։

Հոկտեմբերի 15-ին կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ իր առաջիկա կարևորագույն խնդիրն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է մինչև 2031-ը։

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստը նախաստորագրել են 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ կայացած հանդիպման ընթացքում։ Սակայն համաձայնագիրը դեռ չի ստորագրվել և վավերացվել։

Հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել համաձայնագրի վավերացման նախագծին։ Այն նախատեսվում է քննարկել հաջորդ շաբաթ մեկնարկող խորհրդարանի հերթական լիագումար նիստում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում