Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու կամ ճանապարհի երկրորդ շարքում մեքենա կանգնեցնելու համար նախատեսվում է 20 հազար դրամ տուգանք և մեկ տուգանային միավոր։ Համապատասխան օրենսդրական փաթեթին կառավարությունը հավանություն է տվել հոկտեմբերի 22-ի նիստում՝ որոշելով այն անհետաձգելի կարգով ներկայացնել Ազգային ժողով։
Ներքին գործերի նախարարության մշակած նախագծով առաջարկվում է 20 հազար դրամ տուգանք և մեկ տուգանային միավոր սահմանել նաև «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի կամ կանգառն արգելող գծանշումների պահանջները խախտելու համար։
«Մուտքն արգելվում է», «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» և «Երթևեկության ուղղություն բեռնատար ավտոմոբիլների համար» նշանների պահանջները չկատարելու դեպքում նախատեսվում է 20 հազար դրամ տուգանք և երկու տուգանային միավոր։
Առաջարկվում է խստացնել նաև հանրային տրանսպորտի կանգառներում կանգառ կատարելու կամ կայանելու, ինչպես նաև երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանելու համար պատասխանատվությունը։ Այդ խախտումների դեպքում տուգանքը 5 հազար դրամից կբարձրացվի մինչև 20 հազար դրամ՝ մեկ տուգանային միավորի կիրառմամբ։
Եթե կանգառի կամ կայանման կանոնների խախտման հետևանքով մեքենան տարհանվել է հատուկ պահպանվող տարածք, նախատեսվում է տուգանքը 20 հազար դրամից բարձրացնել մինչև 29 հազար դրամ, իսկ տուգանային միավորը՝ 0,5-ից մեկի։
Փոփոխություններով ոստիկանությունը նաև հնարավորություն կստանա տեխնիկական միջոցներով՝ թքի նմուշի միջոցով, ստուգելու վարորդների՝ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ գտնվելու փաստը։
Ներկայում նման կասկածի դեպքում վարորդի սթափությունը ստուգվում է բժշկական կազմակերպություններում՝ արյան կամ մեզի հետազոտությամբ։ ՆԳՆ-ի հիմնավորմամբ՝ գործող ընթացակարգը երկար ժամանակ է պահանջում, ինչը դժվարացնում է իրավախախտումների արագ հայտնաբերումն ու կանխարգելումը։
Նախագծով առաջարկվում է նաև փոփոխել անհատական շարժունակության միջոցների, այդ թվում՝ էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները։ Դրանցով երթևեկելու ընդհանուր տարիքային շեմը նախատեսվում է 18-ից իջեցնել 16 տարեկանի։ Հեծանվային արահետներում, ինչպես նաև օրենքով նախատեսված պայմաններով մայթերին ու հետիոտնային արահետներում առավելագույն արագությունը կսահմանափակվի մինչև 10 կմ/ժ։
ՆԳՆ-ն փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորում է ճանապարհային խախտումների և երեխաների մասնակցությամբ պատահարների վիճակագրությամբ։
Նախարարության տվյալներով՝ 2025-ին Հայաստանում մինչև 12 տարեկան երեխաների մասնակցությամբ արձանագրվել է 404 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 11 երեխա զոհվել է, 487-ը՝ վիրավորվել։
Նույն տարում հայտնաբերվել է երեխաների փոխադրման կանոնների 11 198 խախտում՝ 105 տոկոսով ավելի, քան 2024-ին։
2026-ի առաջին ինն ամիսներին արձանագրվել է կանգառի և կայանման կանոնների 272,056 խախտում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15,6 տոկոսով ավելի։ ՆԳՆ-ի տվյալներով՝ այդ խախտումների գերակշիռ մասը վերաբերում է երթևեկելի մասի երկրորդ կամ ավելի շարքում կանգառ կատարելուն։
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է նաև վերացնել թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի առանձին տարեկան ծրագիրը պետական բյուջեի նախագծի կազմում Ազգային ժողով ներկայացնելու պարտադիր պահանջը։ Նախարարությունը դա հիմնավորում է հանցավորության դեմ պայքարի միասնական պետական քաղաքականությամբ։
Կառավարությունը հոկտեմբերի 22-ի նիստում հավանություն է տվել չորս օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթին և այն անհետաձգելի համարել։
Փոփոխությունները դեռ ուժի մեջ չեն մտել։ Դրանք պետք է ընդունվեն Ազգային ժողովի կողմից։ Օրենքների նախագծերով նախատեսվում է դրանց ուժի մեջ մտնելը պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։












